Բաժիններ՝

«Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կարևոր վկաներից շատերին թաքուն հանդիպում է և ուղղորդում». Նուբարաշենի դանակահարության գործով մեղադրյալի եղբայր

Քննչական կոմիտեն վերաբացել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ 2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործը: Կա չորս մեղադրյալ:

5 տարի առաջ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով դանակահարված Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից:

Ի դեպ, դեպքից հետո Նուբարաշենի բնակչուհի Սմբուլ Հովհաննիսյանը բազմիցս հայտարարել էր, որ այդ տարիներին Երևանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իրեն առաջարկել է գործարքի գնալ և այդ վիճաբանությանը ներկա իր որդու ՝ Սարգիս Հովհաննիսյանի ուսերին բարդել դանակահարությունը։ Այսօր արդեն լրագրողների հետ զրույցում Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, ներկայացնում է գործի բոլոր մանրամասները։

«Գործի վերաբացման համար հիմք են հանդիսացել նոր երևան եկած հանգամանքները, ինչը ես մեծ կասկածի տակ եմ դնում։ Եթե դեպքի վայրում գտնվեն հինգից վեց մարդ, որոնք գնան նախնական ցուցոմունք տան-միաբերան նշեն, որ այսինչ մարդն է, անցնում է որոշ ժամանակ, նրանք խառնաշփոթ են ստեղծում, թե՝ չենք հիշում, և այլն… իրարամերժ ցուցմունքներ, որպեսզի գործն անընդհատ երկարի»,- թեմային անդրադառնալով՝ նշեց Սամվել Հովհաննիսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ 5 տարվա վաղեմության գործը վերաբացվելուց հետո փոխվել է իր կրտսեր եղբոր կարգավիճակը՝ վկայից դարձել է մեղադրյալ:

168.am-ը Հովհաննիսյանից ճշտեց՝ արդյոք ինքը ենթադրում է, որ գործն ուղղորդվո՞ւմ է, ի պատասխան՝ Հովհաննիսյանը բացեց փակագծերը.

«2014 թվականից ի վեր Վալերիյ Օսիպյանը կարևոր վկաներից ահագին մարդկանց հետ թաքուն հանդիպում է, և հորդորում է, որպեսզի նրանք ասեն, թե ինչ ասեն, և այլն, և այլն»։

Գործով արդեն մեղադրյալի եղբայրը նաև ներկայացրեց մի քանի ցուցմունքներ ու Օսիպյանի հետ առանձնազրույցներից մի քանի պատառիկներ։

«Սամվել, ես Օսիպյան Վալերին եմ, Երևանի Ոստիկանության վարչությունում եմ աշխատում, կարո՞ղ ես գալ, տղավարի խոսելու բան կա»,- պատմում է Սամվել Հովհաննիսյանը և հավելում, որ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետն առաջարկել է, որպեսզի Սարգիս Հովհաննիսյանն իր վրա վերցնի դանակահարությունը, և որ այդ կերպ ՀՀ ոստիկանապետը կկարողանա Սարգիսին օգնել, որովհետև, եթե եղբորորդուն օգներ՝ այն կդիտարկվեր՝ որպես խտրական վերաբերմունք։

Հովհաննիսյանը ներկաներին տեղեկացնում է նաև, որ առ այսօր իրավասու մարմիններին չի տրամադրել Օսիպյանի հետ հեռախոսազրույցների 9 րոպե 27 վայրկյան տևողությամբ ձայնագրությունը և դա կանի միայն դատավարության ժամանակ։

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն առ այսօր տարբեր առիթներով անդրադառնալով թեմային՝ հերքում է այն պնդումները, թե ինքն ազդեցություն ունի այդ գործի վրա, իսկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում պնդել է, որ վստահ է՝ եղբոր որդին չի դանակահարողը։

Նշենք, որ Վալերի Օսիպյանի եղբորորդին մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեջ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Այս նույն գործի շրջանակներում ևս 3 մեղադրյալ կա. Սարգիս Հովհաննիսյանը, Վիգեն և Վանուշ Ալեքսանյանները: Նրանք մեղադրվում են ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս