Ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է դեմենցիայի վտանգը. ԱՀԿ
Մարդիկ ի վիճակի են նվազեցնելու դեմենցիայի վտանգը. դրա համար անհրաժեշտ է ակտիվ ապրելակերպ վարել եւ հրաժարվել վնասակար սովորություններից, մասնավորապես, ծխելուց եւ ալկոհոլի չարաշահումից: Հարկ է նաեւ թույլ չտալ մարմնի զանգվածի չափից դուրս մեծացում, կիրառել առողջ սննդակարգ, վերահսկել արյան ճնշումը, արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի պարունակությունը. այս հանձնարարականներով Ժնեւում հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
«Սպասվում է, որ առաջիկա 30 տարում դեմենցիայով հիվանդ մարդկանց թիվը եռապատիկ կաճի: Մենք պետք է հնարավորինս ամեն ինչ անենք վտանգի նվազեցման համար»,- հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: Նա ընդգծել է, որ հանձնարարականների պատրաստման ընթացքում ստացված գիտական տվյալները հաստատել են ավելի վաղ մասնագետների հայտնած ենթադրությունը. այն, ինչ լավ է սրտի համար, լավ է նաեւ ուղեղի համար:
Ռիսկի պոտենցիալ գործոնների թվում, բացի թույլ ֆիզիկական ակտիվությունից, վնասակար սովորություններից եւ չհավասարակշռված սննդից, մտնում են նաեւ դեպրեսիան, կրթության ցածր մակարդակը, սոցիալական մեկուսացումը եւ ճանաչողական ակտիվության բացակայությունը: Աշխարհում կա դեմենցիայով հիվանդ շուրջ 50 միլիոն մարդ, տարեկան արձանագրվում է մոտ 10 միլիոն նոր դեպք:
Հիմնականում այն ախտահարում է տարեց մարդկանց: Դա աշխարհում տարեց մարդկանց հաշմանդամության եւ անգործունակության հիմնական պատճառներից մեկն է: Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին դեմենցիայով հիվանդների խնամքի միագումար արժեքը կհասնի 2 տրիլիոն դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: