«ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ տնտեսական կարևոր գործընկերը». ՀՀ-ում ՌԴ դեսպան
Հայ-ռուսական հարաբերությունները կայուն զարգանում են, շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա, կրում ռազմավարական դաշնակցության բնույթ, նաև հարմարվում են նոր իրականությանն ու նոր պահանջներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանը նաև նշեց, որ հայտնի ներքաղաքական իրադարձություններից հետո անցնող տարում հարաբերություններում պահպանվում է շարունակականությունը, ինչը, թերևս, ամենակարևորն է։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեսկզբյան մոսկովյան այցին՝ Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ Ռուսաստանում այն մեծապես կարևորվեց։
Վերջինս ընդգծեց, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները:
«Մենք, բնականաբար, ակնկալում ենք այդ հանդիպմանն այդ առիթով ՌԴ նախագահի այցը Հայաստան»,- ասաց դեսպանը:
Նրա խոսքով` կանոնավոր կերպով իրականացվում են շփումներ բարձր մակարդակում։
«ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ տնտեսական կարևոր գործընկերը: 2018-ի տվալներով՝ մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը 11 տոկոսով աճել է՝ հասնելով 2 մլրդ դոլարի, ինչը կազմում է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 26 տոկոսը: Սա հրաշալի արդյունք է՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ոչ ստաբիլ իրավիճակը»,- ասաց դեսպանը և ընդգծեց, որ ՌԴ-ն շարունակում է ՀՀ-ի համար գլխավոր ներդրողը մնալ:
Զարուհի Դիլանյան