«Անցել են այն ժամանակները, երբ գազի գների հաշվին քաղաքական արտոնություններ են լինում գործընկեր երկրների կողմից»

«168 Ժամի» զրուցակիցն է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մարտինովը

– Պարոն Մարտինով, օրերս Սանկտ Պետերբուրգում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ առևտրատնտեսական փոխգործակցությանը, ռազմատեխնիկական համագործակցությանը, գազի գներին, ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր։ Թեև ղեկավարների մակարդակով հանդիպումները հաճախակի բնույթ են կրում, ինտրիգները, անախորժ միջադեպերը հայ-ռուսական հարաբերությունների շուրջ չեն դադարում։ Ներկայումս ինչպե՞ս եք գնահատում այն համագործակցությունը, որը ձևավորվել է իշխանությունների միջև ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։

– Հակված չեմ քննարկել խոսակցությունները։ Պետք է խոսել իրական արդյունքներից։ Եթե խոսենք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրական մակարդակից, ապա դրանք պահպանվում են նախկին բավականին բարձր մակարդակի վրա։ Ամեն դեպքում, ինչ էլ կատարվի Հայաստանի Հանրապետության ներքին կյանքում, Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում իր սերտ գործընկերների ներքին գործերին։ Այս իմաստով, մեր՝ Ռուսաստանի Դաշնության համար ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք մեր գործընկերությունն այնպես, ինչպես նախկինում ենք դա արել։ Այլ հարց է, որ ՌԴ առանձին քաղաքական գործիչներ կարող են ունենալ իրենց սեփական կարծիքն ու վերաբերմունքը ՀՀ-ում իշխանության իրականացման ձևի վերաբերյալ։ Իհարկե, մենք չենք ողջունում հեղափոխական ձևը, մենք սահմանադրական նորմերի պահպանման կողմնակից ենք, թեև այդ գաղափարն ունի իր առանձնահատկությունները։ Ուզում եմ նշել նաև, որ մենք հարգում ենք եղբայրական հայ ժողովրդի կարծիքն ու ընտրությունը։ Ուստի խոսակցությունները կմնան խոսակցություն, իսկ համագործակցությունը պետական մակարդակում, անկախ ամեն ինչից, շարունակվում է, և ամեն բան նորմալ է։

– ՀՀ վարչապետն ասաց, որ գազի գների հարցը քննարկվել է ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում։ Գիտեք, որ հայ-ռուսական գազային բանակցությունները երկարաձգվեցին, ներկայումս ավարտական փուլում են, ՀՀ իշխանությունների նպատակն է, որպեսզի գազի գինը սպառողի համար չբարձրանա։ Ըստ Ձեզ՝ այս հարցում ինչպիսի՞ կոնսենսուս է հնարավոր կողմերի միջև, հատկապես, երբ հայտնի է, որ կա նաև զեղչերի համակարգ, և Հայաստանը լինելով ռազմավարական դաշնակից՝ կարող է հավակնել զեղչերի։ Ավելին, եթե, ինչպես պնդում եք, խնդիրներ չկան, կարելի է ենթադրել, որ հնարավոր է կոնսենսուս այս հարցում։

– Գազի գների շուրջ բանակցությունը հայ-ռուսական օրակարգի ավանդական թեմաներից մեկն է։ Հասկանալի է, որ այն կողմը, որը գնում է, ցանկանում է, որ էժան լինի, իսկ ով վաճառում է, ցանկանում է լավ գնով վաճառել։ Սա շուկայական հարաբերությունների օրենքն է։ Միակ բանը, որ ցանկանում եմ ասել, այն է, որ այն ժամանակները, երբ գազի գների հաշվին լինում էին այս կամ այն քաղաքական արտոնությունները գործընկեր երկրների կողմից, վաղուց անցել են։

– Այսինքն՝ հարաբերությունների գործընկերային բնույթը որևէ դերակատարություն չունի՞։

– Գործընկերային հարաբերությունները մշտապես հաշվի են առնվել։ Առաջարկվող բոլոր գների դեպքում էլ հաշվի են առնվում։ Պարզապես ներկայումս կան պատրանքներ, այդ թվում՝ Փաշինյանի մոտ, որ նա կարող է իր նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով մեր լավ հարաբերությունները, գազի գնի զեղչ խնդրել։ Ես ուզում եմ ասել, որ այդ ժամանակներն անցել են։ Նման կերպով է իրեն դրսևորում ժամանակ առ ժամանակ Բելառուսը, նեղանում է, որ մտերմագույն գործընկեր երկրներ են Ռուսաստանն ու Բելառուսը, բայց հանկարծ գազն անվճար չէ կամ ներքին գներով չէ, ինչպես 20 տարի առաջ։

Այսօր դա հնարավոր չէ, քանի որ խոսքը, ի վերջո, շուկայական հարաբերությունների մասին է, և ինտեգրացիայի մակարդակը, համագործակցության մակարդակն արդեն հաշվի է առնված գնագոյացման և գների ձևավորման հարցում։ Այն գները, որոնք առաջարկվում են, բարձր չեն։ Ուստի դա առևտրի և նեղանալու առիթ չէ։ Սա մի հանգամանք է, որը կարող է ծառայել սեփական տնտեսության և սեփական ծրագրերի հստակ հաշվարկին։ Փորձը՝ կառուցել սեփական տնտեսական կարճաժամկետ հեռանկարն այն հույսով, թե՝ կտա՞ն քեզ էժան գազ, թե՞ ոչ, կկարողանա՞ս այդ էժան գինը հեշտորեն իրացնել սեփական շուկայում՝ գրպաններ լցնելով, լուծելով հարցը՝ ի շահ մի շարք բիզնեսմենների, ոչ թե «երեկ էր» քաղաքականության մեջ, այլ «երեկ չէ առաջին օր»:

– Այսինքն՝ քաղաքական բաղադրիչ չկա գազային բանակցություններում։

– Այս հարցում չկա քաղաքական բաղադրիչ։ Ավելին, հայկական շուկայում կա այլընտրանքային մատակարարող՝ իրանական կողմը։

– Իրանական գազի մատակարարման ծավալները դեռ բավարար չեն, այս հարցում դեռ շարունակվում են երկկողմ և բազմակողմ ձևաչափով քննարկումները։

– Այնուամենայնիվ, այլընտրանք կա, խնդիր չկա Ռուսաստանի համար։ Եթե Հայաստանին չի գոհացնի ռուսական գազի գինը, կարող է գնել իրանականը։

Տեսանյութեր

Լրահոս