
«Արդյո՞ք մենք այդ քանակի գործեր ունենք, որ դրա համար դատարան ստեղծենք». Նիկոլայ Բաղդասարյանը՝ հակակոռուպցիոն դատարանի մասին

«Հակակոռուպցիոն դատարանը դիտարկվում է՝ որպես մասնագիտացված դատարան, որը, իմ պատկերացմամբ, պետք է զբաղվի միայն այն քրեական գործերով, որոնք վերաբերում են կոռուպցիոն երևույթներին, որոնց սուբյեկտները պաշտոնատար անձինք են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանում կստեղծվի հակակոռուպցիոն դատարան:
Ըստ նրա՝ մասնագիտացված դատարանի դատավորներն ընտրվում են նույն ընթացակարգով, պարզապես ակադեմիայում քննությունը տվյալ ուղղվածությամբ են հանձնելու և ստանան այդ ուղղվածության դատավորի կարգավիճակ: Ն.Բաղդասարյանի խոսքով՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորները նախքան նշանակումը, բնականաբար, կանցնեն վեթինգ:
«Խնդիրը վիճելի հարցն է՝ արդյո՞ք մենք այդ քանակի գործեր ունենք, որ դրա համար դատարան ստեղծենք»,- ասաց Ն.Բաղդասարյանը: