Հայաստանը նախատեսում է ԵՄ-ի հետ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատման արժանացնել գործընկերության խորհրդի առաջիկա նիստում

Հայաստանը նախատեսում է, որ ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կարժանանա հունիսի 13-ին կայանալիք Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում: Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստանը ԵՄ-ի կողմին ներկայացրել է համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի վերջնական նախագիծը: Դա հավանության է արժանացել Հայաստանում համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի մայիսի 17-ին նիստում: Նախատեսում ենք, որ հունիսի 13-ին, երբ կկայանա գործընկերության խորհրդի երկրորդ նիստը Բրյուսելում, այս փաստաթուղթը կարժանանա վերջնական հաստատման երկու կողմերի միջև: Ճանապարհային քարտեզը կլինի ԵՄ-ի և Հայաստանի համատեղ սեփականությունը»,-ներկայացրեց Մնացականյանը:

Նա նշեց, որ այդ նիստին Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու է բավականին լայն կազմով: Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:

 

Տեսանյութեր

Լրահոս