
«Պետք է օր առաջ ազատվել այս սուպերվարչապետական համակարգից»

«Իշխող քաղաքական ուժն արդեն որոշակի հեռավորություն է պահում հեղափոխական հարթակից հնչեցրած խոստումներից, որոնք վերաբերում էին Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, Սահմանադրության փոփոխությանը: Պետք է օր առաջ ազատվել այս սուպերվարչապետական համակարգից, կուսակցապետության վտանգավոր հետնապատկերից:
Մենք առայժմ իշխանության կողմից չենք տեսնում կամք՝ իրենց իսկ կողմից հնչեցրած խոստումները կյանքի կոչելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:
«Բոլորիս մոտ էլ թարմ են հիշողությունները, որ արդեն ՀՀ շատ համայնքներում մենք ունենք քաղաքական սաբոտաժի դեպքեր, երբ որ համայնքի բնակիչներն այլևս չեն ենթարկվում հին գործիքակազմով ընտրված ղեկավարների կառավարման մեթոդաբանությանը և փողոցներ են փակում, անգամ կրակոցներ են հնչում:
Առաջարկում ենք, որպեսզի Ընտրական օրենսգրքում ամրագրվի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու թեկնածուի ֆիլտր, որ մեկ թեկնածուն երկու անգամից ավելի իրավունք չունենա մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին»,- հավելեց Անդրանիկ Գրիգորյանը:
Անի Կարապետյան