Բաժիններ՝

 «Դարձյալ կոռուպցիան ու փողն իրենց սև գործը կատարում են». բռնության հետևանքով մահացած կնոջ հարազատներն ու փաստաբաններն ահազանգում են

Փաստաբաններ Արա Ղազարյանը, Կարեն Ղազարյանը, Աշխեն Դաշյանն ահազանգում են՝  ընտանեկան բռնության վերաբերյալ գործը միակողմանի է ընթանում, ուստի հայցում են հանրության աջակցությունը:

«Քրեական գործն այնպես է ընթանում, որ տեսնում ենք քննությունն ակնհայտորեն ուղղորդելու հաջողակ փորձեր, այն միակողմանի է գնում:

Ընտանեկան բռնության արդյունքում մահացել է երիտասարդ կին, երկու երեխաները բնակվում են մորական կողմի՝ տատիկի և քեռու մոտ, որովհետև մինչ օրս հիշում են, թե իրենց հայրն ինչպես էր բռնության ենթարկում թե՛ իրենց, թե՛ մորը: Եվ, երբ երեխայի շահերից բխում է ընտանեկան միջավայրում մեծանալը, անսպասելիորեն քրեական գործ է հարուցվում տատիկի և քեռու նկատմամբ, որ իբր թե նրանք են մեղավոր եղել երիտասարդ կնոջ մահվան հարցում:

Այն դեպքում, որ կինն ուղղակի փախուստի է դիմել ամուսնու ձեռքից՝ խոշտանգումների հետևանքով, և կյանքի վերջին մի քանի օրն ապրել է մոր ու եղբոր հետ: Քննությունն այն աստիճանի կամայական եզրահանգումներով է առաջնորդվում, որ այլ բան, քան խտրականություն, ուղղորդված քննություն անվանել հնարավոր չէ: Բռնություն կիրառողն ասել է՝ կտեսնենք՝ ամեն ինչ պտտելու եմ ձեր դեմ, այդպես էլ եղավ: Անհնար է տրամաբանել, թե ինչպե՞ս կարելի է աղջկա 70-ամյա մոր դեմ քրեական գործ հարուցել՝ մեղադրելով աղջկա մահվան  համար մեղավոր լինելու մեջ:

Նույնը՝ քեռու դեպքում: Այն պարագայում, որ մոտ 10 օր առաջ երեխաների քեռու նկատմամբ  հերթական բռնությունն է կատարվել այդ նույն տղամարդու կողմից: Նա բռնության սպառնալիքներ է հնչեցնում հենց իր երեխաների նկատմամբ: Այս ամենի համատեքստում, պատկերացրեք, որ նա կարողանում է «լեզու գտնել» դատախազության, քննչական մարմնի հետ և կախարդական փայտիկով՝ երեք հիմքով քրեական գործ է հարուցվում ընտանիքի այն անդամների դեմ, ովքեր այսօր երեխաներին են խնամում: Եթե նրանք այդքան վտանգավոր են, ապա այդ ինչպե՞ս է, որ  երեխաները ցանկանում են նրանց մոտ մնալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արա Ղազարյանը:

Քրեական գործով տուժողի իրավահաջորդ Սվետա Հակոբյանը՝ մայրը, հաստատեց, որ նախկին փեսան՝ Ռոման Ասիրյանը,  բազմիցս է աղջկան բռնության ենթարկել:

«Շատ անգամ ներողություն է խնդրել, ծնկի եկել աղջկաս դիմաց, խնդրել, որ իրեն ների, ու այդպես շարունակ: Իսկ այս վերջին անգամ աղջիկս զանգահարեց ու խնդրեց՝ ինչքան հնարավոր է՝ շուտ գնամ իրենց տուն, որովհետև  ահավոր ձևով ամուսինը ծեծել էր ու ցանկացել էր տունը հրդեհել:

Ամեն անգամ աղջկաս վախեցրել է, որ, եթե բաժանվի կամ որևէ մեկին ասի, ապա գիտի իր կարողությունները՝ «փողին մուննաթ, մեշոկով փող կթափեմ, իմ նպատակին կհասնեմ, քեզ անբարոյական կհանեմ, գիժ կսարքեմ, երեխաներին ձեռքիցդ  կվերցնեմ»:  Ծեծը կատարվել է երեխաների ներկայությամբ, հաճախ նաև մեծ աղջկան է ծեծել, ով փորձել է օգնել մորը: Աղջկաս մահից հետո բարեկամները եկել են ինձ իբր թե ցավակցելու, բայց սպառնացին, որ զիջեմ ու գնամ բողոքը հետ վերցնելու: Իմ դեմ սուտ ցուցմունքներ էին տվել քննչականում, որ իբր ես ու տղաս խոչընդոտում ենք, որ երեխաները հոր հետ շփվեն:

Ներկա դրությամբ երեք քրեական գործ է հարուցվել՝ տղայիս, երկու գործ՝ իմ նկատմամբ: Իբր ես աղջկաս ստիպողաբար բերել եմ տուն, պահել, դեղ եմ տվել ու հասցրել մահվան: Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարելի է: Որոշ ժամանակ առաջ նախկին փեսաս եկավ երեխաների անձնագրերը վերցնելու, փոքրը, ով 5 տարեկան է, նրան տեսնելիս գոռաց ու վազեց սենյակ, հայրը գնաց հետևից, իսկ երեխան ասաց, որ՝ գնա, քանի որ վախենում է իրենից:

Դուրս եկավ ու ինձ սպառնաց, որ բողոքը հետ վերցնեմ, թե չէ այս ամենը շուռ կտա մեզ վրա: Իրավիճակ է փոխվել մեր երկրում, բայց դարձյալ կոռուպցիան ու փողն իրենց սև գործը կատարում են»,- պատմեց տուժողի մայրը:

«Ե՛վ աղջիկը, և՛ տղան չեն ուզում իրենց հորը տեսնել: Մեծ աղջիկն անուղղակիորեն հորն  է մեղադրում մոր բացակայության համար: Ասում է՝ մորս վերադարձրու, և ես քեզ կներեմ»,- նկատեց փաստաբան Կարեն Ղազարյանը:

Փաստաբանները հավելեցին, որ եթե քննությունն այսպես շարունակվի, ապա իրենք sms հաղորդագրությունները կտեղադրեն համացանցում, ցույց կտան, որ առերևույթ հանցագործության մասին փաստ ունենալով՝ ուղիղ հակառակ ուղղությամբ է վարույթն ընթանում, ու այն ոչ թե սպառնալիքներ ուղարկած անձի դեմ է, այլ նրանց դեմ է, ովքեր ընդունել են խոշտանգումից փախած կնոջը:

Նշենք, որ 2017թ. օգոստոսի 3-ին  անկողնում մահացել է 34-ամյա Մ.Աղաջանյանը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ամուսնուն՝ կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու համար։ 34-ամյա Մ.Աղաջանյանի մահվան մասին ահազանգը ստացվել է 2017թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 06:35-ին, «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերությունից։ Ամուսնու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս