«Կարծում եմ, որ առաջին էմոցիոնալ պոռթկումը կանցնի, իսկ իրական, օբյեկտիվ վերաբերմունքը կմնա». ՌԴ դեսպանը՝ Զախարովայի գրառման մասին

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան օրերս իր ֆեյսբուքյան էջում առանց մեկնաբանության մեջբերել էր Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոսքերը: Նա մասնավորապես գրել էր. «Փաշինյանը պետերբուրգյան համաժողովում. «Երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»»:

Նրա այս գրառումը միանշանակ չէր ընկալվել սոցցանցի օգտատերերի կողմից։ Որոշ օգտատերեր նրան մեղադրել էին հեգնական տոնի և ոչ դիվանագիտական պահվածքի մեջ:

Ժամեր անց Զախարովան թարմացրել է իր գրառումը, ներկայացրել Փաշինյանի ելույթի ամբողջական հատվածն ու գրել. «Բովանդակալից, դրական և զիլ։ Ինձ շատ դուր եկավ: Իսկ սադրիչներին մի՛ լսեք»:

Վերոգրյալին անդրադառնալով՝ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց.

«Ըստ իս՝ ինքը հստակեցրեց՝ դրանք մեկնաբանվել էին՝ իբրև ծաղր, ստիպված եղավ շարունակելու ողջ մեջբերումը։ Խոսքը նրա մասին էր, որ ամեն ինչ պետք է լուծվի՝ հիմնվելով մեկը մյուսի հետաքրքրությունների հանդեպ փոխադարձ հարգանքի վրա՝ գտնելով բոլորի կողմից ընդունելի որոշում։ Իմ կարծիքով՝ նա դրան տվել էր միանշանակ գնահատական՝ բերելով այն որպես մոտեցման օրինակ, որը պիտի լինի։

Կարծում եմ, որ առաջին էմոցիոնալ պոռթկումը կանցնի, իսկ իրական, օբյեկտիվ վերաբերմունքը Մարիա Զախարովայի գրառման հանդեպ՝ կմնա»։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս