«Ռուսաստանն ուզում է տարածաշրջանում իր ռազմական ներկայությունն ու ազդեցությունը մեծացնել». Ռուբեն Մեհրաբյան

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել Թուրքիային ՍՈՒ 57 կործանիչներ վաճառելու: ՍՈՒ 57-ը հինգերորդ սերնդի ռուսական բազմաֆունկցիոնալ կործանիչ է: Մոսկվան օրերս մտադրություն էր հայտնել ռուսական կործանիչներ ուղարկել նաև Հայաստան՝ ռուսական ռազմաբազայի ավիացիոն պարկը համալրելու համար: Այս դեպքում խոսքը  4++ սերնդի Սու 30ՍՄ 18 հատ բազմաֆունկցիոնալ կործանիչների մասին է:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը 168.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս երկու դեպքը ռազմավարության առումով փոխկապակցված են, քանի որ Ռուսաստանն ուզում է տարածաշրջանում իր ռազմական ներկայությունն ու ազդեցությունը մեծացնել.

«Այդ երկուսն իրար փոխլրացնում են, թեև տարբեր պատմություններ են, մի դեպքում՝ մի խնդիր են լուծում, մյուսում՝ այլ, բայց այդ խնդիրները փոխկապակցված են ռազմավարական մակարդակով»:

ՀՀ-ում ռուսական ռազմաբազան նոր կործանիչներով համալրումը, ըստ քաղաքագետի, էապես կուժեղացնի ռուսական ռազմական ներկայությունը մեր երկրում. «ՀՀ ինքնիշխանության տեսակետից, չեմ կարծում, որ դա լավ է, բայց մյուս կողմից էլ՝ դա նաև ՀՀ-ի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող ուժերի համար հոգեբանական մակարդակով որոշակի դեր կկատարի: Բայց որևէ հանրագումարում դա դրական չի Հայաստանի համար»:

Կարդացեք նաև

Հիշեցնելով օրերս «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների և Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի միջադեպը, երբ սահմանապահները թույլ չէին տվել նրան մտնել Հայաստան, քանի որ նա ՌԴ սև ցուցակում է, Ռ.Մեհրաբյանը նշեց, որ ռուսական այսչափ ներկայությունը մեր երկրում նախկին իշխանություններից մնացած, Հայաստանի համար խիստ վնասակար ժառանգության մի մասն է, որովհետև ՀՀ-ն մտել է ինչ-որ պարտավորությունների տակ, որոնք պարզապես նվաստացուցիչ են ՀՀ-ի համար.

«Ռուսները կարող են սահմանը հսկել, բայց դա չի նշանակում, որ մեզ են հսկում: Նրանք տարածքն են հսկում, թող բարի լինեն՝ կատարեն միայն դա: Կարծում եմ՝ ռուսներն անելիք ունեն սահմանին, բայց ոչ «Զվարթնոցում» ՀՀ հյուրերին անհանգստացնեն: Իսկ ոչ բարի նպատակներով ՀՀ այցելողներին ազգային անվտանգությունն ու ՀՀ սահմանապահ զորքերը ի վիճակի են հսկելու»:

Տեսանյութեր

Լրահոս