«Ընդհանուր առմամբ, սա շատ վատ նախադեպ է». Լուսինե Բադալյան
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, ովքեր ժամեր շարունակ փակել էին ինստիտուտի դռները՝ բողոքելով ռեկտորի պաշտոնում Լիլիթ Արզումանյանի ընտրության դեմ, երեկ ընդունեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու առաջարկը:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին կայացած ռեկտորի ընտրությանը 15 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ ընտրվել էր միակ թեկնածուն՝ Լիլիթ Արզումանյանը։
Հայտարարված մրցույթի արդյունքում ռեկտորի պաշտոնի թափուր տեղի պահանջներին համապատասխանել է երեք հավակնորդներից միայն բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել բուհի ռեկտորի՝ ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով տեղակալ Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը, սակայն նրանք չունեն ռեկտոր ընտրվելու համար պահանջվող կոչումը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ:
Բողոքող ուսանողների կողմից ընտրված 7 հոգանոց խմբի հետ հանդիպումից անմիջապես հետո Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ ձեռք է բերել որոշակի պայմանավորվածություն։
«Այսօր հանդիպեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։ Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ուրբաթ կհանդիպեմ նաև բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ ներկայացված խնդիրների շուրջ նաև նրա տեսակետները լսելու նպատակով։ Ուսանողները նաև առաջարկեցին ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ։ Ուրբաթ օրը կայանալիք հանդիպումից հետո կտեղեկացնեմ նաև ուսանողների հետ հանդիպման տեղի ու ժամի մասին»,- գրել էր նա։
Ի դեպ, այս ակցիաների պատճառով Թատերական ինստիտուտից ազատման դիմում էր գրել Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը։
«Ես չեմ պատրաստվում ենթարկվել որևէ մեկի ճնշմանը, խոսքն այն մասին է, որ ուսանողները փակել էին ինստիտուտի դուռը և այնտեղից որևէ մեկին դուրս չէին թողնում։ Նման պայմաններում ես ո՛չ պատրաստվում եմ աշխատել, ո՛չ էլ այլևս ոտքս կլինի այնտեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր նա։
Իսկ Կառավարման խորհրդի անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իր համար արդեն դժվար է մտնել այդ հաստատություն՝ որպես դասախոս. «Ես չեմ կարող այս որակի ուսանողության առաջ խոսել բարձր բաներից»։
168.am-ն ակցիայի ու դրան հաջորդած հայտնի մտավորականների՝ ինստիտուտից հեռանալու մասին հարցերի շուրջ զրուցեց նաև ռեկտորի ընտրությանը մասնակցած և բողոքի ակցիայի ժամանակ ինստիտուտում «պատանդառված» ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։
«Կարծում եմ, որ ամեն դեպքում ուսանողներն այնքան ողջախոհ կգտնվեն, որ ներողություն կխնդրեն էդ պատկառելի դասախոսներից, և իրենք ներսում կկարգավորեն իրենց խնդիրները՝ հաշվի առնելով, որ երեկ էմոցիոնալ ֆոն էր, ու հնարավոր է՝ իրար հասկացած չլինեն, բայց հուսով եմ, որ ուսանողներն այդ հարցն ինքնուրույն կլուծեն»,- հայտնի մտավորականների արձագանքների վերաբերյալ ասաց Լ. Բադալյանը։
Մեր հարցին, թե ինչպես է գնահատում ակցիան՝ հաշվի առնելով, որ ուսանողներն անընդհատ հղում էին տալիս հենց իրենց կուսակցության գործածած մեթոդներին, և մտավախություն չունի՞ արդյոք, որ բոլոր բուհերի ուսանողները կսկսեն իրենց խնդիրները լուծել այս ճանապարհով, Բադալյանն արձագանքեց.
«Դա շատ վտանգավոր բան է, իհարկե։ Հղումներն ընթացքում էլ էին հնչում, ու մենք հարգանքով ենք վերաբերվում այդ պայքարի իրավունքին, ու ներսում շատ նորմալ հարաբերություններ են եղել: Այսինքն՝ որևիցե մեկից նեղանալու խնդիր չի եղել։ Բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ սա շատ վատ նախադեպ է, որովհետև եթե կան օրինական ընտրություններ, օրինական մեթոդներ՝ ինչպես պիտի արվի, ապա, կարծում եմ, պետք է ուսանողների և աշակերտների հետ գան այդ ընդհանուր եզրակացությանը, պետք է օրենքը հարգել, ամեն դեպքում»։
Զարուհի Դիլանյան