«Մանվել Գրիգորյանին վերագրվող մեղադրանքները հնարածին են, և բավական է՝ տեղի ունենա արդար դատավարություն, և ամեն ինչ պարզ կլինի». փաստաբան
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանի այսօրվա դատարանների ընդհանուր վիճակը հիշեցնում է նախորդ դարի 20-ական թվականները, երբ հեղափոխությունից հետո պետական մակարդակով այնպիսի գիտակցություն էր ձևավորվել, որ արդարադատություն ունակ էր իրականացնել միայն բանվորագյուղացիական դաշինքի ծոցից դուրս եկած կարմիր ոստիկանը, չեկիստը, դատավորը։
«Այսօր նմանօրինակ պատկեր եմ տեսնում քրեական որոշ գործերով՝ ընտրովի արդարադատություն իրականացնելու հետ կապված։ Բոլորս էլ հիշում ենք Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց տեղի ունեցած փողոցային արդարադատությունը, երբ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել էր գրավով։ Այդ ժամանակ իրավապաշտպանները բարձրաձայնեցին, նաև մամուլում տեսաերիզ պտտվեց, որ ինչ-որ անձնավորություն մոտեցավ ժողովրդին և հայտարարեց, որ երեք օր սպասեն, և ամեն ինչ լավ կլինի։ Այս ամենից հետո իմ պաշտպանյալը տեղափոխվեց կալանավայր, սակայն որևէ մեկը բացարձակ դրա գնահատականը չտվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Լևոն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի միջամտելու դատական համակարգին ու քննչական գործողություններին, բայց այդ ամենը քիչ է, քանի որ կա միջամտողը՝ պետական լիազոր մարմինները, ի դեմս՝ վարույթ իրականացնող մարմնի։
Ըստ նրա, մինչև հեղափոխություն դատավորների տեսակ կար, որը, գտնվելով գործադիրի հսկողության տակ, սպասում էր, թե ինչ ցուցում կստանա նրանից։ Այսօր էլ նույն դատավորները նույն բովանդակությամբ աշխատում են՝ իրականացնելով նույն գործառույթները։
Փաստաբանի կարծիքով՝ Մանվել Գրիգորյանին վերագրվող մեղադրանքները հնարածին են, և բավական է՝ տեղի ունենա արդար դատավարություն, և ամեն ինչ պարզ կլինի։
«Իմ պաշտպանյալին նաև մեղադրանք է առաջադրված հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Քրեական օրենսգրքում կա հոդված, որի իմպերատիվ պահանջը հետևյալն է, որ, եթե մեղադրյալը կատարում է իր պարտականությունը, ապա պատկան մարմինը պարտավոր է գործը կարճել։ Դեռևս նախաքննության ընթացքում հայտարարություն եղավ, որ պատրաստ ենք կատարել այդ պարտավորությունները, բայց ի՞նչ արեց վարույթ իրականացնող մարմինը. նա անտեսեց օրենքի այդ դրույթը, գործն ուղարկեց դատարան։ Եզրակացությունը հետևյալն է, այդ քրեական գործում տեղի է ունեցել և տեղի է ունենալու ընտրովի արդարադատություն»,- շեշտեց Լ. Բաղդասարյանը։
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործով օրերս տեղի ունեցած առաջին դատական նիստին, փաստաբանն ասաց, որ դատավորը, լինելով շատ պրոֆեսիոնալ, կոպիտ խախտումներով մեկ րոպե շուտ ցանկացել է լսել նիստը։
«Գուցե սրանով դատավորը ցանկացել է մեսիջ ուղարկել ինչ-որ անձանց ՝ցույց տալով, թե ինքն ինչպիսի կամակատար է։ Տեղեկացնում եմ, որ պաշտպանական գործիքակազմն ըստ էության համարում է սպառված ներպետական ատյաններում և, օրենքով սահմանված կարգով, դիմելու է ՄԻԵԴ և միջազգային այլ ատյաններ»,- եզրափակեց փաստաբանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան