Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները չեն համընկնում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների տրամաբանությանը

Նիկոլ Փաշինյանը կաշվից դուրս է գալիս՝ ցույց տալու, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն առավել քան լավ են։ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երևանում հանդիպելով ՌԴ իր գործընկերոջ հետ՝ վարչապետը հայտարարեց, որ՝ ի հեճուկս հոռետեսների, առաջիկայում դրանք ավելի են լավանալու. «Ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի»։

Այդպես կլինի՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի նման տպավորություն ստեղծել, այնպես չէ, որ այս պահին հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ հարթ է ընթանում։
Խոսքը վերաբերում է, մասնավորապես, տնտեսական հատվածին։ Որքան էլ թվում է, թե իշխանափոխությունից հետո այս ոլորտում արտառոց ոչինչ չի եղել, այնուհանդերձ իրականությունը բոլորովին այլ է։ Հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում պասիվացումը դժվար է թաքցնել։

Դա արտահայտվում է առաջին հերթին՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունների կրճատման տեսքով։ Այստեղ պասիվացում սկսեց դրսևորվել իշխանափոխությունից հետո։ Սակայն դա առավել քան խորացավ այս տարվա սկզբին։ Առևտուրը ոչ միայն դադարել է ավելանալ, այլև մի բան էլ կրճատվել է, ինչը վերջին երկու-երեք տարիների կտրվածքով արտառոց երևույթ է։

Պատկերացնելու համար՝ ասենք, որ անցած տարվա սկզբին երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը հասնում էր ընդհուպ մինչև 29 տոկոսի։

Իշխանափոխությունից հետ աճի տեմպն աստիճանաբար նվազեց և արդեն տարեվերջին կազմեց ընդամենը 11 տոկոս։

Արդեն ընթացիկ տարին մեկնարկեց առևտրաշրջանառությունների անկմամբ։ Ընդ որում, դա արտահայտվեց՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման տեսքով։

Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանից ռուսական շուկա է առաքվել 82,5 մլն դոլարի ապրանք։ Մատակարարումները 3,6 տոկոսով պակաս են եղել նախորդ տարվանից։

ԵԱՏՄ-ում Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, և առկա իրավիճակն իսկապես մտահոգիչ է։ Հատկապես որ, ռուսական շուկայի մատակարարումները որևէ կերպ կապված չեն հանքարդյունաբերության հետ, ինչը վերջին շրջանում դարձել է տնտեսական գործընթացներն արդարացնելու՝ իշխանությունների հիմնական կռվանը։

Պետք է ենթադրել, որ ռուսական շուկա արտահանման ծավալների նվազումն առաջին հերթին՝ Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող ոչ նպաստավոր զարգացումների հետևանք է։ Այդպես մտածելու համար, անշուշտ, բավարար հիմքեր կան։ Տարեսկզբին Հայաստանի տնտեսությունը և, հատկապես, արտահանելի հատվածը չի փայլում բարձր ակտիվությամբ։ Խոսքը, մասնավորապես, արդյունաբերության և գյուղատնտեսության մասին է։ Առաջինում` եռամսյակի արդյունքներով, արձանագրվել է ընդամենը 2 տոկոս աճ, երկրորդում` 0,2 տոկոս նվազում։

Չի բացառվում, որ վերստին սկսել են զգացնել տալ նաև արտահանման հետ կապված խոչընդոտները և ռուսական շուկայից թելադրված խնդիրները։ Որքան էլ տարօրինակ է, արտահանման նվազումն ուղեկցվել է նաև ներմուծման պասիվացմամբ։

Նման միտում հայ-ռուսական առևտրային հարաբերություններում սովորաբար նկատվում է ճգնաժամային փուլերում։ Այս անգամ կարծես իրավիճակն այդպիսին չէ, բայց ներմուծումը տարեսկզբին նվազել է 7 տոկոսով։ Ընդ որում, դա տեղի է ունեցել ներկրվող ռուսական գազի գնի բարձրացման պայմաններում։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարից կապույտ վառելիքը Հայաստանի համար թանկացել է 15 դոլարով, ինչը տարվա կտրվածքով ենթադրում է ներմուծման լրացուցիչ 30 մլն դոլարի աճ։

Ու չնայած երեք տարվա ընդմիջումից հետո տարեսկզբից ռուսական գազը Հայաստանին վաճառվում է 10 տոկոս բարձր գնով, այնուհանդերձ այս պահին հայ-ռուսական գազային հարաբերություններում անորոշ իրավիճակ է, չկա երկարաժամկետ պայմանագիր գազի մատակարարումների և գնի վերաբերյալ։ Նախորդ եռամյա պայմանագիրը, ինչը հնարավորություն տվեց ոչ միայն խուսափել ներմուծան թանկացումից, այլև գինը նույնիսկ նվազեց, ավարտվել է անցած տարվա վերջին։ Նորը դեռևս չի ստորագրվել։

Կառավարությունը մտադրություն ունի առաջիկայում ստորագրել երկարաժամկետ պայմանագիր։ Թեև հասկանալի է, որ առաջնայինը ոչ այնքան պայմանագրի ժամկետն է, որքան գազի գինը։ Ներմուծման թանկացման պայմաններում հաջողվեց ժամանակավորապես խուսափել ներքին սակագների բարձրացումից։ Բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծված է։

Որքան էլ Հայաստանի գազամատակարար ընկերությունը կարծես պարտավորվել է առայժմ ստանձնել լրացուցիչ ծախսերի բեռը, այնուհանդերձ ենթադրվում է, որ արդեն հաջորդ տարվա համար վերջինս հանդես կգա սակագները բարձրացնելու նախաձեռնությամբ։

«Գազպրոմ Արմենիայում» ընթացող օպտիմալացման պրոցեսները, այդ թվում` սպասվող շուրջ 1000 աշխատողի կրճատումը, անշուշտ, թույլ կտան որոշ խնայողություններ անել։

Բայց հազիվ թե դրանով հաջողվի կրել գազի ներմուծման թանկացման ամբողջ բեռը։ Հատկապես որ, չի բացառվում հաջորդ տարվանից ներմուծման նոր թանկացման հավանականությունը։ Ակնկալվում է, որ այդ հարցում որոշակի հստակություն կմտնի տարվա երկրորդ կեսին սպասվող ներպետական խորհրդակցությունների ժամանակ։

Հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում լուրջ սառնություն է նկատվում ներդրումային դաշտում։ Ռուսական կապիտալի հոսքերը, որոնք ապահովում էին մեծամասամբ այս երկրում տնտեսական գործունեություն իրականացնող հայազգի գործարարները, գրեթե իսպառ դադարել են։

Սա յուրահատուկ վերաբերմունք է Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ, ինչն ունի նաև իր պատճառները։ Չնայած իշխանափոխությունից մեկ տարի է անցել, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության նկատմամբ վստահության լուրջ վակուում կա։

Ու որքան էլ վարչապետը փորձի տպավորություն ստեղծել, որ Ռուսաստանի իշխանությունների հետ բարիդրացիական և ջերմ հարաբերություններ է հաստատել, փաստն այն է, որ ռուսական կապիտալի պասիվացումը ոչ միայն ռուսաստանյան հայ գործարարների, այլև ՌԴ իշխանությունների ուղղակի պատասխանն է Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս