
Կիմ Չեն Ունի սպանված եղբայրը ԿՀՎ-ի իրազեկիչ է եղել. Wall Street Journal

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի խորթ եղբայր Կիմ Չեն Նամը, որը 2017 թվականին սպանվեց Մալայզիայի օդանավակայանում, եղել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) իրազեկիչ եւ մի քանի անգամ հանդիպել է վարչության աշխատակիցների հետ: Այդ մասին գրել է Wall Street Journal (WSJ) հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
«Կապ է եղել ԱՄՆ-ի հետախուզական գործակալության եւ պարոն Կիմի միջեւ»,- գրում է թերթը՝ հղում անելով աղբյուրին: Հրատարակության տվյալներով՝ Կիմ Չեն Նամը Մալայզիա էր մեկնել 2017 թվականի փետրվարին, որպեսզի հանդիպի ԿՀՎ-ից իր շփման անձի հետ:
Նա նաեւ մի քանի օր անցկացրել է Լանգքավի առողջարանային կղզում, որտեղ հանդիպել է կորեա-ամերիկյան ծագմամբ անհայտ մի տղամարդու հետ, ինչի մասին ոստիկանությունը հայտարարել է Կիմ Չեն Ունի եղբոր սպանության մեջ մեղադրվող կանանց նկատմամբ դատի ժամանակ:
ԱՄՆ-ի մի շարք նախկին պաշտոնատար անձինք հայտարարել են, որ «պարոն Կիմը, որը բնակվում էր հիմնականում Չինաստանի Մակաո միջատարածքում, ամենայն հավանականությամբ, շփման մեջ է եղել այլ երկրների, հատկապես Չինաստանի անվտանգության ծառայությունների հետ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: