
Դանիայի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել

Դանիայի խորհրդարանի խոսնակ Պիա Կյորսգորը թողնում է պաշտոնը հունիսի 5-ի ընտրություններում իր կուսակցության եւ աջ կենպրոնամետ դաշինքի պարտությունից հետո: Այդ մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:
«Խորհրդարանական ընտրություններից հետո մի քանի մարդ ինձ հարցրեցին՝ կլինեմ ես արդյոք Ֆոլկետինգի նախագահը: Չեմ լինի: Իշխանությունը փոխվել է»,-նշել է Կյորսգորը: Քաղաքական գործիչը վերընտրվել է վերջին ընտրություններում եւ կշարունակի աշխատել Դանիայի ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբի կազմում, որի մանդատների թիվը 37-ից նվազել է մինչեւ 16:
Կյորսգորի պաշտոնաթողությունն սպասելի էր. Ֆոլկետինգի նոր խոսնակ կդառնա առավել մեծ թվով ձայներ ստացած կուսակցություններից մեկի ներկայացուցիչը: Հունիսի 5-ի ընտրություններում ձախ կուսակցություններն ստացել են 91 մանդատ, իսկ աջ կենտրոնամետները՝ 75: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն առաջին տեղն Է գրավել ձայների 25,9 տոկոս արդյունքով: Երկրորդ տեղում Լիբերալ կուսակցությունն է՝ 23,4 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: