Բաժիններ՝

Ստևո Պենդարովսկին հաղթանակ է տարել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում

Իշխող Սոցիալ-դեմոկրատական միությունից (ՍԴՄ) թեկնածու Ստեւո Պենդարովսկին հաղթում է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտնել է Պետական ընտրական հանձնաժողովը (ՊԸՀ): Պետության ղեկավարի ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 5-ին: ՊԸՀ-ի տվյալներով՝ ձայնի իրավունք ուներ ավելի քան 1,8 մլն քաղաքացի, որոնք քվեարկել են 3512 ընտրատեղամասում:

Վարչապետ եւ իշխող ՍԴՄ-ի առաջնորդ Զորան Զաեւն արդեն Պենդարովսկուն հայտարարել է նոր նախագահ եւ սկսել է կուսակիցների հետ տոնել հաղթանակը: Պենդարովսկին նույնպես հռչակել է իր հաղթանակը եւ հավաստել ՆԱՏՕ-ին արագորեն անդամակցելու ու ԵՄ-ին միանալու շուրջ բանակցություններ սկսելու ուղեգիծը: Երկրի ընտրական հանձնաժողովի նախագահ Օլիվեր Դերկոսկին հայտարարել է, որ ընտրողների կամաարտահայտումն ընթացել է առանց լուրջ խախտումների:

«Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն-Դեմոկրատական կուսակցություն հանուն մակեդոնական ազգային միասնության» խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունից թեկնածու Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան շնորհակալություն է հայտնել հանրապետության քաղաքացիներին ընտրություններում ցուցաբերած աջակցության համար եւ ընդունել կառավարող կուսակցությունից իր ընդդիմախոս Ստեւո Պենդարովսկու հաղթանակը: Այս հայտարարությամբ երկրում նախագահի պաշտոնի առաջին կին թեկնածուն հանդես է եկել մայիսի 5-ի երեկոյան կուսակցական շտաբում կայացած մամուլի ասուլիսում:

ՊԸՀ-ի տվյալների համաձայն, ընտրողների ձայների 95 տոկոսի հաշվումից հետո ընտրությունների երկրորդ փուլում Ստեւո Պենդարովսկին հավաքում է ձայների 52,02 տոկոսը, իսկ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան՝ 44,4 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս