«Հույս ունեմ՝ ողջամտությունը կհաղթի, մենք կանգ կառնենք ու կսկսենք զբաղվել գործով». Արցախի նախագահի խորհրդական

Արցախի նախագահ Բակո Սահակյանի անվտանգության գծով խորհրդական Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Արցախում որոշակի հետևություններ են արել՝ Երևանում վերջին մեկ շաբաթում արձանագրված երկու միջադեպերից:

Իսկ թե որքանո՞վ են Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին ակտիվիստի կողմից Արցախի նախագահին ուղված սպառնալիքի կոչերն ու Վիտալի Բալասանյանի հետ կատարված միջադեպն օրգանական կապով շաղկապված միմյանց՝ զերծ մնաց մեկնաբանելուց:

– Պարոն Աբրահամյան, անցած շաբաթ Ազատության հրապարակում տեղի ունեցածն ինչպե՞ս է ընկալվել Արցախի ներսում, արդյո՞ք իշխող ուժի համար հրավիրած հանրահավաքին երիտասարդի հնչեցրած սպառնալիքները՝ ուղված Արցախի նախագահին, իր մեջ քաղաքական որոշակի  մեսիջ էր պարունակում, արդյո՞ք սա արտահայտում էր ներկայիս տրամադրություններն իշխող ուժերի ներսում:

– Որպես կանոն՝ ես զերծ եմ մնում Հայաստանի իշխանությունների քայլերն ու գործողություները մեկնաբանելուց, այս պարագայում այլ բան կարձանագրեի. Ներքին այս հրահրումները, երբ առանց այն էլ՝ արտաքին դաշտում մեզ 24-ժամյա ռեժիմով վտանգներ են մատուցում, իսկ այսպիսի ներքին հրահրումներն անուղղակիորեն նպաստում են, որ դրությունն էլ ավելի սրվի:

Չէի ցանկանա մտածել որ Ազատության հրապարակում տեղի ունեցածը, երբ Արցախի նախագահին ուղղված սպառնալիք է հնչեցվում, արտահայտում է Հայաստանի իշխանությունների տրամադրություները և առհասարակ կապ ունի իշխող ուժի հետ, որովհետև տրամաբանորեն միջադեպը չէր բխում Հայստանի իշխանությունների շահերից: Դժվար թե որևէ իշխանություն գործեր այդ դիրքերից: Դրա համար էլ հակված եմ կարծելու, որ միջադեպի հերոսի վարքագիծն իշխանական ուժի հետ կապ չուներ, թեև լրատվամիջոցներն այդ հեղափոխական ակտիվիստի և քայլարշավիհետ կապված  դրվագներ հրապարակեցին:

Կնշանակի՝ սա պատահականությո՞ւն էր,  չէ՞ որ իշխանությունը սպառնալիք հնչեցրած երիտասարդի գործողությունները դատապարտելու, նրան պատասխանատվության կանչելու փոխարեն՝ շտապեց ձեռքերը լվանալ՝ հայտարարելով, թե Նիկոլ Փաշինյանի հետ բազմաթիվ լուսանկարներ ունեցող քայլարշավի ակտիվիստը որևէ առնչություն չունի իշխող ուժի հետ:

– Պետք նկատել, որ մեր շուրջ բավականին անցանկալի պրոցեսներ են, և ներքին ճակատում տեղի ունեցող նման իրադարձություններն առավել բարդացնում են իրավիճակը, հասարակության տարբեր խմբերի մեջ թշնամություն, լարվածություն ստեղծում:  Մենք հասել ենք մի կետի, որից հետո՝ ևս մեկ-երկու քայլ, ու իրավիճակը կարող է անվերահսկելիության սահմանը հատել:  Այսպիսի պայմաններում մենք պարտավոր ենք ձեռնարկել կոշտ միջոցներ հետագա սրացումները կանխելու համար,  որպեսզի վտանգավոր պրոցեսների նախադեպեր չստեղծենք:

– Նկատենք նաև, որ հայրենի ոստիկանությունը միջադեպին արձագանքեց ընդամենը հաջորդ օրը՝ Արցախի նախագահական նստավայրից հնչած արձագանքից հետո:

– Մենք մեր ռեսուրսները պիտի մոբիզացնենք, այսպիսի ներքին հրահրումներով հիբրիդային պատերազմը սրելու վտանգները պիտի հնարավորինս չեզոքացնենք  և ոչ թե հակված լինենք ներքին ինտրիգներն ավելի խորացնելու:  Ես հույս ունեմ, որ ողջամտությունը կհաղթի, և մենք մի կետում կանգ կառնենք ու կսկսենք զբաղվել այն բանով, ինչով պիտի զբաղվեինք իրականում:

Հայաստանում Արցախի իշխանությունների նկատմամբ վերջին երկու հայտնի միջադեպերն անմիջապես հաջորդեցին միմյանց, սա Հայաստանի ղեկավարների թուլությա՞ն նշանն է, թե՞ դրանք այդուհանդերձ մոտիվացված, որոշակիորեն ուղղորդված գործողություններ են, որոնք իրենց մեջ քաղաքական մեսիջ են պարունակում:

– Այս դեպքում ևս զերծ կմնամ մեկնաբանություններից:

Հիշենք, Նիկոլ Փաշինյանը դեռ անցած տարի՝ հեղափոխությունից հետո վարչապետ կարգվելիս, առնվազն 2 անգամ հայտարարեց, որ Ղարաբաղի ներքին հարցերին չի միջամտելու: Հետագա գործողություններն ի՞նչ են հուշում, որո՞նք են ըստ Ձեզ՝ այս հայտարարությունը կամ խոստումը վերանայելու դրդապատճառները, պարոն Աբրահամյան:

– Վարչապետի՝ Արցախի ներքին գործընթացներին չներգրավվելու մասին հայտարարությունը բավականին կարևոր էր, բավարարվենք այսքանով:

Հայաստանի քաղաքական օրակարգում ամենաթեժ քննարկվող թեման դեռևս վարչապետի՝ դավադիր ուժերի մասին հայտարարությունն է մնում: Ո՞ր կոնկրետ ուժերի մասին էր ակնարկում ՀՀ վարչապետը, երբ հարուստ բառամթերքով բնութագրում էր, որ մեր երկու պետությունների ազգային անվտանգությանը սպառնացող իրավիճակ է ինքը բացահայտել, ովքե՞ր են, ըստ Ձեզ՝ Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև թշնամանք հրահրողները, դավադիր պատերազմ հրահրողներն ու որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա դնելու փորձ անող հպատակները: Արդյո՞ք Արցախում է գտնվում վարչապետի այս վտանգավոր հայտարարության հասցեատերը:

– Այսպես կոչված, դավադիր ուժերի, գործողությունների մասին այդ հայտարարությունը ենթադրում է տարբեր անձանց, խմբերի կողմից իրականացվող գործողություններ, ընդ որում՝ նկարագրվածը չի կարող միայն քաղաքական ուժերին վերաբերել, նման գործընթացը ենթադրում է պետական ինստիտուտների, ուժային կառույցների, այդ թվում՝ Զինված ուժերի ներգրավվածություն:

Պարզ ասած, այդ շղթան ենթադրում է զինվորից մինչև հրամկազմ շղթայի ներգրավվածություն: Կարճ ասեմ, այսպիսի շղթայի ներգրավվածություն ես բացառում եմ: Միգուցե կան ուժեր, որոնք նման մտադրություն ունեն, սակայն քանի մենք մեր պետականությունը չենք կորցրել, քանի մեր Զինված ուժերում արժանապատիվ, բարոյահոգեբանական բարձր մակարդակով զինվորներ և սպաներ ունենք, նման սցենարներ չեն կարող կյանքի կոչվել:

Այս հայտարարության հասցեատերերը կարող են լինել միայն արտաքին ուժերը, դրանց ներքո գործող գործակալական ցանցերը, սակայն, եթե նրանք էլ փորձեն այդ ուղղությամբ գործել, ապա համապատասխան կառույցները դրանք ժամանակին կկանխեն:

Արցախում ապրող մարդիկ արժանապատիվ, համարձակ ու պատվախնդիր մարդիկ են, որոնք, անկախ սոցիալական դիրքից, այլ հանգամանքներից՝ զինուժում են թե քաղաքացիական կյանքում, զսպող ազդեցիկ ուժ են և ունակ են իրենց ներկայությամբ կանխելու ցանկացած սադրանք, որն ուղղված կլինի մեր պետականության դեմ:

Իսկ այս հայտարարությունը կարո՞ղ էր հնչել հրապարակային, և ընդհանուր առմամբ Ձեզ հայտնի՞ են գործողություններ, որոնք կատարվել են դրան նախընթաց և հետընթաց շրջանում: Մինչ այս պահը, նկատենք, ԱԱԾն ձեռնարկած որևէ գործողության մասին հայտարարություն չի արել:

– Այդ առումով ոչինչ չեմ կարող ասել:

Իշխանամետ հայացքներ ունեցող քաղաքագետներից մեկն ասել էր, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մեծապես պետք է դիտարկել՝ որպես քաղաքական ուժի առաջնորդի հայտարարություն, և ոչ թե՝ գործադիր մարմնի ղեկավարի: Այս դեպքում կարո՞ղ ենք և իրավունք ունե՞նք վարչապետ Փաշինյանի, կողմից՝ հողեր հանձնելու մտադրություն ունեցող անձանց բացահայտումների մասին հայտարարությունն ընկալել զուտ քաղաքական ուժի լիդերի պոպուլիստական հայտարարություն, այլ ոչ թե՝ ՀՀ գերագույն հրամանատարի:  Կարելի է նման հայտարարությունը հռետորիկայի ժանրում անհետևանք ուղերձ  միայն դիտարկել և չպահանջել, որպեսզի հրապարակայնացվեն և պատասխանատվություն կրելու գործողություններ հետևեն ասվածին:

– Չեմ մեկնաբանում:

Վարկած կա, որ Հայաստանի օրվա իշխանությունը մոբիլիզացիայի խնդիր ունի իրականում, և այս հայտարարությունը պետք է դիտարկել՝ իրադրային  քայլ: Ստացվում է մենք պիտի պատրաստ լինենք և մեծ ակնկալիքներ չունենանք, որովհետև պարբերաբար կազուսի առաջ կանգնելիս՝ իշխանությունը, փաստորեն, նախընտրում է նման էքսցենտրիկ իրավիճակներ ստեղծել, ուրիշ ոչինչ:

– Ես չէի ցանկանա, որպեսզի մեր հարցազրույցը վերածվեր ՀՀ իշխանությունների հայտարարությունների և վարքագծի մեկնաբանությունների, իմ նպատակն է՝ մեկնաբանել այն հայտարարությունները, որոնք Արցախին են վերաբերում՝ առանց գնահատական տալու ՀՀ իշխանությունների կամ կառավարության գործունեությանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո Հայաստանում հոգեբանական նոր մթնոլորտ և քաղաքական նոր իրավիճակ է ձևավորվել: Որքանո՞վ է Արցախը զերծ մնում այդ ազդեցությունից, թե՞ այդ տրամադրությունները, այդուհանդերձ, ներթափանցում են նաև Արցախի ներսի օրակարգ: -Արցախն ունի իր քաղաքական օրակարգը, իր առաջնահերթությունները, և մենք մեր քաղաքականությունն իրականացնում ենք դրա շրջանակներում:

Իհարկե, մենք չենք կարոզ մեզ առանձնացնել Հայաստանից, որովհետև մեր բոլոր վտանգները՝ ներքին թե արտաքին, ընդհանուր են, և մեր պայքարն էլ այդ վտանգների դեմ պետք է լինի ներդաշնակ:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ձևավորելու ՀՀ վարչապետի մտադրությանը, ի՞նչ հարցերի պատասխան պիտի  ստանա վարչապետը: Ձեզ հայտնի՞ է , հայտարարությունից առաջ փաստագրված նյութեր ուսումնասիրվե՞լ են մինչ այդ:

– Նախ ասեմ, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո Արցախի ԶՈՒ-ն իր համար կատարվածն ամբողջապես վերլուծել է, անհրաժեշտ հետևություններ է արել: Եթե կան գործընթացներ, որոնք անհրաժեշտ է  վերստին վերլուծելու՝ մեր անվտանգության ապահովմանը միտված նոր գործողություններ պլանավորելու տեսանկյունից, ապա դեմ չեմ, միայն թե ռազմական և քաղաքական պրոֆեսիոնալ նոր ուժի կազմով այդ հետաքննական վերլուծություններն արվեն: Այսպիսի դեպքերում պոպուլիզմը պիտի բացառվի 100 տոկոսով:  Մենք մեր սխալները շտկելու խնդիր պիտի դնենք, ոչ թե հարվածներ հասցնելու տարբեր ուղղություններով:

– Ի դեպ, կարծիք կա, որ այդ ուղղություններից հիմնականը հենց Սերժ Սարգսյանի համար է ընտրված: Եվ ապրիլյանի դեպքերի վերլուծություններով իշխանությունն ըստ էության նրան թիրախավորելու խնդիր է լուծում: Սերժ Սարգսյանն անհանգստանալու պատճառներ ունի՞:

– Չեմ ցանկանում քաղաքական կոնտեքստում հարցը դիտարկել, ես միայն կարող եմ ասել, որ այսպիսի պրոցեսները երբեք չպիտի  հրապարակային հռետորիկայի բնույթ կրեն: Միգուցե աշխատանքների առաջին փուլում կամ եզրափակիչ փուլում, երբ ամեն ինչ հստակ է, հասարակությանը որոշակի հարցերի պատասխաններ տրվեն, բայց ռազմական ոլորտին առնչվող թեման  իր մեջ որոշակի գաղտնիության տարրեր է պարունակում, իսկ դա ամենևին կապված չէ այս կամ այն պաշտոնյայի, անձի ծառայության  հետ, հետևապես՝ պետք է զգուշավորություն դրսևորել: Ավելին, ապրիլյանի դեպքերը նաև հոգեբանական իմաստով բավականին նուրբ ու զգայուն  են հասարակության համար, մենք բանակում դիրքեր պահող զինծառայողներ ունենք, ուստի թեմայի խորքերը մտնելով՝ պիտի հասկանանք, որ ամեն ինչ չէ, որ կարող ենք էդպես հրապարակային դարձնել:

Բովանդակային մասով մենք պիտի հրապարակային հայտարարություններ անելիս մի քիչ ավելի ուշադիր լինենք:

– Այս օրերին որոշ փորձագետներ որակումներ հնչեցրին առ այն, որ վարչապետի քայլը միտված է ներքին ուժերը ջլատելուն, մասնավորապես՝  գեներալիտետի ամուր հարաբերությունները թուլացնելուն: Ի՞նչ վտանգներ կարող է իր մեջ պարունակել այս հանձնաժողովի ստեղծումը:

– Ես նկատում եմ , որ հատկապես վերջին շրջանում փորձ է արվում բուն գեներալիտետի վրա սլաքներ ուղղել:  Գեներալիտետ հասկացությունը բացասական ֆոնի ներքո է  մատուցվում,  ընդ որում, դրա տակ ներկայացվում են մարդիկ, ովքեր մեր ընդհանուր հայրենիքին մեծ ծառայություն են մատուցել,  նվիրաբար պայքարել են մեր մեծ հայրենիքի ընդհանուր սահմանների պաշտպանության համար: Եթե կա հանցանքի  փաստեր, դրա անհրաժեշտությունը կա, ուրեմն զուտ իրավական դաշտում կարելի է խնդիրը լուծել և անհատական ձևով, իսկ եթե չկա նմանատիպ պրոցես, և իրականում փորձ է արվում բանակի մերօրյա հերոսներից արհեստականորեն հակահերոս ստանալ, հակահեղափոխականի կերպար ձևավորել, դա շատ վտանգավոր է  ու ոչ մի լավ տեղ չի տանում:

Ի վերջո, անկախ այդ սևացնող գործողություններից, սերունդները գիտակցում են, որ, եթե վտանգներ լինեն, ապա առաջինը նույն այդ ռազմական գործիչներն են մղվելու առաջ՝ անկախ բանակում և հասարակության ներսում ունեցած դիրքից, քանի որ հայրենիքին ու խաղաղ բնակչությանը պաշտպանելու պատասխանատվությունը նրանք այսօր էլ, վաղն էլ, երբեք չեն գցի իրենց ուսերից, ինչ էլ որ լինի: Նրանք երկրին նվիրված մարդիկ են ու միշտ էլ կկանգնեն հայկական զինուժի կողքին: Նրանց ճանաչել է պետք…

Իսկ նրանց մասին կարծիքները, որ ձևավորվել են   ուղղորդման արդյունքում, միևնույն է, հարկ եղած դեպքում  արագ  կչեզոքանան:

– Ի դեպ, ընդհանուր օրակարգերից խոսեցինք, «Սասնա ծռեր» կուսակցությունն անընդհատ բարձրացնում է միացման գաղափարը, ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

– Իսկ ո՞վ է ասում, որ միացման գաղափարը «Սասնա ծռերն» է բարձրացնում կամ «տաք» պահում: Դա հայ ժողովրդի օրակարգի առանցքային ուղղությունն է: Վերջին շրջանում տպավորություն է ստեղծվում, որ մեզ համոզում են, որ ճիշտը միացումն է, իսկ մենք դեռ մտածում ենք:

Աբսուրդային իրավիճակ է այդ առումով ստեղծված: Մեր՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մարտավարությունից է բխել՝ գնալ Արցախի միջազգային ճանաչման, ապա՝ վերամիավորման ճանապարհով, սա միայն Արցախի որոշելիքը չի, և եթե մեր միասնական օրակարգում փոփոխություն կա, և այսօր այդ ուղղությունն ենք վերցնում, ապա պետք է համազգային քննարկումների փուլ սկսել, որտեղ հնարավոր կլինի վերլուծել այս կամ այն ուղղությամբ գնալու բոլոր հետևանքները:

Սա միակողմանի գործընթաց չէ, և իմ համար տարօրինակ է, որ այս մասին տարբեր քաղաքական ուժեր կամ գործիչներ խոսում են Արցախում, փորձում պահանջատիրություն ձևավորել Արցախում:

Ինչո՞ւ դա չի խոսվում, քննարկման չի դրվում Հայաստանում, այս թեմայի շուրջ տեղյակ չեմ, արդյո՞ք հնչել է իշխանության դիրքորոշումը: Կրկնում եմ՝ սա միակողմանի պրոցես չէ, եթե մենք պրոցեսի մեջ ենք մտնում, ապա զուգահեռ պետք է գործընթաց ունենանք Հայաստանում:

Իսկ եթե խոսում ենք այն ուժերի մասին, ովքեր ներկայացնում են Արցախի քաղաքական դաշտը, ապա 10 ամսից Արցախում համապետական 2 խոշոր ընտրություններ են՝ նախագահական և խորհրդարանական, լավ կլիներ, որ այդ մոտեցումները որպես նախընտրական պլատֆորմ ներկայացվեին հանրությանը, և հանրությունն էլ որոշեր, թե որ ուղղությամբ է գնում:

Ես վստահեցնում եմ, որ կեղծ են այն պնդումները, որ Արցախում դեմ են Հայաստանի հետ վերամիավորման, այստեղ միայն հարցեր կան դրան հասնելու ճանապարհների շուրջ, և ինչի պատասխանը կարող ենք գտնել մեր ժողովրդի բոլոր հատվածների հետ քննարկումների արդյունքում:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս