Բաժիններ՝

Պատմական բանանը, տեղական հավերի թռիչքն ու թանկացումները

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության ապրանքների գների տատանումներին՝ ներկայացնելով 2019թ. հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 3% և ավելի թանկացած, ինչպես նաև 2.5% և ավելի էժանացած ապրանքների ցանկը:

2019թ. հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 և ավելի տոկոսով թանկացել են հետևյալ ապրանքատեսակները՝

-Թռչնամիս (հավ, հնդկահավ և այլ ընտանի թռչուններ) (կգ)՝ 8%

– Միս տավարի և հորթի (կգ)՝ 4.6%

– Կարտոֆիլ (կգ)՝ 9.2%

– Հաց (կգ)՝ 3.7%

– Մակարոնեղեն (կգ)՝ 3.0%

Նույն ժամանակահատվածում 2.5 և ավելի տոկոսով էժանացել են հետևյալ ապրանքատեսակները՝

– Միս խոզի` թարմ, պաղեցրած կամ սառեցրած (կգ)՝ 7%

– Շաքար (կգ)՝ 11.3%

– Պանիր և կաթնաշոռ (կգ)՝ 4.4%

– Հրուշակեղեն (կգ)՝ 7.4%

– Շոկոլադ՝ 2.5%

Տաքսու վարորդներից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ են մտածում թանկացումների մասին և ի՞նչ առաջարկներ ունեն:

«Էն պատմական բանանը մի պահ էժանացավ, հետո էլի թանկացավ, հիմա կարծեմ 850-950 դրամ է»

«Էն պատմական բանանը մի պահ էժանացավ, հետո էլի թանկացավ, հիմա կարծեմ 850-950 դրամ է, ձմեռվանից մնացած խնձորը, որ, եթե չվաճառվի, ստիպված պետք է տանեն-թափեն, բայց ո՞նց կլինի, ասենք, 150 դրամ լինի. 250-400 դրամ՝ անպայման ու այնպես չէ, որ գյուղացուց իրենք թանկ գնով են առնում, լրիվ վերավաճառողներն են համը հանում: Լոլիկն էլ 850-900 դրամ է, տեղ կա՝ 1100, այսպես ասած՝ որակյալը, դե, 900-ից է սկսվում»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

«Ասինք՝ բիզնեսմեն, չասինք՝ մարդակերներ»

«Թանկացումը հասկացանք, տատանումներ միշտ էլ լինում են, բայց ասա գոնե մաքուր սնունդ ուտենք: Գնում ես լոլիկ առնելու, ոնց որ կարտոֆիլ լինի՝ չոր, անդուր, անհամ, գնում ես կարագ առնելու, որ երեխեդ առավոտ ուտի, գնա դպրոց, մեկ էլ բացահայտում ես, որ սպրեդ ա: Թե ե՞րբ պետք ա էս ամեն ինչին վերջ տան՝ մարդ չգիտի: Ասինք՝ բիզնեսմեն, չասինք՝ մարդակերներ: Ես զարմանում եմ՝ դրանք ո՞նց են իրանց գլուխները բարձին դնում: Ո՞նց կարելի է նման վատ որակի սնունդ արտադրել կամ ներկրել ու ժողովրդի վրա ծախել: Հիմա որ ասեմ՝ կասեն՝ Սովետի մնացորդ բիձա, բայց անկեղծ եմ ասում, ԽՍՀՄ տարիներին բոլորս էկոլոգիապես մաքուր սնունդ էինք օգտագործում, դրա համար էլ առողջ էինք, իսկ հիմիկվա ջահելները… մեղք են էս երեխեքը, մեղք… էհ, ավելի լավ ա՝ չխոսեմ… »,- վրդովված նշեց մյուս վարորդը:

«Կարո՞ղ ա մեր հավերը թևեր առել, թռել-գնացել են»

Տաքսու վարորդներից մեկին էլ զայրացրել էր բրազիլական հավի միսը:

«Շուկան լցրել են բրազիլական սառած հավի մսերով, մեր տեղականն ո՞ւր ա, չեմ հասկանում: Աղջիկ ջան, կարո՞ղ ա մեր հավերը թևեր առել, թռել-գնացել են»,- կատակեց նա:

«Ճիշտն ասած՝ մտնում եմ խանութ, երկու մատնաքաշ եմ առնում, էդ քեզ եղա՞վ 600 դրամ, մի 5 ձու՝ մոտ 400 դրամի, ստացվեց 1000: Իսկ սա ի՞նչ ա նշանակում, որ դեռ բան չեմ առել: Մի քիչ էլ բանջարեղեն՝ արդեն 3000 դրամի սահմանը հատում է: Տենց հատված, ծակ գրպանով գնում ես տուն, մեկ էլ՝ հոպ, երեխին շոր է պետք, դասարանով հավաքվում են՝ փող է պետք: Ընթացքում հիշում ես, որ դեմը ամառ ա, պետք ա ճար գտնես՝ տնեցիքիդ ուրախացնես, մի տեղ գնաք ու հանգստանաք, հեչ չէ՝ 1000 դրամանոց լոլիկը մի երկու օր աչքիդ չերևա, բայց դե ավելի լավ ա դա երևա, քան մեր Հայաստանի հանգստավայրերի գները»,- անկեղծացավ վարորդը:

Տնտեսագիտությունից գլուխ հանող հարևանի բացատրությունը

Տաքսու վարորդներից մեկն էլ հայտնեց, որ ինքն իր հարևանի հետ հերթական անգամ խանութից «շաշացած» դուրս գալուց հետո գլուխ-գլխի են տվել ու հասկացել են թանկացումների պատճառը:

«Էս հարևանս տնտեսագիտությունից գլուխ հանող տղա ա, ասում ա՝ գները թանկացել են, որովհետև գործարարները մտել են հարկային դաշտ: Իսկ այդ դեպքում շուկայում ապրանքների գները բարձրանում են: Կապ ունի նաև համաշխարհային տնտեսությունը: Մնում է՝ ժողովրդի աշխատավարձ-թոշակը բարձրացնեն, որ թանկացումների դեպքում չնեղվեն մարդիկ, ներդրումներ, մրցակցություն լինի»,- եզրակացությամբ կիսվեց վարոդը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս