«Ադրբեջանը պետք է վերաձևավորվի». Գառնիկ Ասատրյան
«Քանի դեռ պետությունների միջև կան քաղաքական շահեր, նկրտումներ, կլինի նաև ցեղասպանություն: Ցեղասպանությունը միայն ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը չէ, այն նաև դեպորտացիան է, երբ ժողովրդին ստիպում են հեռանալ, բռնի ձուլումն է, մշակույթից զրկումը»,- Սլավոնական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում կայացած «Ցեղասպանական քաղաքականություն. Մերձավոր Արևելք, Աֆղանստան, Անդրկովկաս» թեմայով կլոր սեղան-քննարկման շրջանակներում ասաց Սլավոնական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, իրանագետ Գառնիկ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ ցեղասպանությունը ոչ մի ձևով հնարավոր չէ կանխել, ուղղակի նախապես պետք է իմանալ դրա մասին, նախազգուշական միջոցներ ձեռնարկել:
«Ամեն ժողովուրդ ինքը պետք է իր ապագայի ու ճակատագրի հանդեպ շահագրգիռ մոտեցում ունենա, մշակի մեխանիզմներ՝ իրեն ապահովագրելու նմանօրինակ երևույթներից: Ինձ համար ոչ այնքան միջազգային ճանաչումը, այլ հատուցումն է կարևոր: Այսօր որոշակի քաղաքականություն պետք է մշակել, որ դա դառնա հայեցակարգային դրույթ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն պետք է վերաձևավորվի, վերակազմավորվի, այդ ուղղությամբ պետք է աշխատել: Վերաձևավորվել նշանակում է՝ այդ պետության տարածքում պետք է ստեղծվեն մի քանի պետական կազմավորումներ»,- եզրափակեց Գառնիկ Ասատրյանը:
Անի Կարապետյան