Բաժիններ՝

«Սա այն փոփոխությունը չէ, ինչի մասին մենք ենթադրում ու մտածում էինք». Վարդան Բոստանջյանը՝ հարկային բարեփոխումների մասին

Հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները շարունակվում են: Նախագիծն օրեր առաջ խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց 72 կողմ և 32 դեմ ձայներով, բայց մինչև երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունումը՝ առաջարկների հիման վրա փոխություններ կատարելու համար դեռ ժամանակ կա:

Նոր Հարկային օրենսգրքի ամենաքննարկված փոփոխությունը եկամտահարկի համահարթեցումն է: Եկամտային հարկի այսօրվա համակարգը գործում է հետևյալ կերպ. Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները հարկվում են 23 տոկոս, 150 հազար դրամից մինչև 2 մլն դրամ ստացողները՝ 28 տոկոս, 2 մլն դրամից ավելի ստացողները՝ 36 տոկոս: Կառավարությունն առաջարկում է բոլորին հարկել հավասար՝ 23 տոկոս, իսկ 2020 թվականից՝ արդեն 20 տոկոս՝ հիմնավորելով, որ, «թեև եկամտային հարկի համակարգն անվա­նա­կան առումով պրոգրեսիվ բնույթ ունի, իրականում հարկման համակարգը չի բնութա­գր­վում ընդգծված պրոգրեսի­վու­թյամբ, քանի որ հայտարարագրվող եկամուտների հիմ­նա­կան մասը կենտրոնացված է ցածր եկամտային խմբում»:

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նոր Հարկային օրեսգրքին դեմ են քվեարկել։

Ըստ ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանի՝ Ազգային ժողով բերված հարկային փոփոխությունների փաթեթում արմատական փոփոխություններ չկան, ու նաև՝ խմբակցությունն արդար չի համարում հարկային համահարթեցումը։

«Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել մի քանի պատճառներով, որոնցից մեկն ակցիզային հարկի բարձրացումն է։

Այս փոփոխությունների շուրջ բազմաթիվ ճակատային առաջարկություններ եղան, որոնք չընդունվեցին գործադիրի կողմից. հարկային բարեփոխումներին անդրադառնալով՝ 168.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Բոստանջյանը: Ըստ տնտեսագետի՝ այդ փոփոխություններն  ի սկզբանե եղել են չհիմնավորված.

«Սա, ըստ էության, որևէ կողմից չի ընդունվում՝ որպես խթան տնտեսության զարգացման համար. այն հենց ի սկզբանե եղել է չհիմնավորված բազմաթիվ կողմերով: Մասնավորապես՝ եկամտահարկի համահարթեցման տարբերակը չի ընդունվում՝ բացի այն մասնագետների կողմից, որոնք Ֆինանսների նախարարության կողմից առաջարկել են: Խոշոր առումով՝ պրոգրեսիվության խնդիրն էդտեղ բաց է թողնված, որը չափազանց կարևոր է այս պարագայում Հայաստանի Հանրապետության համար»:

Նա հավելեց, որ եկամտային հարկի համահարթ մոտեցման դեպքում ակնհայտորեն առաջանում են սոցիալական արդարության և եկամուտների բևեռացվածության հարցեր, և համահարթեցման վերաբերյալ փոփոխության հիմքում դրված գիտական հիմնավորումը չափազանց թույլ է, կոմպենսացիայի համար ակցիզային դրույքաչափերն են բարձրացնում և նոր ակցիզներ սահմանում.

«Սրանով, իբր որոշակի զանգվածների էժան լավություն անելու կտրվածքով, կարծեք թե ինչ-որ բան են ցույց տալիս, բայց իրականում առաջին անհրաժեշտության սննդամթերքի կտրուկ գնաճի պամաններում ավելի վատ իրավիճակ է ստեղծվում. բացի գնաճից՝ ակցիզային հարկն է բարձրանում:

Իսկ ավելի գլոբալ, համակարգային առումով սա այն փոփոխությունը չէ, ինչի մասին մենք ենթադրում ու մտածում էինք: Իհարկե, համահարթեցումը խոսակցությունների, քննադատությունների հիմնական ծանրաբեռնվածությունն իր վրա վերցրեց, բայց այնտեղ, այսպես ասած, տարբեր վայրիվերումներ գոյություն ունեն: Իմ խորին համոզմամբ՝ այս փոփոխությունները երբևէ չեն կարող խթանել տնտեսական զարգացումը»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս