Պայմանավորվել ենք բոլոր հնարավորություններն օգտագործել, որ ստիպված չլինենք հայտնվել մեզ համար խորթ իրավիճակներում. Բակո Սահակյանը՝ «Իմ քայլի» հետ հանդիպման մասին
Ազգային ժողովում ավարտվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումից հետո Բակո Սահակյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա տեղեկացրել է, որ քննարկել են բոլոր առաջնահերթ նշանակության հարցեր:
«Մենք պայմանավորվել ենք բոլոր հնարավորություններն օգտագործել, այդ թվում՝ հաճախակի հանդիպումներ ունենալ, որպեսզի ստիպված չլինենք հայտնվելու այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ համար, մեր հայրենիքի համար: Հարցադրումները եղել են անկեղծ և ազնիվ: Ես փորձել եմ իմ մոտեցումները ներկայացնել»,-ասել է Բակո Սահակյանը:
Լրագրողները խնդրել են հստակեցնել, թե ինչ մասին է խոսվել. Բակո Սահակյանը նշել է, որ քննարկել են հարցեր անվտանգության համակարգի, միջխորհրդարանական կապերի, բանակցային գործընթացի, տնտեսության հետ կապված:
Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին՝ Բակո Սահակյանը նշել է, որ ցանկալի է՝ նման հանձնաժողովներում ներգրավված լինեն այնպիսի մարդիկ, ովքեր մասնագիտորեն ի վիճակի են իրենց գործունեությամբ օգնելու և չբացահայտված փաստերը բացահայտելու, լրացուցիչ ճշտումներ մտցնելու: