«Գազի սակագնի հետ կապված՝ ՀՀ և ՌԴ վարչապետները համաձայնության չեն հասել, ինչը վատ է Հայաստանի համար». Վարդան Բոստանջյան

ԱԺ նախկին պատգամավոր, տռնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով գազի սակագնին, նկատեց՝ գազի սակագնի բարձրացման առումով կա լարվածություն, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարի հայտարարվում էր, որ գազը չի թանկանալու։

«Գազը 15 դոլարով թանկացավ, որքան էլ այս թիվը փոքր հնչի, քաղաքացիների համար այն մեծ գումար է։ Բացի այդ, որքան էլ նոր իշխանություններն ասեն, որ այն սպառողի վրա նշանակություն չի ունենալու, այդուհանդերձ, այն իրական իրավիճակը չի արտացոլում, քանի որ մեզ արդեն հայտնի է, որ «Գազպրոմ Արմենիան» կարծեք թե դժվարությամբ, բայց որոնումների մեջ է՝ այս ծանրաբեռնվածությունը վերցնի՞ իր վրա, թե՞ ոչ։ Դասական իմաստով տնտեսագիտության մեջ նման հասկացություն չկա, որ տնտեսվարող սուբյեկտը՝ պայմանավորված շուկայի դժվարություններով, ծանր բեռը վերցնի իր վրա, հաջորդ քայլին նա չի կարողանալու գործունեություն ծավալել»,- նշեց Վարդան Բոստանջյանը։

Նա նաև ընդգծեց, որ գազի սակագնի հետ կապված՝ չկա պայմանագիր, որպեսզի հասկանալի լինի, թե առաջիկա մի քանի տարիների ընթացքում որքան պետք է վճարվի գազի գնի համար։

Նրա կարծիքով՝ այս հարցի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները որևէ համաձայնության չեն հասել, ինչը Հայաստանի համար լավ չէ։

Կարդացեք նաև

«Ամեն վայրկյան տվյալ տիրույթում կարող են տեղի ունենալ փոփոխություններ՝ ի վնաս մեզ։ Չեմ ուզում այդպես մտածել, բայց ամեն ինչ հնարավոր է, այսինքն՝ կարող են առաջնորդվել գազի իրացման միջազգային գներով, որը շատ ավելի բարձր է, քան այսօր մեզ մատակարարվող գազի գինը»,- ասաց տնտեսագետը։

Նա նաև հավելեց, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ՝ որպես գործընկերոջ, չունի վստահության մեծ պաշար, որով էլ պայմանավորված՝ հնարավոր է առևտրաշրջանառության ծավալների փոքրացում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս