
Շիրակում գարնանացանի համար տարին նպաստավոր չէ

Շիրակում բնակլիմայական պայմանների պատճառով այս տարի հացահատիկի բարձր բերք չի կանխատեսվում: Տարին գարնանացանի համար նպաստավոր չէ հատկապես նախալեռնային ու լեռնային գոտիներում: Տևական անձրևների պատճառով Շիրակում այս տարի գարնանային գյուղատնտեսական աշխատանքները ձգձգվեցին, ինչը չի կարող իր դերը չունենալ բերքի վրա:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը: «Եղանակն այնքան է խեղդել, որ գարնանացան հացահատիկի ցանքերն ու կարտոֆիլի տունկը միաժամանակ ենք կատարում: Որպես գյուղատնտեսության ոլորտի համակարգող կարող եմ ասել, որ սա լավ բանի չի բերում:
Կա ցանքերի կոնկրետ ժամանակացույց, ըստ որի՝ համայնքներն իրականացնում են աշխատանքները, իսկ այս տարի անբարենպաստ եղանակի պատճառով ժամանակացույցը խառնվեց, իսկ գարնանացանի անգամ մեկ օրվա ժամկետի խախտումը կարող է մեզ խնդրի առաջ բերի»,-նշեց պատասխանատուն:
Շատ կարճ ժամկետներում օպերատիվ կերպով պետք է ցանքերը կատարվեն: Անգամ անհրաժեշտության դեպքում գիշերները պետք է ցանք կատարել: Այս տարի գյուղատնտեսական տարին շատ է հետ ընկել, նախորդ տարիներին մինչև մայիսի 1-ն ավարտված է եղել, իսկ հիմա դեռ շարունակվում է: Պատասխանատուն հուսով է, որ առաջիկայում եղանակը նոր անակնկալներ չի բերի, ինչը որոշ չափով կօգնի գյուղացիներին: «Եղել է գարնանացանի համար անբարենպաստ տարի, բայց լավ բերք ստացել ենք, միայն հուսանք նոր անակնկալներ չենք ստանա»:
Արմենուհի Մխոյան