Հնարավո՞ր է արդյոք հայ-իրանական սահմանի փակում, և ի՞նչ էր ակնարկում Էլմար Մամեդյարովը
ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման նոր ալիքի ֆոնին օրերս Բրյուսելում ընթացող Արևելյան գործընկերության բարձր մակարդակի կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը ՀՀ երրորդ սահմանի փակում է կանխատեսել։
Պատասխանելով հայ լրագրողների հարցերին ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ ադրբեջանցի նախարարը փորձել է ցույց տալ, թե իբրև թե ինչքան բան է կորցրել Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի հետ 30-ամյա կոնֆլիկտի պատճառով։
«Երբ խոսում ենք ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին՝ բացելով մի շարք դետալներ, որոնց մասին խոսել ենք, դա առաջին հերթին՝ Հայաստանին խաղաղության նախապատրաստելու մասին է, որպեսզի աչքակապություն չլինի, որպեսզի հասկանանք, որ լավ հարևանությունն ավելի լավ է, քան շրջափակման մեջ մնալը: Չորս հարևան երկրներից երկուսի հետ ձեր սահմանը փակ է, իսկ երրորդը շուտով կփակվի»,- ասել է Մամեդյարովը:
ՀՀ ԱԳՆ-ն չի պարզաբանել, թե խոսքը երկու բաց սահմաններից որի մասին կարող է լինել՝ հորդորելով դիմել ադրբեջանական կողմին՝ նրանց տեսակետը պարզաբանելու նպատակով։ Սակայն դժվար չէ ենթադրել, որ խոսքը հայ-իրանական սահմանի մասին է։
Ավելին, ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացրեց ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ՀՀ կատարած այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։
«168 Ժամը» փորձագետների հետ քննարկել է, թե ինչ փուլում է ներկայումս ԱՄՆ-Իրան առճակատումը, այդ հարաբերությունների սրացման որ փուլում է հնարավոր հայ-իրանական սահմանի փակում, և որքանով է դա իրատեսական։
Ի՞նչ փուլում է ԱՄՆ-Իրան լարվածությունը ներկայումս
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը պարզաբանեց, որ ներկայումս ԱՄՆ-ում նախագահում է հանրապետական Թրամփը, ով հենց նախընտրական շրջանում էր հայտարարել, որ գալով իշխանության՝ վերանայելու է այն պայմանագիրը, որը կնքվել էր Վեցնյակի և ԻԻՀ-ի միջև, ինչը և ինքն արեց։ Իսկանդարյանը հիշեցրեց նաև Թրամփի նախընտրական հայտարարությունն այն մասին, որ ամեն ինչ անելու է ԻԻՀ-ին բանակցային սեղան բերելու նպատակով։ Հետևաբար՝ վերլուծաբանն Իրանի նկատմամբ ամերիկյան ներկայիս լուրջ ճնշումները պայմանավորում է այն հանգամանքով, որ ԱՄՆ-ը ամեն կերպ փորձում է ԻԻՀ-ին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ՝ նոր պայմաններով նոր բանակցություններ վարելու նպատակով։
«Սակայն ԻԻՀ-ն էլ նշում է, որ գնացել է բանակցությունների, շուրջ 10 տարի բանակցել է ոչ միայն՝ ԱՄՆ-ի, այլև՝ եվրոպական երկրների հետ, և եկել որոշակի համաձայնության, ուստի, եթե մի երկրի նախագահ կարող է գրչի մեկ հարվածով ոչնչացնել 10 տարի շարունակված բանակցությունները, որտե՞ղ է երաշխիքը, որ հաջորդ նախագահն էլ այս բանակցությունների արդյունքում ստեղծված փաստաթուղթը չի ոչնչացնի։
Այսինքն՝ իրանական կողմը դա համարում է անիմաստ գործընթաց։ Իսկ քանի դեռ Իրանը չի գնում բանակցությունների և զիջումների, ԱՄՆ-ը ավելի է կոշտացնում իր թե՛ հռետորաբանությունը, թե՛ գործողությունները։ Գիտենք, որ Պարսից ծոցի ջրերին է մոտեցել Աբրահամ Լինքոլն ավիակիրը, սրա հետ մեկտեղ՝ ԱՄՆ-ը Կատարի ամերիկյան ռազմաբազան է համալրել նոր ուժերով։
Այսինքն՝ ԱՄՆ-ը այս ամենով փորձում է ցույց տալ, որ, եթե անհրաժեշտություն լինի, նա կկարողանա ուժ կիրառել ԻԻՀ-ի նկատմամբ, քանի որ Իրանն էլ հերթին՝ մի շարք հայտարարություններ էր արել, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են Հորմուզի նեղուցը փակել, կարող են տարածաշրջանում ԱՄՆ ուժերին հարվածել։ Այսինքն՝ այս պահի դրությամբ հնչում է կոշտ հռետորաբանություն, բայց դեռևս գործողություններ չեն ծավալվել»,- ասաց իրանագետը։
Մեզ հետ զրույցում Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հերթին՝ ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես հայտարարել է, որ մինչև վերջ ճնշում է գործադրելու Իրանի նկատմամբ, ավելին, այդ հայտարարությունները եղել են բոլոր մակարդակներով՝ նախագահ, պետքարտուղար, անվտանգության հարցերով խորհրդական։
Ուստի, նրա խոսքով, այս առումով ոչինչ չի փոխվել՝ Իրանի նկատմամբ ճնշումները շարունակվում են, պատժամիջոցներն ուժի մեջ են, չեն բացառվում նոր պատժամիջոցներ Իրանի նկատմամբ։
Ռազմական բախման վտանգը՝ ցածր
«Ինչ վերաբերում է հետագա ընթացքին՝ որևէ բան բացառել չի կարելի, հատկապես, երբ գիտեք, որ ԱՄՆ-ը ավիակիր է ուղարկել, ինչը նշանակում է, որ էլ ավելի է լարվելու իրավիճակը տարածաշրջանում»,- ասաց Սարգսյանը՝ շարունակելով, որ ռազմական գործողությունների հավանականությունը չափազանց ցածր է համարում։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը փորձում է առավելապես ճնշում գործադրել ամենատարբեր խողովակներով, այդ թվում՝ ուժ գործադրելով, բայց միևնույն ժամանակ՝ Իրանում էլ «ձեռքերը ծալած չեն նստում», հստակ գիտակցում են իրավիճակը, պատրաստ են ցանկացած սցենարի զարգացման։ Բայց, ըստ նրա, Իրանում էլ կա կարծիք, որ ռազմական սցենար չի կարող լիել։
Գ. Իսկանդարյանն էլ գտնում է, որ, եթե կողմերը խոհեմ լինեն, չտրվեն սադրանքների գոնե մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները, մինչև Թրամփի վերընտրությունը չպետք է ռազմական որևէ լուրջ բախում լինի, քանի որ դա բացարձակ հարկավոր չէ Դ. Թրամփին, ով ընտրություններից առաջ այդ դեպքում կունենա տարածաշրջանում ռազմական գործողություն և, բնականաբար, չի կարող ասել, թե կարճաժամկետ առումով դա ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ։
Նրա խոսքով՝ չի բացառվում, որ դա իրեն արժենա հաջորդ նախագահական ընտրությունները, այսինքն՝ նա չկարողանա ընտրվել։ Ավելին, Իսկանդարյանի հավաստիացմամբ, եթե անգամ որևէ խնդիր լինի, և ԱՄՆ-ը կարողանա որոշակի շրջանակներում հաղթող լինել, կունենա այնքան զոհեր, որ դա չի ներվի Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ում։ «Այս հաշվարկները հասկանալով՝ ես կարծում եմ, որ Թրամփը ավելի կոշտ միջոցների չպետք է որ գնա մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները»,- ասաց Իսկանդարյանը։
Հնարավո՞ր է արդյոք հայ-իրանական սահմանի փակում
Անդրադառնալով հայ-իրանական սահմանի փակման մասին խոսակցություններին՝ փորձագետները դա ըստ էության համարեցին ծայրահեղ և անհավանական սցենար տարածաշրջանում։ Գոհար Իսկանդարյանը, հղում կատարելով Մամեդյարովի «կանխատեսումներին», ասաց, որ վերջինս պետք է ամեն ինչ անի, որպեսզի քաոսային և վախի մթնոլորտ ստեղծվի տարածաշրջանում։ «Բայց նաև չենք կարող չասել, որ եթե, Աստված մի արասցե, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը գնա կոշտ քաղաքականության Իրանի նկատմամբ և տարածաշրջանում բարդ իրավիճակ ստեղծի, չենք բացառում, որ Ադրբեջանը փորձի օգտվել այդ իրավիճակից՝ «պղտոր ջրում փորձի ձուկ որսալ»։
Այսինքն՝ նրանք էլ տարիներ շարունակ պատրաստվում են պատերազմի, և հնարավոր է, որ նրանք գնան այդ գործողություններին։ Հայ-իրանական սահմանի փակման մասին կասեմ հետևյալը՝ անգամ եթե պատերազմական գործողություններ լինեն, և փախստականների հոսք լինի Իրանից, մենք չենք կարող սահմանը փակել, այսինքն՝ փակ հայ-իրանական սահման չի կարող լինել։ Այլ հարց է, որ այդ սահմանը չի կարող այնպես ծառայել երկու երկրներին, ինչպես խաղաղ պայմաններում է ծառայել»,- ասաց Իսկանդարյանը։
Նրա կարծիքով, այդ նույն փախստականները նույն հաջողությամբ, ավելի մեծ թափով Ադրբեջանի տարածք են մուտք գործելու, հատկապես՝ թրքախոս իրանցիները, որոնք նույն լեզվով են խոսում, նույն կրոնի, նույն ուղղության մարդիկ են, այսինքն՝ շատ-շատ ավելի մեծ թափով մտնելու են Ադրբեջան։ «Ադրբեջանը պատրա՞ստ է այդքան փախստականների ընդունել և կառավարել իրավիճակը, ես չգիտեմ այդ հարցի պատասխանը։ Կրկնեմ, որ ոչ թե սահմանը կփակվի, այլ չի աշխատի այնպես, ինչպես խաղաղ ժամանակներում»,- ասաց Իսկանդարյանը։
Վաշինգտոնը ճնշումներ չի բանեցնում ՀՀ-ի նկատմամբ
Սուրեն Սարգսյանը որևէ պատճառ չի տեսնում հայ-իրանական սահմանի փակման համար, որքան էլ դա ցանկալի և երազելի լինի Ադրբեջանի համար։ Նրա համոզմամբ՝ հայ-իրանական բարեկամական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, որևէ պետություն, այդ թվում՝ գերտերություն ԱՄՆ-ը, չի կարող ստիպել Հայաստանին, որպեսզի իր երկու սահմաններից մեկը փակի։ Միևնույն ժամանակ՝ նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Վաշիգտոնի կողմից էլ երբևէ ճնշում չի եղել Հայաստանի նկատմամբ Իրանի հետ սահմանը փակելու ուղղությամբ։
«Սահմանի փակման մասին հայտարարություններ եղել են Փաշինյանի կողմից, ես չգիտեմ՝ ինչ նկատի ուներ վարչապետը։ Չեմ կարծում, որ կա աշխարհում մի պետություն, որը կարող է մեզ ստիպել, որպեսզի մենք մեր բարեկամ, հարևան երկրի հետ սահմանը փակենք: Այնպես որ, պետք չէ գնահատական տալ Մամեդյարովի հայտարարությանը, քանի որ, կարծում եմ, դա ավելի շատ մանիպուլյացիոն բնույթի հայտարարություն է եղել»,- ասաց Սարգսյանը։