Դավիթ Բաբայանը՝ Վիտալի Բալասանյանի հրաժարականի և կադրային փոփոխությունների մասին
«Կադրային ոլորտը շատ դինամիկ ոլորտ է, և երբեմն լինում են փոփոխություններ։ Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին, ապա, որքանով տեղյակ եմ, նա որոշել է զբաղվել ավելի ակտիվ քաղաքական գործունեությամբ, այդ պատճառով էլ որոշել է պաշտոնից ազատվել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին պաշտոնից ազատելու, Լևոն Մնացականյանին՝ ոստիկանապետ, իսկ Վլադիկ Խաչատրյանին՝ ԱԻՆ ծառայության պետ նշանակելու՝ Արցախի նախագահի որոշմանը։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ այս պահին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում դեռևս որևէ թեկնածու չկա։
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ Արցախում հնարավոր է լինեն արտահերթ նախագահական ընտրություններ, Դավիթ Բաբայանն ասաց. «Արցախի բնակչության գերակշիռ մեծամասնությունը կողմնակից են, որպեսզի նորմալ գործընթացներ լինեն»։
Հարցին՝ Արցախում կլինե՞ն կադրային նոր փոփոխություններ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ կադրային ոլորտն այն ոլորտն է, որտեղ պետք է անընդհատ փոփոխություններ լինեն։
«Իհարկե, կան ոլորտներ, որտեղ փոփոխություններն ավելի ուշ են տեղի ունենում կամ շուտ, ամեն ինչ կախված է ոլորտի և ժամանակի յուրահատկությունից»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ պահանջ է ներկայացրել Արցախի նախագահին՝ Վիտալի Բալասանյանից ազատվելու վերաբերյալ։
Չնայած Արցախից եղավ հերքում, սակայն այսօր Վիիտալի Բալասանյանը պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց։
Զվարթ Խաչատրյան