Հայաստանում որևէ մեկը չի կարող տնտեսական նպատակներ հետապնդելով շահարկել իր քաղաքական ազդեցությունը. Փաշինյան
Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք առնչվում են հասարակության կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։ Հայաստանի կառավարությունն իրականացնում է մասշտաբային բարեփոխումներ, որոնց նպատակն, անշուշտ, մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է, որն հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստին իր ելույթում:
«Վերջին տարվա ընթացքում մենք կարողացանք էական արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում, բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման և անկախ դատական իշխանության ամրապնդման հարցում։ Մեզ հաջողվեց նվազագույնին հասցնել արհեստական մոնոպոլիաների և օլիգոպոլիաների գործունեությունը։ Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող տնտեսական նպատակներ հետապնդելով շահարկել իր քաղաքական ազդեցությունը կամ ազդեցության այլ լծակներ»,- ընդգծել է Փաշինյանը:
Նա նկատել է, որ սա իր հերթին առողջացրել է երկրի տնտեսական և քաղաքական միջավայրը, նաև՝ հասարակության բարոյական մթնոլորտն առհասարակ։
Վարչապետը ներկայացրել է, որ գործուն միջոցառումներ են իրականացվել ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։ Իրականացվում են արմատական բարեփոխումներ հարկային համակարգում և հարկային վարչարարության մեջ։ «Մենք նաև օպտիմալացում ենք իրականացնում պետական կառավարման համակարգում՝ ուղղված կառավարության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Բոլոր այս քայլերն ուղղված են մեր քաղաքացիների ստեղծագործական, մտավոր և գործնական ներուժի իրացմանը և արտասահմանյան ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը»,-ասել է նա:
Հայաստանն այսօր դինամիկ զարգացող երկիր է, որին բնորոշ են քաղաքական կայունությունը և կանխատեսելիությունը։ Կառավարման պառլամենտական համակարգի պայմաններում բարձրացել են կառավարության հաշվետվողականության և գործունեության թափանցիկության մակարդակը։ Փաշինյանն ակնհայտ է համարել զսպողության և հակակշիռների համակարգի ավելի արդյունավետ գործունեությունը։
Այս ամենը տեղի է ունենում երկրում դեմոկրատական առավել հասուն ինստիտուտների ձևավորման, քաղաքացիական հասարակության և հիմնական ազատությունների առկայության ֆոնին։
«Մեր կառավարությունն այսօր ունի լեգիտիմության բարձր աստիճան և հանրային վստահության աննախադեպ մակարդակ։ Սա մեծապես պարտավորեցնող է, բայց միևնույն ժամանակ ոգեշնչում է համարձակ քայլերի և անձնազոհ աշխատանքի՝ ի նպաստ մեր ազգի և երկրի»,- ընդգծել է նա: