«Տնտեսության մեջ դրական տեղաշարժ չկա, սա մտածելու տեղիք է տալիս՝ տարվող քաղաքականության վերանայման առումով». Տնտեսագետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելով կառավարման մեկ տարին՝ «Նոր Հայաստանի» մասին ներկայացրեց 100 փաստեր՝ տնտեսության, կրթության ու գիտության, Զինված ուժերի, գյուղատնտեսության և այլ ոլորտների վերաբերյալ՝ միաժամանակ նշելով, որ փաստերը շատ են, պարզապես առանձնացրել է միայն 100-ը։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետի թվարկած 100 փաստերից տնտեսական ոլորտին վերաբերող հատվածին, մասնավորապես՝ 50 հազարից ավելի աշխատատեղերի ստվերից դուրս բերելուն, որի մի մասը նոր է ստղծվել, նկատեց՝ որևէ մեկը չի ուզում կասկածի տակ դնել վարչապետ Փաշինյանի հնչեցրած այդ տեղեկատվությունը, բայց մի քանի առումներով կա թվերի անհամապատասխանություն։
«Նախ՝ եթե Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով նայենք զբաղվածների ու գործազուրկների թվերին, ապա 50 հազարով գործազուրկների թիվը չի նվազել։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական 1000 դրամ է վճարում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, բաւյց այնտեղից էլ նշել են, որ հիմնադրամին ամսական 50 մլն դրամ չի ավելացել։ Այսինքն՝ ստվերից 50 հազար աշխատողի դուրս բերելուց հետո այդքան մուտք պետք է լիներ հիմնադրամ, բայց չկա։ Եթե միայն այս երկու թվերը համադրենք, ապա ակնհայտ է, որ 50 հազար և ավելի աշխատատեղ ստեղծելու մասին հայտարարությունն անհասկանալի է։
Կարևոր մեկ այլ հանգամանք էլ կա՝ մեր տնտեսությունը նման չափով աշխատատեղերի ստեղծման առումով շատ զգայուն կլիներ, ինչը եթե լիներ, ապա մեծապես պետք է մեծացներ թե՛ տնտեսությունում պահանջարկը, թե՛ տարբեր ոլորտներում կնկատվեր էական տնտեսական աճ, որը կրկին չկա։ Հետևաբար, ենթադրում եմ, որ ուղղակի վարչապետին ոչ այդքան հավաստի տեղեկատվություն է ներկայացվել»,- նշեց տնտեսագետը։
Անդրադառնալով ներդրումների հետ կապված իշխանության խոստումներին և ներդրումային միջավայրին, Կառլեն Խաչատրյանը նշեց՝ Հայաստանում ներդրումային միջավայրը բարենպաստ չէ, ինչն ակնհայտ երևում է նաև պաշտոնական վիճակագրությունից։
Մեկ տարվա կտրվածքով 2018 թվականին նույն ծավալի ներդրումներ են եղել, ինչ 2017 թվականին, սա էլ այն դեպքում, երբ նախորդ տարվա կեսից երկրում ձևավորվել էր փաստացի նոր իշխանություն։
«Հայաստանում օտարերկրյա ներդրումների ավելացման դինամիկա չի նկատվում։ Այստեղ մի քանի կարևոր հանգամանք կա. բացի այն, որ խստացվել է հարկային վարչարարությունը, Հարկային օրենսգիրքն ու խաղի կանոններն են անընդհատ փոփոխվում, կա նաև որոշակի կայունության խնդիր։ Որևէ բիզնես ներդրում չի կատարի այնպիսի տնտեսությունում, որտեղ մինչև վերջ մի կողմից՝ խաղի կանոնները հստակ չեն, մյուս կողմից՝ վիճակը կայուն չէ։ Կարևոր մեկ հանգամանք ևս կա՝ անընդհատ խոսում ենք օտարերկրյա ներդրումներից, բայց մոռանում ենք տեղական ներդրումները։ Տեղացի ներդրումները ևս ցուցաբերում են նույն զգուշավորությունը, և այդ առումով ևս, ցավոք, որևէ դրական միտում չկա»,- շեշտեց Կառլեն Խաչատրյան։
Ինչ վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին, որը մեկ տարվա ընթացքում գրեթե մատնվել է անուշադրության, տնտեսագետն ասաց, որ տարիներ շարունակ, հատկապես՝ վերջին մի քանի տարիներին, Հայաստանում տարվող տնտեսական քաղաքականությունն ունեցել է հստակ վեկտոր՝ արտահանման պոտենցիալ ունեցող ճյուղերի զարգացում, և տնտեսական քաղաքականությունը մեծապես կառուցվել է հենց այս տրամաբանության շրջանակներում։ Այս ամենի նպատակն է եղել՝ դիվերսիֆիկացնել տնտեսությունը և ներքին ու արտաքին ցնցումներին այն ավելի դիմադրողական դարձնել։
«Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերությունն արտահանվում է, կիսում եմ այն մտահոգությունները, որ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական մեծ ստանդարտներ պետք է սահմանվեն, հանքահումքային պաշարներն ավելի խնայողաբար օգտագործենք, և այլն։ Բայց մյուս կողմից էլ՝ պետք է հասկանանք այն իրականությունն ու իրողությունները, որոնք այսօր առկա են։
Հանքարդյունաբերությունով մենք տարբեր ընկերությունների արգելում ենք այդ գործունեությամբ զբաղվել։ Մի կողմ թողնենք այս ընկերությունների աշխատողների զբաղվածությունը, սոցիալական վիճակը, բայց զուտ տնտեսական աշխուժացման, համախառն ներքին արդյունքի ցուցանիշի առումով մենք այս պահին հստակ այլընտրանք չենք կարողանում առաջարկել։ Հետևաբար՝ նման քաղաքականության վարումն արդարացված կլիներ, եթե մենք տնտեսության այլ ճյուղերով որոշակի զարգացումներ կարողանայինք ապահովել, և տեսանելի լիներ այդ ոլորտների աճը»,- ընդգծեց Կառլեն Խաչատրյանը։
Հարցին՝ մեկ տարվա ընթացքում Կառավարությունը տնտեսության մեջ որևէ դրական քայլ չի՞ իրականացրել, տնտեսագետը պատասխանեց, որ դժվարանում է որևէ դրական տեղաշարժ մատնանշել, քանի որ ըստ էության դրական տեղաշարժ չկա։
«Բայց եթե խորը դիտարկենք, ապա 2018 թվականը փակել ենք 5,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով, ինչը վատ չէ։ Բայց եթե այն համադրենք նախորդ տարիների 7-7,5 ցուցանիշի հետ, ապա ունենք որոշակի նվազում։ Իսկ ռեալ փոփոխություն չենք նկատում, քանի որ ՀՆԱ-ն, տնտեսության մակարդակը չի աճել, զբաղվածության մակարդակի բարելավում չկա, արտահանման և ներմուծման անկում ունենք, և այլն: Այս ամենը դրական միտումների մասին չի կարող խոսել, ավելին՝ սա մտածելու տեղիք է տալիս՝ տարվող քաղաքականության վերանայման առումով»,- նշեց նա։
Զվարթ Խաչատրյան