Բաժիններ՝

Երբ փորձում են հերքել անհերքելին. գործով  զբաղվեք

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»` անդրադառնալով «168 Ժամ» օրաթերթում տպագրված «Ո՞ւր է բյուջեի 900 մլն դոլարը. սա է ստվերի դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարի արդյունքը» հրապարակմանը` իբրև թե փորձել է «խեղաթյուրումներ» գտնել մեր ասածներում և դա ներկայացնել՝ որպես «ապատեղեկատվություն»։

Ավելին, Ֆինանսների նախարարությունն ու նշյալ ՊՈԱԿ-ն ու իրենց արբանյակ կառույցներն ու անձինք սոցիալական ցանցերի բոլոր հնարավոր միջոցներով տարածում են՝ ցույց տալով, իբրև գործ են անում։

Իրականում այն, ինչ փորձ է արվել ներկայացնել՝ որպես «խեղաթյուրում», ամբողջությամբ բխում է կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարարի արած հայտարարությունների տրամաբանությունից։ Ու բոլորովին պարտադիր չէ, որ հրապարակման մեջ օգտագործվեին նույն բառերն ու բառակապակցությունները, որոնք կիրառում են մասնագետները։ Երևույթը դրանից ոչ մի կերպ չի փոխվում։

Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է, բերենք բառացի մի հատված կառավարության ապրիլի 18-ի նիստից։

Ի դեպ, տեղեկացնենք, որ այդ նիստը տեղի է ունեցել ոչ թե 2018թ. ապրիլի 18-ին, ինչպես նշված է ներկայացված, այսպես կոչված, պարզաբանման մեջ, այլ 2019թ. ապրիլի 18-ին։

Այսպես.

Ֆինանսների նախարար. – Մենք առավելագույնս մեր հավաքվող եկամուտները պետք է մոտեցնենք մեր հարկային պոտենցիալին կամ պետք է համաձայնենք, որ չունենք ստվեր, չունենք որևէ խնդիր։

Վարչապետ. – Ինչքա՞ն եք գնահատել հարկային պոտենցիալը։

Ֆինանսների նախարար. – 2018թ. համար մոտավորապես 438 մլրդ դրամ ավելի պակաս է մեր գնահատականով, քան թե մենք փաստացի հավաքել ենք։

 Վարչապետ.– Էդ արտոնությունների մասը չէ՞։

Ֆինանսների նախարար. – Հանած արտոնությունների մասը, դա չհաշված։

Վարչապետ. – Ինչքա՞ն։

Ֆինանսների նախարար. – 438 միլիարդ….

Վարչապետ. – Այսինքն, կներեք, որպեսզի հանրությանը պարզ լինի, էսօր պիտի մեր բյուջեի եկամտային մասը մոտավորապես 400 միլիարդով ավել լիներ, քան է՞։

Ֆինանսների նախարար. – 2018թ. համար է գնահատականը տրված, որովհետև ցուցանիշները հայտնի էր 2018թ. համար։ Էսօր միգուցե և ավելին պիտի լիներ, քան թե սպասում ենք։

Այսքանից հետո անհասկանալի է բարձրացված աղմուկը։ Իսկ եթե խնդիրն այն է, որ հրապարակման մեջ «գնահատականի» փոխարեն՝ օգտագործվել է «հաշվարկը»` «Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ անցած տարի պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար։ Ո՞ւր է այդ գումարը», բնավ պետք չէ զարմանալ կամ մեծ ողբերգություն սարքել. բնական չէ՞, որ գնահատականն առանց հաշվարկի չի լինում։ Իսկ եթե այդպես է եղել, ուրեմն ավելի վատ։

Եվ, ի վերջո, մի՞թե ամբողջ մեր հրապարակման մեջ դա էր կարևորը, կամ թե ի՞նչը, ինչպե՞ս ասաց Ֆինանսների նախարարը։

Նորությո՞ւն է, որ Հայաստանի տնտեսության մեջ ահռելի ստվեր կա։ Խոսքը մի երևույթի մասին է, որի հետևանքով բյուջեն հսկայական գումարներ չի ստանում։ Թերևս դա է պատճառը, որ Հայաստանում հարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում այդքան ցածր է։ Արդեն տևական ժամանակ այն պտտվում է 20-22 տոկոսի միջակայքում և չի կարողանում դուրս գա դրանից։

«Որ Հայաստանում ահռելի ստվեր կա, այդ մասին, կարծում եմ, նույնիսկ կարիք չկա խոսելու։ Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանում ստվերը գնահատում է մոտ 40 տոկոս, դա երևի շատ մոտ է իրականությանը»,- այս հայտարարությունը փետրվարի 2-ին Ազգային ժողովում արել է Նիկոլ Փաշինյանը։

Ու եթե հիմք ընդունենք վարչապետի ասածները և ԱՄՀ գնահատականը, ապա Հայաստանի տնտեսության ստվերում անհետացող գումարը շատ ավելին կլինի, քան մեր նշած 900 մլն դոլարն է։ Ահա այս մասին է պետք մտածել։ Եվ ոչ մի նշանակություն չունի՝ դա կապված է վարչարարությա՞ն, թե՞ օրենսդրության բացերի ու սողանցքների հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Խմբագրի կողմից. Այս կասկածելի գործառույթներով ՊՈԱԿ-ը, որը ստեղծվել է վարչապետ Փաշինյանի աշխատակազմի, անձամբ՝ Էդուարդ Աղաջանյանի կողմից, բյուջեի միջոցներով է գործունեություն ծավալում, և բոլորն այն հեգնանքով կոչում են «ճշտի» ու «ստի»  նախարարություն, իրեն վերապահել է մեդիագրագիտություն տարածողի, կեղծ տեղեկատվության դեմ պայքարողի ֆունկցիա, որն առնվազն տարակուսելի է։

Մամուլում բազմիցս գրվել է նաև այն մասին, որ այդպիսով խախտվում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, որով լրատվական գործունեության իրականացում նախատեսված չէ: Առաջիկայում կներկայացնենք, թե նման գործունեության, այն էլ՝ կիսագրագետ ու անորակ աշխատանքի համար պետական բյուջեից որքան գումար է հատկացվում այդ ՊՈԱԿ-ին և նշյալ կենտրոնին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս