Բաժիններ՝

Չինաստանի Գուանդունի նահանգում առնվազն յոթ մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

Չինաստանի Գուանդունի նահանգում առնվազն յոթ մարդ է զոհվել հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների հետեւանքով, եւս մի բնակիչ անհայտ կորած է համարվում: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Հեյուանի երեք շրջաններում, որտեղ վերջին մեկ շաբաթվա ընթացքում չեն դադարում հորդառատ անձրեւները, որոնք լրջորեն խաթարել են տեղի տրանսպորտային հաղորդակցություններն ու կապը:

Ինչպես նշում է գործակալությունը, տարածաշրջանում մոլեգնող հեղեղումները խախտել են տեղի շուրջ 110 հազար բնակիչների բնականոն կյանքը, տարերքի հարվածից ավերվել կամ վնասվել է 956 բնակելի շինություն: Ներկայում տեղատարափներից ու հեղեղումներից Չինաստանի մի աղբողջ շարք նահանգներ են տուժել երկրի հարավային ու արեւելյան տարածաշրջաններում:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Ցզյանսի արեւելյան նահանգում հեղեղումների զոհ է դարձել վեց մարդ, տեղի իշխանությունները հարկադրված են եղել տուժած շրջաններից տարհանել մոտավորապես 135 հազար բնակիչների, ուղղակի տնտեսական վնասը հասել է 2,65 մլրդ յուանի (383 մլն դոլար):

Արտակարգ իրավիճակների նահանգային վարչության տվյալներով՝ հեղեղումները Ցզյանսիի նահանգում խախտել են ավելի քան 1,42 մլն մարդու բնականոն կյանքը: Ոչ պակաս ծանր իրադրություն է ստեղծվել Չինաստանի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում, որտեղ հեղեղումները հինգ մարդու կյանք են խլել, մեկն անհայտ կորել է, եւս 8,3 հազարից ավելի բնակիչներ իշխանությունների կողմից տարհանվել են անվտանգ վայրեր: Ուղղակի տնտեսական վնասն այս տարածաշրջանում առայժմ գնահատվում է մոտավորապես 460 մլն յուան (շուրջ 67,6 մլն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս