Բաժիններ՝

Ոչխարների խուզման փառատոնի աշխարհագրությունն ընդլայնվել է. այս անգամ մասնակցել է 16 խուզ անող 5 մարզից

Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Անասնաշուկայի տարածքում hունիսի 8-ին անցկացվել է Ոչխարների խուզման հինգերորդ փառատոնը, որը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) աջակցությամբ։ Այս մասին տեղեկացրին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ից։

«Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի և Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը, մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցել է 2500 մարդ Սյունիքի, Վայոց Ձորի և այլ մարզերից, Երևանից, ինչպես նաև արտասահմանից ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Այս տարի, համեմատած նախորդ տարիների, ընդլայնվել է փառատոնի աշխարհագրությունը թե՛ մասնակից համայնքների և թե՛ արտադրողների առումով: Սյունիքից և Վայոց Ձորից բացի, ներկայացված է եղել նաև Շիրակի մարզը: Ոչխարների խուզման մրցույթին այս տարի մասնակցել են 16 խուզ անողներ Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից: Հաղթող է ճանաչվել Զաքարյան Էդգարը Շաքի բնակավայրից:

Փառատոնին ներկա էին մի շարք պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքի ղեկավար՝ Մուրադ Սիմոնյանը և Սննդի անվտանգության պետական տեսչության Ղեկավարի տեղակալ էդգար Ճաղարյանը, ինչպես նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ստեֆանո Լազզարոտտոն:

Ստեֆանո Լազզարոտտոն կարևորեց նման միջոցառումները՝ նշելով, որ դրանք նպաստում են մարզի զարգացմանը:

Փառատոնն այս տարի ընդգրկում էր ոչխարների խուզման մրցույթ 4 փուլով, Նոր Զելանդիայից հրավիրված խուզ անողի ցուցադրական խուզում, ազգային կենդանի երաժշտություն, պար, լարախաղաց, ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց արտադրանքը ներկայացրեցին Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի մարզերի համայնքների արտադրողները:

Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան օգտվելու տեղում կազմակերպված սննդի տաղավարներից՝ համտեսելով հայկական ավանդական ճաշատեսակներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս