Բաժիններ՝

Կառավարության միակ ՊՈԱԿ-ում անկենսագիր պաշտոնյաների «կենսագրություն է կերտվում»

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ը սկսել է նոր գործառույթներ կատարել։ Այս դարբնոցում նկարվում են մերօրյա պաշտոնյաների «կարիերնի ռոստի» ձևաթղթերը: Իշխանական «Իմ քայլ»-ական շատ պատգամավորների կենսագրություն «կերտվել» է հենց այս ՊՈԱԿ-ի միջոցով, ինչպես, օրինակ, Թագուհի Ղազարյանինը: ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի ընտրանու մեջ է ընդգրկվել նաև իշխող ուժի ամենասկանդալային դեմքերից մեկը՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ վերջինս նույն այն Արամ Մանուկյանն է, ով իր ֆեյսբուքյան էջում ժամանակ առ ժամանակ գրառումներ է կատարում, ապա անհետանում։ Վերջերս էլ նա գրառում էր կատարել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ և ի պաշտպանություն Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի: «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, Բա էդ պահին բռնեիք։ Հիմար, կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են։ Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»,- գրել էր նա։ Նույն Արամ Մանուկյանը 2018թ. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման ակցիայի ակտիվ մասնակիցներից էր: Իսկ ակցիան, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխության համակիրների կողմից էր կազմակերպվել։

Ամիսներ առաջ էլ նա ֆեյսբուքյան իր էջում իր վերադասի՝ թաղապետ Գևորգ Բաբայանի մասին էր գրել՝ «Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ»,- ու դարձյալ անհետացել։ Բարձրագույն կրթություն չունեցող այս պաշտոնյան մինչ օրս նույնիսկ աշխատանքից չի հեռացվել, իր դիմումի համաձայն՝ չվճարվող արձակուրդի է գնացել։

Ինչևէ, «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ը խնդիր է լուծել նաև իշխող ուժի ավագանիների համար, որոնք բուհ ավարտելուց հետո, կարելի է ասել, իրենց կյանքում ոչինչ չէին արել, Փաշինյանի հեղափոխության օրերին քայլել էին միայն: Նրանք ներկայանում են՝ որպես քաղաքական ակտիվիստներ։

Սակայն, ինչպես երևում է, ՊՈԱԿ-ի աջակցությունը կենսագրություն չունեցող հեղափոխականներին՝ միայն այսքանով չի սահմանափակվել:

168.am-ին հայտնի է դարձել, որ նույն ՊՈԱԿ-ի ավելի քան կես միլիարդ դրամանոց բյուջեն ներկայումս, աշխատակազմից բացի, բաշխվում է ևս մի քանի այլ մարդկանց:

Կառավարության քաղծառայողներից մի քանիսը լրացուցիչ պայմանագրեր են կնքել այս ՊՈԱԿ-ի հետ:

Որոշումը կայացվել է ավելի բարձր օղակից, իսկ նպատակը եղել է այն, որ տքնաջան աշխատող քաղծառայողները չմնան չոր աշխատավարձի հույսին, այս կերպ հատուցվեն:

Իսկ թե ովքե՞ր են այդ արտոնյալները, ինչո՞վ է հիմնավորվել նրանց առավել արդյունավետ աշխատանքը, հույս ունենք՝ գրավոր կտեղեկանանք ՊՈԱԿ-ից:

Եվս մի խիստ ուշագրավ տեղեկություն. սահմանադրորեն պառլամետական համակարգի անցնելուց հետո, երբ նախագահականի և Կառավարության «Տեղեկատվական-վերլուծական կնետրոն» ՊՈԱԿ-ները բոլոր իմաստներով միաձուլվեցին, կրկնակի աճեց նաև աշխատավարձի ֆոնդը՝ 200 մլն դրամից հասնելով 500 միլիոնի:

Հեղափոխությունից հետո այստեղ կադրային փոփոխություններ եղան, «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար նշանակվեց Փաշինյանի քայլարշավն ակտիվորեն լուսաբանած, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանը: «Ազատություն» ռադիոկայանից պետական համակարգ եկած մեր գործընկերոջը՝ չնայած տարիքին ու համեստ կարողություններին, միանգամից վստահվեց մի ամբողջ՝ 150 հոգանոց աշխատակազմ, երեք տարբեր վայրերում տեղակայված մեծածավալ գրասենյակներ ու 500 մլն դրամանոց բյուջե, ինչը պարտադիր չէր, բայց ծախսվել է ընդամենը կես տարում:

Հովհաննես Մովսիսյանը դեռ նոր-նոր գործին ծանոթացած՝ անհամեստորեն առաջին որոշումը կայացրեց՝ հանուն մասնավորի:

Պետությանը տված իր արգասիքի դիմաց՝ հասկացավ, որ պիտի կրկնակի վարձատրվի, 350 հազարից իր աշխատավարձը բարձրացրեց մինչև 700 հազար դրամի, մյուսներին էլ շռայլորեն պատվեց կրկնակի աշխատավարձերով: Տարեվերջին Հովհաննես Մովսիսյանը, տեսնելով, որ դարձյալ փող է մնացել, եղածը վերաբաշխեց պարգևավճարների տեսքով:

Այսքանը՝ աշխատավարձերի մասով։ Ինչ վերաբերում է բովանդակային աշխատանքին, ապա այստեղ Հովհաննես Մովսիսյանը խնդիրներ «բացահայտեց»:

Բացառապես լրագրողի կարիերա արած Հովհաննես Մովսիսյանը հունիսից մինչև տարեվերջ որոշեց երկու անգամ ՊՈԱԿ-ը ենթարկել կառուցվածքային փոփոխության: 2018-ի հուլիսի 1-ին կազմած նոր կառուցվածքն ինչ-որ պահի չբավարարեց նրան, սեպտեմբերին Մովսիսյանը կրկին նոր կառուցվածքի փոփոխություներ ձեռնարկեց: Սա էլ սրտով չէր, դեկտեմբերին հասկացավ, որ աշխատում-աշխատում են, բայց «էլի մի բան էն չի», որոշեց այդ ամբողջը քանդել ու նորից հավաքել: Սատանի ականջը խուլ՝ մինչ օրս ՊՈԱԿ-ն աշխատում է 2019-ի հունվարին ընդունած երրորդ սխեմայի կոնտեքստում: Այսպիսով՝ մեկ տարում երեք անգամ արված կառուցվածքային փոփոխությունները վերջապես ՊՈԱԿ-ը հարմարեցրին 30-ը չբոլորած ղեկավարի քմահաճ ճաշակին:

Ի դեպ, այս աշխատանքում, վարչապետի համար՝ չգիտենք, բայց գոնե լրագրողներիս համար դեռևս աչքի չընկած Հովհաննես Մովսիսյանը վերջերս մի կարևոր ձեռքբերում էլ ունեցավ: Վարչապետ Փաշինյանն այս անձի դերակատարումը կարևորել է այն աստիճան, որ կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ որոշեց ՊՈԱԿ-ն օժտել նոր իրավունքներով: Կանոնադրության գործունեության նպատակների մեջ ավելացված նոր կետի միջոցով՝ այսուհետ Կենտրոնը կզբաղվի նաև տեղեկատվության հրապարակմամբ, ապատեղեկատվության կանխարգելմամբ և մեդիագրագիտության տարածմամբ:

Առանց նոր գործիքակազմի կենտրոնը, փաստորեն, պիտի զբաղվի տեղեկատվություն ստուգելով, ապատեղեկատվության կանխարգելման և մեդիագրագիտության տարածման հետ կապված աշխատանքներով, որոնք ներառված չէին ՊՈԱԿ-ի նպատակների ու գործառույթների մեջ, իսկ թե ոնց՝ կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակման մեջ:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս