
Ուրուգվայի ԱԳՆ-ն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների 27-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարություն է տարածել

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարարությունը մայիսի 27-ին հայտարարություն է տարածել՝ նվիրված Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-րդ տարեդարձին։ Հայտարարության մեջ ասված է․
«1992 թ․ մայիսի 27-ին եղբայր երկրներ՝ ՈՒրուգվայը և Հայաստանը պաշտոնապես հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ: Երկու ժողովուրդների եղբայրական կապերի արմատները գնում են դեռևս 20-րդ դարի խորքերը, երբ խոշոր միգրացիոն ալիքի արդյունքում հազարավոր հայ գաղթականներ հանգրվան գտան ՈՒրուգվայում՝ դրանով իսկ էականորեն նպաստելով պետության սոցիալ-տնտեսական զարգացմանը։
27 տարիների երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, միջազգային իրավունքի, բազմակողմանիության, մարդու իրավունքների՝ իրավական պետություններում գործող այլ հիմնարար սկզբունքների հիման վրա։
Ուրուգվայը և Հայաստանը հաստատուն կերպով հանդես են գալիս հօգուտ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորման՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների կիրառմամբ։
Հայաստանում ՈՒրուգվայի գլխավոր հյուպատոսության բացումը երկու երկրների միջև փայլուն հարաբերությունների վկայություն է և ևս մեկ քայլ է երկու ժողովուրդների միջև բարեկամության ու համագործակցության շարունակական ամրապնդման ճանապարհին»։