«Չեմ զարմանա, որ քրեակատարողական հիմնարկներում բունտեր սկսվեն». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչ-նախաձեռնությանն ու դրան հաջորդած ելույթին:

Որքանո՞վ էր վարչապետի ասելիքը համապատախանում դատարանի մուտքերը փակած ժողովրդի սպասումներին ու ակնկալիքներին՝ մեր հարցին ի պատասխան՝ քաղաքագետը նշեց.

«Հարցին պատասխանելը դժվար է, քանի որ տարբեր մարդիկ ունեն տարբեր ակնկալիքներ։ Ակնհայտ է, որ դատական համակարգի նկատմամբ վստահությունն այնքան էլ բարձր չէ Հայաստանում և միշտ էլ բարձր չի եղել։ Որ դատական համակարգում ռեֆորմներ են պետք, ինձ թվում է՝ շատ քչերը չեն համաձայնի, սակայն հարցը հետևյալն է՝ եթե դատական համակարգը հայտարարվում է օրենքից դուրս, ապա օրենքից դուրս են նաև նրանց բոլոր վճիռները, որոնք մինչ այդ կայացվել են։ Եվ այդ մի քանի հազար դատապարտյալները, անմեղության կանխավարկածից ելնելով (որովհետև նրանցից յուրաքանչյուրը կարող է սխալ դատապարտված լինել)՝ պետք է ազատություն ստանան»։

Քաղաքագետն անդրադարձավ նաև Փաշինյանի՝ դատական ռեֆորմների մասին հայտարարությանը. «Այդ դատական ռեֆորմներն ինչպե՞ս պետք է արվեն, և ի՞նչ կապ ունի անցումային արդարադատությունը դատաիրավական ոլորտի բարեփոխումների հետ. «Դրանք միմյանց հետ բացարձակ կապ չունեն»։

Ըստ նրա, եթե դատական համակարգն օրենքից դուրս հայտարարվի, ապա ծանրագույն պետական ճգնաժամ կհարուցվի երկրում։

«Չեմ զարմանա, որ քրեակատարողական հիմնարկներում բունտեր սկսվեն, և ասեն՝ ազատեք։ Թե սա ինչի կտանի, ինձ համար անհասկանալի է։ Համենայն դեպս, որքանով ես գիտեմ, համաշխարհային պատմության մեջ նման նախադեպ չի եղել. սա մեծ էքսպերիմենտ է Հայաստանում»,- հավելեց Դանիելյանը։

Ստեփան Դանիելյանը 168.amի խնդրանքով մեկնաբանեց նաև թեմայի մասով  միջազգային գնահատականները, մասնավորապես՝ անդրադարձավ Freedom House-ի Հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենկանի թվիթերյան գրառմանը, թե՝ «Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ այն էր, որ Փաշինյանը, չկարողանալով երկիրը վերափոխել արագ ու կայուն կերպով, կրկին կվերադառնա պոպուլիզմին, որը նրան հասցրեց իշխանության։ Ահա և այդտեղ ենք»։

Քաղաքագետն արձանագրեց, որ գնահատականն անձնական է, ոչ թե կազմակերպության կամ այդ կազմակերպության ղեկավարի. «Ծրագրերի ղեկավարի գնահատականն է, և այդ գնահատականն անձնական է, բայց որ ենթադրվում է, որ այդ մարդը պրոֆեսիոնալ է, տիրապետում է իրավունքին, միջազգային իրավունքին… Իր կարծիքն առաջին ծիծեռնակն է, բայց շատ միջազգային կառույցներ հիմա դժվարությամբ են մեկնաբանելու՝ ինչ է կատարվում, որովհետև նախադեպը չի եղել։ Եթե ընդդիմությունն է հայտարարում, որ դատական համակարգը վատն է, և պետք է արգելափակել դրանց մուտքերը, ինչ-որ ձևով կարելի է հասկանալ (ընդդիմությունը կամ ապստամբները), բայց եթե պետության ղեկավարն է անում, երբ ինքն ունի հնարավորությունը դատաիրավական ռեֆորմներ իրականացնելու…  և դրա փոխարեն՝ իրեն պահում է՝ ինչպես ապստամբը, սա դժվար է գնահատել։

Մի խոսքով, ինձ համար անհասկանալի է. ես շատ դժվարությամբ եմ գնահատում։ Այս իրավիճակն ինձ համար աբսուրդի թատրոն է՝ ես լսում եմ և չեմ հավատում»։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս