Երևանի կենդանաբանական այգու տնօրենն արգելել է բազմացնել կենդանիներին. նախկին աշխատողները մանրամասնում են
Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։
Նրանք պնդում են, որ Խաչատրյանը վնաս է հասցնում այգուն, ու այս կարծիքին են ոչ միայն իրենք, այլև նրանք, ովքեր շարունակում են աշխատել՝ կարիքից դրդված:
«Մենք ցանկանում ենք, որ կենդանաբանական այգին լինի մաքուր, կազմակերպված՝ առանց անօրինությունների: Միանձնյա ու սարսափելի որոշումներ կայացնել մենք թույլ չենք տա: Մարդիկ այն ժամանակ էլ բարձրացրել են հարցեր, սակայն ազատվել են աշխատանքից: Նրանց համար ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ մեր փայլուն մասնագետները թողնեն-գնան: 8 տարիների ընթացքում 100-ից ավելի աշխատակցի են հեռացրել աշխատանքից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին աշխատակիցներից Կարեն Մարտիրոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ արգելվել է բազմացնել կենդանիների:
«Նույնիսկ Կարմիր գրքում գրանցված թունավոր օձեր կային, որ Մոսկվայից էինք բերել, ամեն ձև փորձում էր հեռացնել: Տեղեկություններ ունեմ, որ Հոլանդիայի կենդանաբանական այգում նրանց համար տեղ էին պահել: Մեր նախկին փոխտնօրենն ասում էր՝ գիտե՞ս, որ մեր օձերի համար արդեն տեղ են այնտեղ պատրաստել: Փառք Աստծո, նախքին քաղաքապետարանը թույլ չտվեց: Ամեն օձը 600 դոլարով գնել ենք: Ժամանակին, եթե թույլ տային՝ դրանք բազմանային, կուղարկեինք Մոսկվա, որովհետև այնտեղ արդեն խնդիր կա, չունեն այդ օձերից իրենց կենդանաբանական այգում: Այդ օձերը ծերացել են, հիմա չեն էլ բազմանա, բայց այն ժամանակ բոլորին առանձնացնել տվեց, արգելեց բազմացումը: Դրա համար բերել են կռտած լեմուրներ: Մենք 5000 թռչնի համար ինկուբատոր ունեինք, թռչունները վերարտադրվում էին: Դրանք քանդեց, արգելեց որևէ թռչուն բազմացնել: Ոսկեգույն փասիանը 15.000 դրամ արժե, ու մարդն ասուլիս է տալիս՝ ասելով, թե Եվրոպայից փասիաններ ենք բերել, երբ որ մենք 100-ներով վերարտադրում էինք: Սա կոչվում է արհեստական սնանկացում:
Եթե կենդանիները այգում չեն վերարտադրվում, ծերանում, սատկում են: Բոլոր բաժիններում է արգելվել կենդանի բազմացնելը: Ասում էր՝ մեզ բազմացում պետք չէ: Ո՞վ է թույլ տվել, որ ունենանք աղքատ կենդանաբանական այգի: Մենք հիմա անգամ մասնագետներ չունենք: 20-ամյա երեխան որ գա աշխատելու, նրան փորձ է պետք, մասնագետ չկա, ընդամենը հավաքարարներ են: Եթե հակառակն ասեն՝ կանչելու եմ բոլորին ու 5 մանկական հարց տամ, տեսնեմ՝ կպատասխանե՞ն: Հիմա միայն կեղտ հավաքողներ են, փորձառու մասնագետներ չկան: Բոլոր փորձառուներին հեռացրեց, որ մնա ստրկամիտ աշխատակիցների հետ, ասի՝ մածունը սև է, ու նրանք ասեն՝ այո»,- մանրամասնեց Կարեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ կենդանաբանական այգում աղքատիկ վիճակ է:
«Տնական բադեր է բերում-գցում: Ես ազգաբնակչությանն եմ ասում՝ գումար եք վճարում, չէ՞: Եվրոպացին պետք է որոշի՞՝ մենք ընձուղտ պահենք, թե չէ: Ինչո՞ւ օտարը»:
«Երևանի կենդանաբանական այգին այսօր եվրոպական այգիների համար վերածվել է ինչ-որ կարասի, որտեղից կարող են վերցնել թանկ կենդանիներ ու դրա դիմաց տալ անպետք կենդանիներ: Ու, բնականաբար, այդ օգտվողները կփորձեն պահել ներկայիս հարաբերությունները: Եթե նկատել եք՝ Հայաստանից ոչ մի մասնագետ այսօր Ռուբեն Խաչատրյանի կողքին կանգնած չէ: Ամիսը 4 անգամ ինչ-որ եվրոպացիներ են գալիս ու սկսում են գովաբանել: Ինչ-որ մեկի մոտ հարց չի ծագո՞ւմ, թե ինչո՞ւ է այդպես: Մոսկվայի կենդանաբանական այգում չկա բեզորայան այծ ու ձգտում են ունենալ, հետապնդում են իրենց շահերը ու իրենց չի հետաքրքրում մեր երկրի վիճակը: Նոյեմբերից քննվում է զեբրի առեղծվածային դեպքը: Նա ընկել է, որից հետո տեղափոխել են փակ տարածք, և 3 օր անց սատկում է: Հետո հայտարարում են, թե մեծ քանակությամբ թույն է հայտնաբերվել, ու դա Ռ.Խաչատրյանի դեմ որպես սաբոտաժ է արվել: Մենք շահագրգռված ենք, որ ամեն ինչ բացահայտվի: Ի դեպ, ռենտգեն է արվել, ու երևում է, որ կենդանին ունեցել է վզի կոտրվածք, ինչ պատճառով ունեցել է վերջույթների թուլացում, հետո երևի թունավորել են»,- հավելեց Անուշ Ռաֆայելյանը:
Կենդանաբանական այգու աշխատակիցները կառավարությանը հորդորեցին ստուգումներ կատարել հասարակական կազմակերպություններում, որոնք զբաղվում են կենդանիների պաշտպանությամբ, ֆինանսավորվում տարբեր կառույցներից:
Նրանց համար տարօրինակ է, որ կենդանասերները չեն արձագանքում այգում կատարվածին:
«Երեք մորուքավոր անգղերն ինչպե՞ս են հայտնվել պարոն Խաչատրյանի հիմնադրամում: Այսքան աղմուկից հետո արձագանք չկա, ու մենք հասկանում ենք, որ մեր նոր Հայաստանում կա հովանավորչություն»,- նշեց Կարեն Մարտիրոսյանը:
Անի Կարապետյան