Բաժիններ՝

Նազարբաևը երկրորդ տիտղոսն է ստացել երկու օրվա ընթացքում

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ստացել է պատվավոր սենատորի կարգավիճակ: Այս որոշումը մայիսի 30-ի նիստում ընդունել են երկրի խորհրդարանի վերին պալատի պատգամավորները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նազարբաեւին պատվավոր սենատորի կոչում են շնորհել «Ղազախստանի հանրապետության՝ որպես դեմոկրատական, աշխարհիկ, իրավական ու սոցիալական պետության սահմանադրական-իրավական հիմքերի ձեւավորման, ինչպես նաեւ հայրենական պառլամենտարիզմի կայացման ու զարգացման գործում ունեցած պատմական վաստակի, սահմանադրության, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ապահովման, հասարակության համախմբման գործում նշանակալի ավանդի համար»:

Սենատի նախագահ, նախկին նախագահի դուստր Դարիգա Նազարբաեւան հայտնել է, որ այդ նախաձեռնության հեղինակը դարձել է պետության ներկայիս ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը: Սենատը պաշտպանել է Տոկաեւի առաջարկը եւ հաստատել պատվավոր սենատորի կարգավիճակը:

Այժմ Նազարբաեւը կկարողանա հաճախել խորհրդարանի վերին պալատի նիստերին: Մայիսի 29-ին Նազարբաեւին շնորհվել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի տիտղոսը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս