Ազգային կինոկենտրոնը սկսել է թվայնացնել «Պեպո» ֆիլմը և հայտնաբերել է, որ ՌԴ արխիվում պահպանվում են ֆիլմի 12 մասերը
Արդեն երկու ամիս է՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը լեհական «Ֆիքսաֆիլմ» ընկերության հետ, որի պրոդյուսերը Դենիել Բըրդն է, իրականացնում է Համո Բեկնազարյանի «Պեպո» ֆիլմի թվայնացման աշխատանքները։
Կինոկենտրոնը հարցումներ էր ուղարկել տարբեր երկրների գործընկերներին, հասկանալու համար, թե նրանց արխիվներում արդյո՞ք պահվում է ֆիլմի ժապավեններից։
«Պարզել ենք, որ Ռուսաստանի «Գոսֆիլմ» ընկերության արխիվում պահպանվում է 1935 թվականին նկարահանված «Պեպո» ֆիլմը, նաև նամակում նշել են, որ պահպանվում են ֆիլմի 12 մասերը, որը մեզ համար բացահայտում էր։ Այսինքն՝ ֆիլմը հետագայում վերամոնտաժվել է, վերաձայնագրվել է և դարձել 9 մաս։ Դիմեցինք «Գոսֆիլմի» ֆոնդ, որպեսզի կարողանանք ձեռք բերել «Պեպոյի» 12 մասերը, սակայն բախվեցինք խնդրի, քանի որ մեզանից դրա համար մեծ գումարներ պահանջեցին։
Ֆոնդից այս կամ այն ժապավենն այլ երկրի տրամադրելու համար, իրենց մոտ պայմանն այդպիսին է՝ պետք է վճարել։ Սա մեծ գործընթաց է, որի համար քայլեր եմ ձեռնարկում, դիմել ենք տարբեր ատյանների, պատրաստվում եմ դիմել նաև մշակույթի գծով փոխնախարարին, որպեսզի կարողանանք Կառավարության մակարդակով այդ հարցը լուծել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։
Ըստ նրա, «Պեպո» ֆիլմի ժապավեն կա նաև Ֆրանսիայում՝ Թուլուզում, նաև՝ Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի արխիվում։ «Պեպոյի» փնտրտուքների արդյունքում Կինոկենտրոնը հայտնաբերել է, որ տարբեր երկրների ֆոնդերում պահպանվում են հայկական դասական տարբեր ֆիլմերի ժապավեններ։
«Պեպո» ֆիլմի ժապավենի հետ կապված հետազոտությունից հետո եկել ենք այն եզրակացության, որ այն ֆիլմը, որը մենք նայել ենք, «Գոսֆիլմում» պահպանվող «Պեպոյից» շատ է տարբերվում։ Չնայած այս մասին դեռ վաղ է խոսել, քանի որ ժապավենը մասնագետների հետ պետք է քննարկենք, համեմատենք, բայց որ սա բացահայտում էր՝ փաստ է։
Ֆիլմերն այս կամ այն երկրում են հայտնվել, քանի որ ժամանակին տարել են ցուցադրելու և ժապավեններն այդպես էլ հետ չեն բերել։ Դրանք այսօր մարդիկ բարեխղճորեն պահպանում են։ «Պեպոն» մեր առաջին հնչյունային ֆիլմն է, պարտավոր ենք այն թվայնացնել ու պահպանել»,- շեշտեց Շ. Միրզախանյանը։
Շ. Միրզախանյանի խոսքով՝ պետք է այնպես անել, որ, ինչպես այսօր վերաբերվում են Մատենադարանում պահպանվող գրքերին, այնպես էլ վերաբերվեն ժապավենային ֆիլմերին, քանի որ հին ֆիլմերի ժապավեններն էլ են պահանջում խնամք, հոգատարություն։
«Մենք ունենք ֆիլմեր, որոնք մեզ համար մեծագույն գանձեր են, և այս ամենին պետական մոտեցումը պետք է շատ լուրջ լինի, որովհետև սա մեր պատմությունն է, եթե մենք չենք ուզում այն պահպանվի՝ վատ է»,- նշեց Շուշանիկ Միրզախանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ «Ֆիքսաֆիլմ» ընկերության հետ բանակցություններ են տանում, որպեսզի Հայաստանում ներդնեն ֆիլմերի ժապավենների սքանավորման լաբորատորիա, որպեսզի դրանց թվայնացման աշխատանքների մի մասը կատարվի Հայաստանում։
«Մենք ամեն անգամ ժապավեն ենք ուղարկում Լեհաստան, սա մեծ ու վտանգավոր գործընթաց է, քանի որ ամեն անգամ վախենում ենք, որ ժապավենը կվտանգվի։ Եթե այդ լաբորատորիան լինի, գոնե սքանավորված տարբերակը կուղարկենք, բացի այդ, աշխատատեղ կբացվի, և մենք մասնագետներ կունենանք»,- ընդգծեց նա։
Նշենք, որ Ազգային կինոկենտրոնը «Ֆիքսաֆիլմ» ընկերության հետ կնքել է 5-ամյա պայմանագիր, որի արդյունքում վերականգնվում են հայ դասական ֆիլմերը։ Ծրագրի շրջանակներում արդեն վերականգնվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը և Սերգեյ Փարաջանովի «Նռան» գույնը ֆիլմից դուրս մնացած կադրերի մի մասը։
Զվարթ Խաչատրյան