«Սկսված այս գործընթացում լրացուցիչ ուղղորդում կամ պատվիրատու փնտրելն անհեթեթ է». Սուրեն Սահակյան

«Կուսակցության կողմից սկսված այս գործընթացում լրացուցիչ ուղղորդում կամ պատվիրատու փնտրելն անհեթեթ է։ Ի սկզբանե մեր գլխավոր նպատակներից մեկը եղել է պետական կառավարման համակարգը և բիզնեսն իրարից տարանջատելու գործընթացը։ Նաև ուզում ենք տեղեկացնել, որ մեր կողմից սկսված այս գործընթացը որևէ անձի դեմ չէ, ավելին, պարոն Ծառուկյանը խնդրի համալիր լուծման առաջին շահառուն է»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրգործ հարուցելը մերժելու Հայաստանի քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի որոշումը բողոքարկելուն նվիրված այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը՝ հավելելով, որ խնդրի լուծման դեպքում Գագիկ Ծառուկյանի գործունեությունը պաշտպանված կլինի արդեն հանրության կողմից։

Վերջինս կարծում է, որ սխալ է կարծել, թե սկսված գործընթացները երկու հարթություն ունեն՝ իրավական և քաղաքական։ Սա քաղաքական հարց է, որին իրենք ուզում են տալ իրավական լուծումներ։

Սուրեն Սահակյանի կարծիքով՝ իրենց՝ Դատախազություն դիմելու հետևանքն առավելագույնը պետք է լիներ գործ հարուցելը՝ համապատասխան հիմքերը ճանաչելու դեպքում, ապա՝ դատական լսումներ, և ինքը չգիտի, թե որ պահից կարող էր անհրաժեշտություն առաջանալ դիմել Ազգային ժողով՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, որպես հետևանք՝ կարող էր լինել վարչական տույժ կամ ազատազրկում, բայց Դատախազության կողմից գործին ընթացք տալը չէր հանգեցնելու Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելուն։

«Հատուկ քննչական ծառայության պատասխանում կարծես ասվում է, որ տողատակերում կարծես ՀՔԾ քննիչը գտել է, որ այո,  Գագիկ Ծառուկյանը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց 310 հոդվածն ասում է՝ դա իրեն շահույթ չի բերել, և այդ առումով գուցե ճիշտ է ասում, բայց էդ դեպքում ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, վնաս պատճառելու դեպքում, նույնպիսի պատիժ կա, հոդված կա. դա քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածն է՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, եթե կազմակերպություններին, պետությանը խոշոր վնաս է հասցրել, և այդ հիմքով մենք բողոքարկել ենք ՀՔԾ որոշումը»,- ասաց Սուրեն Սահակյանը՝ նշելով, որ այս գործընթացներից հետո նոր հարցը կհասնի ԱԺ։

Նա նշեց, որ այս առումով օրենսդրական բաց կա, և իրենք ԱԺ նախագահին դիմել էին այն հույսով, որ նախ՝ միջոցներ կձեռնարկի այդ օրենսդրական բացը լրացնելու համար, և բացի դրանից՝ կհաստատի պատգամավորի կողմից էթիկայի նորմերը խախտելու փաստը, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը, ըստ «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, չգնաց այդ բացը լրացնելու ուղղությամբ, և դրա համար էլ իրենք այսօր դիմել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։

«Նույն ինստիտուտին դիմել ենք նաև Արսեն Ջուլֆալակյանի հետ կապված հարցով։ Նրա հայտարարագրում որևէ կերպ արտացոլված չէ, որ բաժնեմաս ունի որևէ սրճարանում։ Եվ խնդրում էինք վարչական վարույթ իրականացնել և պարզել՝ ինչքանով են իր խոսքերը համապատասխանում իրականությանը, և իրականությունն ինչքանով է արտացոլված իր հայտարարագրում»,- ասաց Սուրեն Սահակյանը։

Նա նշեց նաև, որ, եթե այս ընթացակարգը չհանգեցնի իրենց ցանկացածին, իրենք բոլոր 132 պատգամավորներին կդիմեն դիմումով, որպեսզի նրանք իրենց դիրքորոշումը ներկայացնեն, և ըստ այդմ՝ իրենք կհասկանան, թե արդյո՞ք 27 պատգամավոր հանդես կգան ՍԴ դիմելու նախաձեռնությամբ, ինչքա՞ն է քաղաքական կամքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս