«Կոչ կանեի, որ կամերաների առաջ հնչեցված հայտարարություններն, այնուամենայնիվ, համապատասխան լինեին առանց կամերաների արվող հայտարարություններին»

«Անկեղծ ասած, այս հարցով յուրաքանչյուր նոր մեկնաբանություն կարող է նոր հակասությունների առիթ դառնալ: Կարծում եմ՝ այն, ինչ արդեն եղել է, բավարար է՝ հասկանալու համար, որ խոսքը ոչ թե դատավարության վրա ազդեցությանը, այլ կալանքը փոխելու հարցին է վերաբերում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ մեկնաբանելով Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը ՀՀ իշխանություններին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին:

Ըստ նրա՝ Արցախում կան այդպիսի տրամադրություններ, նախորդ ամիսներին նաև Արցախի պատգամավորներն էին նույնանման նամակ հղել:

Երկու հայկական պետությունների միջև հնարավոր լարվածության մասին խոսակցությունների կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարդկային և գործընկերական կոչ արեց ընթացող հիմնական ու շատ դրական գործընթացների տպավորությունն առանձին դրվագներով չփչացնել:

Անդրադառնալով ԱՀ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններին՝ Ա.Միրզոյանը հայտարարեց, որ անձամբ մեծ հարգանք ունի Բալասանյանի նկատմամբ.

«Բայց հասկանում եմ, որ Արցախում արդեն մեկնարկել է նախընտրական շրջանը: Կառաջարկեի՝ շատ առաջ չընկենին մեր գործընկերները իրադարձություններից: Եվ ընդհանրապես կոնկրետ այդ հայտարարության ու պարոն Բալասանյանի մյուս հայտարարությունների մասով ուղղակի կոչ կանեի, որ կամերաների առաջ հնչեցված հայտարարություններն, այնուամենայնիվ, համապատասխան լինեին առանց կամերաների արվող հայտարարություններին»:

Ա.Ղուլյանն իր հերթին հերքեց որևէ լարվածության առկայություն. «Որևէ հակասություն չկա, և որևէ սրացում չի կարող լինել: Մենք այսօր դրա համար այստեղ ենք, որ պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով ցույց տանք, որ հայկական երկու հանրապետությունների միջև հարաբերությունները միշտ եղել են բարեկամական և եղբայրական: Կարող են լինել աշխատանքային հարցերում տարաձայնություններ, բայց մամուլը չի կարող որևէ ձևով նսեմացնել մեր հարաբերությունների մակարդակը: Ես չեմ ուզում, որ այս հարցում որևէ թյուրըմբռնում լինի: Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ մարդիկ կարող են ունենալ մասնավոր կարծիքներ»:

Տեսանյութեր

Լրահոս