«Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանն էլ կարող էին նման 100 փաստ բերել». Քաղտեխնոլոգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Կառավարության մեկ տարին ամփոփելիս՝ ներկայացրեց 100 փաստ՝ երկրի տնտեսությունից մինչև Զինված ուժերում կատարված փոփոխությունները։

Վարչապետի ներկայացրած 100 փաստերի շուրջ 168.am-ը զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

– Պարոն Բադալյան, Կառավարության մեկ տարին ամփոփելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 100 փաստ, ի՞նչ կասեք դրանց վերաբերյալ։

– Այս փաստերի մի մասի հետ մենք կարող ենք համաձայնել, մի մասի հետ՝ ոչ, բնականաբար, դժվար է մտաբերել 100 փաստ և հիշել, թե դրանցից որոնք են կատարել, որը՝ ոչ։ Խնդիրը սրա մեջ չէ, սա հո տնային աշխատա՞նք չէ, որ 100 խնդիր են տվել լուծելու, 70-ը լուծել են, 30-ը՝ ոչ։ Հեղափոխությունը, ինչպես իրենք են ասում, ոչ թե նրա համար պետք է լիներ, որ այդպիսի փաստեր շարադրեին ու նման ցուցակ կազմեին, այլ մեկ տարի հետո պետք է տեսնեինք երկրի օրեցօր զարգացող վեկտորը, որ հստակություն լիներ։

Մեկ տարվա ընթացքում կարող էին ընդամենը Սահմանադրությունը փոխեին և դարձնեին ԵՄ երկրների ժողովրդավարությանը համապատասխանող Սահմանադրություն։ Մեկ տարվա ընթացքում կարող էր գնալ այդ քայլին, ինչն ավելի կարևոր կլիներ, քան ներկայացված 100 փաստերը։ Օրինակ՝ Կարեն Կարապետյանի կառավարման տարիներին նա չէ՞ր կարող նման փաստեր բերել, կամ Սերժ Սարգսյանը, նրանք կարող էին 100 փաստ բերել, բայց սա չէ խնդիրը։ Հեղափոխությունից մեկ տարի անց պետք է տեսնեին երկրի զարգացման հստակ ուղղությունը՝ դա չկա։

Ավելին՝ կարող էր լինել 5-6 օրենքի նախագծեր, որոնք կնախանաշեին երկրի զարգացման տեսլականը, և սա իրենից ավելի մեծ կարևորություն կներկայացներ, քան 100 փաստը։ Հարցը թերթեր կամ եթեր լցնելը չէ, պետք է կարևոր լինի այն, թե ի՞նչ խնդիր է դրված Կառավարության դիմաց 5 կամ 10 տարի հետո, ինչպիսի՞ դատաիրավական համակարգ պետք է լինի, կրթության բնագավառն ինչպե՞ս պետք է լինի, արտաքին քաղաքականության, տնտեսության զարգացման հայեցակարգը ո՞րը պետք է լինի, և այլն, սրանք չկան, թե չէ 100 փաստ միշտ էլ կարելի է բերել։

Մեթոդաբանական սխալ էր 100 փաստ բերելը, որովհետև դրանով ցույց չի տրվում երկրի զարգացման որևէ վեկտոր, սա լուրջ խնդիր է։ Երբ ասուլիսի ժամանակ վարչապետն ավարտեց փաստերի ներկայացումը, լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերը վերաբերում էին ոչ թե այդ փաստերին, այլ բոլորովին այլ բաների, այսինքն՝ տալիս էին հարցեր, որոնք ընդհանրապես կապ չունեին այդ 100 փաստերի հետ։ Սա լավագույն հայելին էր՝ ցույց տալու, որ վարչապետի բերած փաստերն ընդհանրապես կապ չունեին իրականության հետ և կարևորություն չէին ներկայացնում։ Հավատացեք, դրանց մասին 1-2 օր հետո բոլորը մոռանալու են։

– Եթե Ձեր նշած հայեցակարգերը՝ տարբեր ոլորտների հետ կապված, իշխանությունը չի ներկայացնում կամ դրանց մասին չի խոսում, նշանակում է, որ այդ ոլորտների զարգացման ուղղությամբ քայլեր չի՞ իրականացնում։

– Բացարձակ քայլեր չեն կատարվում։ Օրինակ, դատաիրավական համակարգի հետ կապված՝ երեկ վարչապետը նշեց, որ իր թիմակիցներին հանձնարարել է մինչև տարվա վերջ անցումային արդարադատության մասին օրենքի նախագիծ մշակել, սակայն անցումային արդարդատությունը՝ անգամ այդ ինստիտուտը Հայաստանի դատաիրավական համակարգի զարգացման հայեցակարգ չէ։

Դա կարող է մի կետ լինել, բայց ընդհանուր հայեցակարգը չկա։ Լավ, ենթադրենք՝ անցումային արդարադատությունը մշակեցին, որից հետո նախկին պաշտոնյաներից որոշակի բռնագրավումներ արեցին, բայց դրանից կարո՞ղ ենք եզրակացնել, որ, օրինակ՝ Դատախազությունը, Վճռաբեկ կամ Վերաքննիչ դատարաններն ինչպիսի՞ փոփոխության կարող է ենթարկվեն։

Կամ՝ խոսում ենք, որ ԱԱԾ-ից ինչ-որ մարմիններ պետք է դուրս գան և միանան Քննչականին, սրա մասին ընդհանրապես խոսակցություն չկա, խոսք չկա նաև ՀՔԾ-ի մասին: Այսինքն՝ նա այդպե՞ս է մնալու, թե՞ դառնալու է հակակոռուպցիոն մարմին։ Էլ չեմ խոսում դատական համակարգում կադրային բարեփոխումների մասին։ Երբ նախորդ տարի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, մարդկանց մոտ դժգոհություն կար, հասարակության մի հատվածը դժգոհում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարած ռուսամետ քաղաքականությունից։

Այսինքն՝ նա երկրի ներսում լեգիտիմ չէր, ինչը փոխարինում էր սկզբում՝ Արևմուտքի հետ Ասոցացման պայմանագիր կնքելու գործընթացով, այնուհետև՝ մեկ գիշերվա մեջ նա այդ կուրսը փոխեց և անցավ ռուսամետության։ Հասարակությունն ուզում էր, որ ՀՀ իշխանությունները վարեն բազմավեկտոր քաղաքականություն, բայց մենք ի՞նչ տեսանք իշխանափոխությունից հետո։

Իշխանափոխության հենց սկզբից վարչապետ Փաշինյանը սկսեց համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխություն գունավոր չէ, և անընդհատ առիթներ էր փնտրում նրան դուր գալու համար՝ անձնական հարաբերություններ հաստատելու և ապացուցելու, որ ինքը շատ ավելի դաշնակցային հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, քան նախկին նախագահը։ Վարչապետը գնաց Իրան, վերադարձավ, որևէ գործնական արդյունք չկա, նույնը Գերմանիայի դեպքում էր, որևէ հաջողություն չկա Չինաստանի, Արաբական երկրների հետ: Այսինքն՝ արտաքին քաղաքականության մեջ ընդգծված պուտինամետ քաղաքականություն է վարում։

Չնայած այս ամենին, մենք տեսնում ենք, որ այս մեկ տարվա ընթացքում ո՛չ ՌԴ ղեկավարությունը և ո՛չ էլ նրա ներկայացուցիչներն են եկել Հայաստան, իսկ եթե եկել են, ապա դա միայն ԵԱՏՄ-ի կոլեկտիվի շրջանակներում է եղել։ Իհարկե, հարց է, Պուտինը հոկտեմբերի 1-ին կգա՞ Հայաստան, թե՞ ոչ, բայց այդ այցն էլ է ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Որևէ լուրջ հանդիպում չի եղել, նա չի ընդունվում աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։ Ահա սա է խնդիրը, որ չկա արտաքին քաղաքականության հայեցակարգ, դրա համար էլ ամեն ինչ վերածվում է պուտինամետության։

– Վերջին մեկ տարվա ընթացքում շատ կարծիքներ են հնչում, որ նախորդ իշխանությունները երկիրը քանդել են, կեղեքել, ուստի մեկ տարվա ընթացքում նոր իշխանությունները ոչինչ չեն կարող անել։ Մեկ տարվա ընթացքում ի՞նչ կարող էին անել այս  իշխանությունները, որ չեն արել, բացի տարբեր ոլորտների վերաբերյալ հայեցակարգեր մշակելուց։

– Այդ խոսակցությունը, որ նախորդ իշխանությունները 30 տարի երկիրը քանդել են, նոր իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրվող PR արշավ է, քանի որ մեկ տարվա ընթացքում այն սպասումները, որ կային, չի իրականացել։ Հիշում ենք, որ իշխանություններն ասում էին՝ եթե ՀՀԿ-ն ԱԺ-ում չլինի, իշխանություն չունենա, ապա կլինեն բազում ներդրումներ։ Բայց տեսնում ենք, որ որևէ ներդրում չկա, այսինքն՝ երբ մեծ սպասումներ են տալիս և հավատում, որ իրոք այդպես է լինելու, և տեսնելով, որ չի լինում, բնականաբար, ինչ-որ բանով պետք է արդարանան։ 30 տարի երկիրը չի կործանվել, եղել են խնդիրներ, ընտրություններ են կեղծվել, բայց այնպես չէ, որ երկիրը դարձել էր անապատ, և այսօր նոր-նոր պետք է աճեցնեն։

Մեկ տարվա ընթացքում, եթե իշխանությունը հայեցակարգեր մշակեր ու դներ շրջանառության մեջ, սա արդեն լուրջ զարգացումների կբերեր, ոչ թե փաստեին, թե մեկ տարվա ընթացքում գազալցակայանի զուգարաններն են մաքրել կամ, չգիտեմ, վիրահատությունն են դարձրել անվճար։ Իհարկե, սա շատ լավ բան է, բայց երբ չկա երկրի զարգացման վեկտոր, բնականաբար, պետք է հաշվետվությունը լիներ «կողքից բռնած» փաստերով։ Մի պանրի գործարանի բացմանը վարչապետը մասնակցեց, այն էլ՝ տնօրենին հետո կալանավորեցին։

– Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում իշխանությունը ոչինչ չի՞ արել։

– Իշխանությունը մեկ տարվա ընթացքում չորս բան է արել՝ վերացրել է քրեաօլիգարխիկ համակարգը, արդար և թափանցիկ ընտրություններ է տեղի ունեցել, վերացել է համակարգային կոռուպցիան, հեռուստաընկերությունները դարձել են անկախ, իսկ կայքերն ու թերթերը, այսպես թե այնպես, անկախ էին։

Այլ բան տեղի չի ունեցել, քանի որ նախորդ տարվա հեղափոխությունն իր ավարտին չհասավ, տեղի ունեցավ միայն իշխանափոխություն, հինը վերացվեց և դրա կարկասի վրա կառուցվեց նորը, վարչապետի թիմն ընդամենը եկավ և նստեց այդ կարկասի վրա։ Սա է պատճառը, որ հեղափոխությունը վերացվեց, միայն իշխանափոխության և վարչապետի այսօրվա թիմն ի վիճակի չէ մշակելու լուրջ հայեցակարգեր, պոտենցիալ չունի։

Ի դեպ, երբ վարչապետն իր ելույթում նշեց, որ գործադիրում թևեր չեն կարող լինել, և այդ թևերը հենց սաղմում կկտրի, նա չիմացության կոպիտ սխալ թույլ տվեց։ Նա չարաչար սխալվում է, ցանկացած իշխանությունում միշտ լինում է մարդկանց խումբ, որոնք ուզում են լինել առաջինը, սա բոլոր երկրներում կա և բնական է։ Սա անհնար է վերացնել։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս