«Ես կարծում եմ՝ դա ոչ թե հատուկ վաստակի համար է այդպես որոշվել, այլ…». Տիգրան Խաչատրյանը՝ Արմեն Տեր-Տաճատյանի մասին
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Արմեն Տեր-Տաճատյանի կողմից ներկայացված՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեի և դրան հարակից հողամասում տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին: Տարածքի մի մասն Արմեն Տեր-Տաճատյանը ձեռք կբերի 98.98 մլն դրամով, իսկ մի մասն էլ կհատկացվի Երևան համայնքի կողմից՝ որպես պետություն-մասնավոր հատված համագործակցություն։
Ներդրողը նախատեսում է կառուցել տեխնոլոգիական հագեցվածության բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որտեղ 300 քմ աշխատանքային տարածք կնվիրվի Երևանին: Համալիրում լինելու են կոմերցիոն, սպորտային, օֆիսային, առևտրային տարածքներ, գիտակրթական կենտրոն և այլն։ Ներդրումների մոտավոր արժեքը՝ 130 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Ծրագրի իրականացման համար պետք է հիմնադրվի «Դալան Թեքնոլոջիս» ՓԲ ընկերությունը:
168.am-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փորձ ունի Արմեն Տեր-Տաճատյանը, ինչո՞ւ է կառավարությունը որոշել հողատարածքն ուղիղ ձևով վաճառել անձի, և ոչ թե՝ կազմակերպության։
«Ես կարծում եմ՝ դա ոչ թե հատուկ վաստակի համար է այդպես որոշվել, այլ նախաձեռնող խումբը, որ ներդրումային խումբ է, հանդես է գալիս որոշակի միավորմամբ, անձանցից մեկը Արմեն Տեր-Տաճատյանն է։ Նա որպես ծրագրի հիմնադիր ներկայացուցիչ է մասնակցում տվյալ գործարքին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ անձի մասին տեղյակ չէ ու մանրամասներին չի տիրապետում։
Ըստ նրա՝ ծրագիրը բավականին հետաքրքիր է, շենքը կառուցվում է այնպես, որ ամբողջովին համապատասխանի ժամանակակից ծրագրավորման կազմակերպությունների աշխատանքի համար պահանջվող պայմաններին։
«Այն 2600 աշխատատեղերը, որոնք նախատեսվում է, որ պետք է տեղ զբաղեցնեն այդ տարածքում ֆիզիկապես, իրենք նաև ՏՏ ոլորտի աճի հնարավորություն են, որովհետև, օրինակ, կազմակերպություններից մեկն ունի աշխատակիցներ ավելացնելու պոտենցիալ, բայց իր միջազգային հիմնադիրները սահմանափակում են տեսնում այն ֆիզիկական տարածքների, որոնք պետք է այդ նոր աշխատատեղերը զբաղեցնեն։ Այսինքն՝ եթե իրենց կողմից սահմանված չափանիշերին համապատասխան չլինի, չեն համաձայնի, որ ևս 200 նոր աշխատակիցներ ընդունվեն աշխատանքի։ Եվ այս շենքային պայմանները, որ առաջարկվելու է այդ կազմակերպություններին, դա հենց ՏՏ ոլորտի ֆիզիկական, ծավալային աճի զգալի հնարավորություն է և լավ վարկանիշ Հայաստանի համար, որ կարող է այդպիսի նոր մշակույթ ձևավորվել»,- ասաց Տ.Խաչատրյանը։
Նշենք, որ Արմեն Տեր-Տաճատյանը երկար տարիներ Հանրային խորհրդի անդամ է, «Տեր-Տաճատյան» իրավաբանական և բիզնես խորհրդատվական ՓԲԸ հիմնադիր տնօրեն, եղել է «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ արտաքին իրավաբան, «Կոնվերս բանկ» ՓԲԸ Խորհրդի նախագահ։