«Պատերազմից, մահանալուց չեմ փախել, պետք է իրենցից փախնե՞մ, ո՞վ են իրենք». Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում հայտարարեց, որ իրեն զարմացնում են այն պատճառաբանությունները, որ, եթե իր խափանման միջոց կալանքը փոխեն, և գտնվի ազատության մեջ, ապա կարող է թաքնվել քննությունից։

«Մինչև այսօր մեր Դատախազությունը մարդու անցած ճանապարհը, հեղինակությունն ու ազդեցությունը դիտում է՝ որպես բացասական երևույթ։ Ինձ համար սա շշմելու բան է։ Ուրեմն սրիկայի մեկը պետք է լինես, կյանքում որևէ բանի չհասած, որ ասեն՝ դե, ում է պետք այս մարդը, թող գնա ազատության մեջ, սա ձև՞ է։ «Սպայկայի» տնօրենի կալանավորման հետ կապված՝ լսեցի, որ ասում են, թե նա ազդեցիկ է, դրա համար կալանավորել են։ Իմ կենսագրությունը կարդացած մարդն իրավունք չունի կամ առնվազն անբարոյականություն է, ասել, որ իմ կենսագրությունն ունեցող մարդը կարող է փախնել։ Էդ իրենք ո՞ւր էին, պատերազմից, մահանալուց  չեմ փախել, պետք է իրենցից փախնե՞մ, ո՞վ են իրենք, ի՞նչ են իրենցից ներկայացնում»,- նշեց Ռ. Քոչարյանը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ դիմելով Ռոբերտ Քոչարյանին, նշեց, որ իր հայտարարություններում զուսպ լինի, նախկին նախագահն էլ պատասխանեց, որ ինքը ո՛չ իրավաբան է, ո՛չ փաստաբան, ուստի իրեն փաստաբանությունից չեն կարող զրկել։

«Հարգելի դատարան, ինձ համար վիրավորական է, որ ասում են, թե ես կարող եմ փախնել, համարում եմ, որ ինձ խստագույնս վիրավորել են, Դուք ինձ հասկանում եք, իրենք դա հաստատ չեն հասկանա։ Ես չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է յուրաքանչյուր բառ չափեն-ձևեն նոր ասեն, եթե դա նորմատիվային խոսելաձև է, հայհոյանք չէ։ Այսօր ինձ զարմացրեց մի բան, ասում է՝ տղա չպետք է ասես, ինչո՞ւ չպետք է ասեմ, եթե տեղին է»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Այնուհետև Ռ. Քոչարյանը ցույց տալով դահլիճում գտնվող Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին՝ ասաց, որ այդ մարդիկ իր հետ ճանապարհ են անցել, և երբ Դատախազությունն ասում է, որ գտնվելով ազատության մեջ՝ ինքը կարող է թաքնվել, այդ ամենն ուրիշ ազդեցություն է ունենում իր վրա։

«Իմ տեսակով ես փախնող չեմ, եթե ես փախնող լինեի, այսօր այստեղ չէի լինի։ Գուցե սա իմ մեծ թերություններից մեկն է, երբ պայքարի մեջ եմ մտնում, մեկ սկզբունք ունեմ և ամբողջ կյանքում այդ սկզբունքով եմ շարժվել։ Պաշտոնավարումների ժամանակ միշտ այդ սկզբունքով եմ վարվել, երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից»,- ընդգծեց Ռ. Քոչարյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս