Բաժիններ՝

«Չեմ պատրաստվում ենթարկվել որևէ մեկի ճնշմանը». Ռուբեն Բաբայանը Թատերական ինստիտուտից ազատման դիմում է գրել

Թատերական ինստիտուտում ռեկտորի ընտրությունն ուղեկցվում է ուսանողության կողմից բողոքի ակցիայով, քանի որ նրանք պահանջում են չեղարկել ընտրության արդյունքները և առաջադրել այլընտրանքային թեկնածուի, որը կներկայացնի ուսանողության շահերը։
Ընտրության արդյունքում Թատերական ինստիուտի ռեկտոր է ընտրվել Լիլիթ Արզումանյանը։

Ուսանողները փակել են ինստիտուտի դռները և պնդում են իրենց պահանջը։
Երկար բանակցելուց հետո ուսանողները թույլ տվեցին ինստիտուտի շենքից դուրս գալ միայն Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին, քանի որ վերջինս հայտարարեց, որ ինստիտուտից ազատման դիմում է գրել և այլև չի հանդիսանում այնտեղի աշխատող։

168.am-ը Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառ հանդիսացել, որ ազատման դիմում է գրել, քանի որ երկար տարիներ աշխատում է այնտեղ։

«Ես չեմ պատրաստվում ենթարկվել որևէ մեկի ճնշմանը, խոսքն այն մասին է, որ ուսանողները փակել էին ինստիտուտի դուռը և այնտեղից որևէ մեկին դուրս չէին թողնում։ Նման պայմաններում ես ո՛չ պատրաստվում եմ աշխատել, ո՛չ էլ այլևս ոտքս կլինի այնտեղ։ Իմ անձնական ազատության վրա բռնանալն է ստիպել ազատման դիմում գրել»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

Անդրադառնալով ռեկտորի ընտրությանը, Ռուբեն Բաբայանն ասաց, որ ընտրությունն անցել է առանց խախտումի, ինչն արձանագրել է ամբողջ կառավարման խորհուրդը։

«Տեղի է ունեցել ընտրություն, ռեկտորի անձի վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ։ Ինքս օրինավոր մարդ եմ, եթե կա ընտրություն և արդյունք, ապա դրանց ենթարկվում եմ, բայց երբեք չեմ ենթարկվի որևէ ճնշման իմ անձի հանդեպ՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է այն լինում»,- հավելեց Ռ. Բաբայանը։

Նա վստահեցրեց, որ ազատման դիմում գրելու իր որոշումը վերանայման ենթակա չէ, քանի որ չի բացառվում, որ վաղը կամ մյուս օրը կարող են լսարանը փակել, կամ, օրինակ, որևէ ուսանողի համար այս կամ այն գնահատականը պահանջել։

Ռուբեն Բաբայանն ընդգծեց, որ այս ամենն աշխատանքային պայմաններ չեն, քանի որ սովոր է պատասխանատվություն ստանձնել այն գործի համար, որն իրականացնում է։

«Ընտրությունների ավարտին կարծիք եմ հայտնել, որ կա մեծ խնդիր ռեկտորի և ուսանողների կոմունիկացիայի մեջ, առաջարկեցի, որ առաջիկա օրերին  ամբողջ կառավարման խորհուրդը հանդիպի ուսանողների հետ, քննարկի բոլոր հարցերը։ Բայց ճնշումների չեմ ենթարկվել ամբողջ կյանքում և ճնշումների տակ որևէ որոշում չեմ փոխել։ Ուսանողներն իրենք են ուզել, որ Ռուբեն Բաբայանն այլևս այնտեղ չաշխատի, քանի որ, երբ ասացի, որ ազատման դիմում եմ գրել, բայց թողեցին ու ասացին, որ ֆիքսել են դա»,- եզրափակեց Ռ. Բաբայանը։

Նշենք, որ Ռուբեն Բաբայանը Թատերական ինստիտուտի Դերասանի վարպետություն և ռեժիսուրա ամբիոնի վարիչն է։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս