
ԱՄՆ-ը վերահաստատել է Իրանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը

Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ բանակցություններ սկսել իրանական խնդրի շուրջ: Այդ մասին բրիֆինգում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:
«Միակ լուծումը նոր եւ ավելի լավ համաձայնագիրն է, որը կվերաբերի Իրանի սպառնալիքների ամբողջ սպեկտրին: Այդ սպառնալիքները շարադրված են 12 պահանջներում, որոնք, ինչպես ասել են նախգահ Թրամփը եւ պետքարտուղար Մայք Փոմպեոն, մենք պատրաստ ենք քննարկել: Իրանի ղեկավարները գիտեն՝ ինչպես կապվել մեզ հետ»,- ասել է Օրտագուսը:
Նա նշել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով հանգուցային միջուկային պարտավորությունների կատարումը դադարեցնելու Իրանի վերջերս հնչեցրած սպառնալիքը «մեծ քայլ է ոչ ճիշտ ուղղությամբ»:
«Միջազգային հանրակցությունը պետք է պահպանի միասնությունն այդ հարցում եւ իրանական ռեժիմից պատասխան պահանջի իր միջուկային ծրագիրն ընդլայնելու սպառնալիքի համար»,-հավելել է Պետդեպի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: