Բաժիններ՝

ԵՄ-ի «նոր» երկրները հանդես են եկել հանրակցության ընդլայնումն արագացնելու նախաձեռնությամբ. EURACTIV

ԵՄ-ի տասներեք «նոր» երկրները հանդես են եկել Եվրամիության ընդլայնման գործընթացն արագացնելու նախաձեռնությամբ՝ ակտիվացնելով Արեւմտյան Բալկանների պետությունների ընդունումը՝ տարածաշրջանում ազգային եւ կրոնական հակասությունների նոր շրջափուլ թույլ չտալու նպատակով:

Ինչպես հունիսի 11-ին հայտնել է Բրյուսելի EURACTIV նորությունների պորտալը, Արեւելյան Եվրոպայի 10 պետություններ՝ գումարած Ավստրիան, Իտալիան եւ Մալթան, պատրաստել են դիմում Եվրամիության խորհրդին՝ Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ անդամակցության շուրջը բանակցություններն հնարավորինս արագ գործարկելու կոչով:

Եվրահանձնաժողովը մայիսին արդեն հանձնարարել է բանակցություններ սկսել այդ երկրների հետ. սակայն այժմ այդ որոշումը պետք է հաստատեն կամ հետաձգեն հանրակցության բոլոր երկրները ԵՄ-ի խորհրդում, որտեղ դրանց գործարկումն արգելափակում են Եվրամիության մի շարք երկրներ, մասնավորապես, Ֆրանսիան եւ Նիդեռլանդները:

«Այս դիմումը կդառնա ճնշման ձեւ Եվրամիության «հին» երկրների վրա՝ հաստատելու, որ երկընտրանքը՝ ԵՄ-ի ընդլայնումը կամ ինտեգրացման խորացումը հանրակցության ներսում, սխալ է, եւ երկու գործընթացները պետք է ընթանան զուգահեռաբար,- մեջբերում է EURACTIV-ն փաստաթղթի հեղինակներից մեկի խոսքը: Հակառակ դեպքում մեր առջեւ վերստին կծառանա Արեւմտյան Բալկանների հարցը, բայց երկու կողմերի համար էլ շատ ավելի հիվանդագին եւ խնդրահարույց ձեւով»:

Սպասվում է, որ այդ նամակը հունիսի 12-ին կներկայացվի Եվրամիության Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստում: Եթե դա այդ հանդիպանն ստանա ԵՄ-ի երկրների դեսպանների հավանությունը, հանրակցության ընդլայնման մասին հանրագիրն այնուհետեւ կքննարկվի նախարարական մակարդակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս