Շրջանավարտներն ավելի ինքնավստահ են դարձել. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում ներկա է գտնվել «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ֆիզիկայի միասնական քննության համար հայտագրված 1460 դիմորդներից 174-ը քննություն էին հանձնում այս դպրոցում:

Նախարարը հետևել է քննության կազմակերպչական աշխատանքներին, հաջողություն է մաղթել դիմորդներին, ինչպես նաև զրուցել դիմորդների ծնողների հետ:

Լրագրողների հետ զրույցում  նախարարը նշել է, որ քննական գործընթացը հանգիստ է ընթանում.

«Նախկին տարիներին, օրինակ, երբ ես էի դիմորդ, լարվածությունն ավելի մեծ էր, իսկ հիմա շրջանավարտներն ավելի հանգիստ են, ավելի ինքնավստահ, ինձ պատմեցին, որ լավ պատրաստված են: Մեծ մասը պոլիտեխնիկական համալսարանի դիմորդներ են և ուրախալի է, որ տեխնիկական մասնագիտություն նախընտրող շրջանավարտների մեջ տարեցտարի ավելանում է աղջիկների թիվը: Հայաստանն այդ առումով աշխարհում առաջատար դիրքեր է գրավում: ՏՏ ոլորտում ավելի քան 30% իգական սեռի աշխատողներ ունենք, այն դեպքում, երբ աշխարհում կանանց ներգրավվածության միջին  ցուցանիշն այդ ոլորտում 10-12% է»,- նշել է նախարարը:

«Ֆիզիկա» առարկայի քննության տևողությունը 3 ժամ է,  ավարտից մեկ ժամ անց քննական թեստերի  պատասխանները կհրապարակվեն Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կայքում, իսկ գնահատականները քննական կենտրոններում կհրապարակվեն 5 օր հետո:

Անդրադառնալով 9-րդ  դասարանցիների  «Հայոց լեզվի» միասնական քննությանը` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ  միջին գնահատականը մոտ է նախորդ տարվա միջին գնահատականին, տարբերություններն ընդգծված են անբավարար և գերազանց ստացածների միջև.

«Մենք պետք է հասկանանք, թե այս պահին մեր աշակերտը ինչ իրական գիտելիք ունի: Պետք է հասկանանք իրական գնահատականների մակարդակը և ըստ դրա արդեն փոփոխություններ անենք ծրագրերում և չափորոշիչներում: Առանց ճշգրիտ տվյալների չենք կարող արդյունավետ ռեֆորմներ անել: 9-րդ դասարանում կենտրոնացված քննությունների նպատակն իրական պատկեր ունենալն է: Մենք պատրաստվում ենք  հաջորդ տարիներին կենտրոնացված քննությունների թիվն ավելացնել` հաշվի առնելով քննությունների արդյունքների վերլուծությունները»,-նշել է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս