«Վարչապետի նշած 50.000 աշխատատեղերը, որը, պարզվեց, ստվերից դուրս բերված աշխատատեղեր են՝ անհաջող մանիպուլյացիա էր». Գագիկ Մինասյան

Քաղաքական գործիչը չի կարող լինել այնպիսին, որ թաքնվի ժողովրդի թիկունքում և հայտարարի, որ կան պարտվողականից մինչև հաղթող տարբերակները, և ժողովուրդը կարող է ընտրել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ցանկալի կլիներ, որ հստակ ձևակերպվեր՝ Արցախի հարցի լուծումն ինչպե՞ս է տեսնում ժողովուրդը։

Հիշեցնենք, որ նման կարծիք վարչապետը հայտնել էր ԵՊՀ-ում՝ տնտեսագետների հետ հանդիպման ժամանակ։

«Ընդունված է, որ ցանկացած երկրի ղեկավար ինքն է հանդես գալիս հանրության առաջ և ներկայացնում խնդրի լուծման հետ կապված իր տարբերակները։ Այս ամենը խոսում է մի բանի մասին, որ մենք գործ ունենք մի քաղաքական գործչի հետ, որը պատրաստ է նույնիսկ մինչև իր պարտությունը՝ պահպանել սեփական տեսակետները»,- նշեց Գագիկ Մինասյանը։

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե Հայաստանում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ, Գագիկ Մինասյանը նախ նկատեց, որ այն կազմում է հայաստանյան աշխատաշուկայի 10 տոկոսը, ապա հավելեց. «Հետո վարչապետը հայտարարեց, թե 50.000 աշխատատեղ ստվերից դուրս է բերվել, այլ ոչ թե նոր են ստեղծել, իմ կարծիքով՝ սա անհաջող մանիպուլյացիա էր»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս