«Գալիս է, լոլոներ է կարդում ու գնում». «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարար-ցուցարարները՝ փոխնախարարի մասին
«Մենք փաստացի գործ ունենք 700 քաղաքացու հետ, որոնք աշխատում էին այս շինարարության վրա և որոնք ոչ միայն մնացել են անգործ, այլև պարտքերի մեջ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարների բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ում միջնորդությամբ ճանապարհը մի քանի անգամ բացվել էր մեքենաների համար։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարներն այսօր փակել են Ուջան-Ագարակ ճանապարհահատվածը և պահանջում են մի քանի ամսվա չվճարված աշխատավարձը։ Ենթակապալառու 19 կազմակերպությունները պնդում են, որ 2018 թվականի օգոստոսից աշխատավարձ չեն ստացել։
Գորգիսյանն այս մասով տեղեկացրեց, որ այդ ընկերությունները որոշ տեխնիկաներ ձեռք են բերել լիզինգով «և հիմա այս ամիսներ ընթացքում դեռ ստիպված են վճարել այդ լիզինգը՝ առանց որևէ եկամուտ ստանալու. հիմա մեծ մասն արդեն սնանկացման եզրին է»։
Թե որն է հարցի լուծումը հարցի պատասխանի համար պատգամավորն ուղղորդում է «Կորսան Կորվիամ» ընկերության առաջարկած տարբերակին։ Ընկերությունը առաջարկ-նամակի պատճենն ուղարկել էր և՛ ենթակապալառու ընկերություններին, և կառավարության համապատասխան ՊՈԱԿ, որը կապն էր պահում նրանց հետ։
«Ի՞նչ էր առաջարկում «Կորսան Կորվիամ» ընկերությունը. աշխատանքի ամեն կատարած փուլի համար, երբ ընկերությանը գումար է վճարվել, դրա տասը տոկոսը պահվել է որպես դեպոզիտ՝ հետագա կամ ընթացիկ խնդիրները շտկելու համար։ Նրանք առաջարկում էին այդ պահուստային կուտակված միջոցների կեսը տրամադրել քաղաքացիների, ենթակապալառու ընկերությունների պարտքերի մարմանը, մյուս կեսը՝ պահել հետագա խնդիրները լուծելու համար։
Բայց պարոն Ավինյանը պատասխանեց, որ դա կարող է և ընդունելի չլինել, որովհետև միգուցե կարող է՝ «Կորսան Կորվիամի» պարտավորությունները մեր պետության նկատմամբ ավելի մեծ լինեն, քան դա է։
Սա հերթական ահազանգը եղավ քաղաքացիների նկատմամբ. նրանք վախեցան, որ այլևս որևէ գումար չեն ստանալու։ Նրանք կարծում են, որ կառավարությունը ձեռքերը լվանում է այդ հարցից, և ստիպված գնացին նման ծայրահեղ քայլերի»,- ասաց Գորգիսյանը՝ նկատելով, որ շահագործման փորձ բողոքի մասնակիցների մեծ մասն ունեն. «Շինարարության ինչ-որ փուլում պարսակական ընկերություն է աշխատել, գումարի մեկ երրորդը վճարել ու փախել է»։
Ըստ նրա՝ նույն խնդիրը կարող է լինել և «Կորսան Կորվիամի»ի հետ, քանի որ իսպանական մայր ընկերությունը, ենթակապալառուների ներկայացուցիչների պնդմամբ, սնանկ է ճանաչվել։
Ի դեպ, պատգամավորը տեղեկացրեց, որ երեկ Տիգրան Ավինյանին ասել է, որ բողոքողները որոշել են ծայրահեղ քայլերի գնալ. «Կարծես լուրջ չընկալվեց»։
Նա նաև այսօր է զանգահարել Տիգրան Ավինյանին. վերջինս կառավարության նիստով պայմանավորված՝ չի պատասխանել զանգերին, բայց արձագանքել է պատգամավորի նամակին, թե՝ «փոխնախարարը՝Բագրատը, կկապվի» ցուցարարների հետ։
Մինչդեռ ցուցարարները, ըստ Գորգիսյանի, չեն ցանկանում փոխնախարարին տեսնել։
«Քանի ամիս է՝ գալիս է, լոլոներ է կարդում ու գնում է»,- ըստ պատգամավորի՝ ասել են նրանք։
«Հարց լուծող մարդու պատասխան են ուզում»,- հավելեց Գորգիսյանը։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության հիմնական կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության և ՀՀ կառավարության միջև արդեն երկարատև ժամանակ անհամաձայնություններ կան, շինարարական աշխատանքները դադարեցված են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել էր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանը՝ անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարների բողոքի ակցիային և Ուջան-Ագարակ ճանապարհահատվածը փակելուն:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան