Բաժիններ՝

«Գիրքն իր մեջ մանկապղծություն է պարունակում. ձևավորում է կա՛մ պղծվողների, կա՛մ պղծողների». Կարինե Նալչաջյան

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքի շնորհանդեսի փորձն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի քննադատությունն ուղղված այն անձանց, ովքեր գրքի շնորհանդեսը տապալեցին՝ համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց և սովորական քաղաքացիների, և մասնագետների շրջանում։

Արդյո՞ք ճիշտ է նման մատուցումը, արդյո՞ք արդարացի են այն քննադատությունները, թե գիրքը վտանգներ է պարունակում: Այս հարցերի շուրջ զրուցեցինք հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ։

«Ես կարդացի այն, որովհետև շատ կարևոր հարց է։ Ավելին չէի էլ սպասում, ճիշտն ասած. հոգեբանական տեսակետից բացարձակ անգրագիտություն է։ Հոգեբանական օրինաչափությունների, երեխայի հոգեբանական զարգացման օրինաչափությունների զրո իմացություն»,- 168 am-ի հետ զրույցում գրքից ստացած մասնագիտական տպավորությունը հայտնեց հոգեբանը։

Ըստ նրա՝ երեխայի հոգեսեռական, հոգեսոցիալական զարգացումը հոգեբանության մեջ ուսումնասիրված հարցեր են. «Հոգեբանությունը՝ որպես գիտություն, այս հարցերում շատ լուրջ ճանապարհ է անցել, և հիմա տպավորւթյուն է, որ մենք ինչ-որ մեկի թեթև ձեռքով գնում ենք քարե դար. կարծեք թե քաղաքակրթությունն ընդհանրապես առաջ չի գնացել։ Էլ չեմ ասում ամենապարզ գրագիտության մասին՝ լեզվական, ոճական. միանգամից երևում է, որ ոգեշնչված են եղել (էնտեղ գրել են, չէ՞, որ ոգեշնչվել են): Երևում է, որ ոգեշնչված վերցրել են ու շտամպային ձևով թարգմանել են»։

Նալչաջյանը նկատում է, որ այն խորթ է մեր մտածողությանը, մշակույթին և հիշեցնում է, որ պարկեշտ վարվելաձևի կանոնները մենք մեր երեխաներին սովորեցնում ենք. «Մարդիկ, ովքեր մեզ վրա աշխատում են, ուզում են մեզ դաստիարակել, հանկարծ չմտածեն, որ գործ ունեն ինչ-որ միաբջիջների հետ։ Մեր հասարակությունը կրթված մարդկանց հասարակություն է. մենք մասնագետներ ունենք»։

Հոգեբանն անդրադարձավ նաև գրքի պարունակության մատուցման վտանգավոր հետևանքներին. «Արհեստականորեն խեղաթյուրում են երեխայի հոգեսեռական բնականոն ընթացքը։ Գիտեք՝ ինչ կլինի. մենք ստանում ենք զոհեր, որոնք պատրաստ են դառնալ։ Մենք ֆիքսում ենք իրենց մարմնի վրա։ Այդ տարիքում մարմնի որոշակի հատվածների հանդեպ, ինչի մասին իրենք այդպես ոգևորված խոսում են, ընկալման յուրահատկություններ կան էդ տարիքի համար։

Հաշվի առնված չէ ո՛չ մի օրինաչափություն. մենք բերում ենք երեխային, արհեստականորեն դնում ենք զգացողությունների մեջ, որն էդ պահին իրենը չէ, մենակ արհեստականորեն ֆիքսում ենք երեխային իր մարմնի էդ հատվածների վրա… Ուղղակի աբսուրդ է։ Գիրքն իր մեջ մանկապղծություն է պարունակում արդեն. ձևավորում է կա՛մ պղծվողների, կա՛մ ՝պղծողների։

Սա հասկանում են մարդիկ, հասկանում են՝ ինչ-որ արհեստական բան է մտցված։ Տեսեք, ես ինչքան ասում եմ, որ գրագետ չի հոգեբանական առումով, բայց գիտե՞ք, էստեղ գրագետ ձեռք եմ տեսնում. ով որ մշակում է երեխաների հետ աշխատելու համար այսպիսի ծրագրեր, նա և գրագետ ձևով մշակում է, թե ինչպե՞ս կարելի է գրագետ ձևով խեղաթյուրել մարդու զարգացումը, այսինքն՝ այդտեղ գրագետ է հաշվարկված»։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս