ԱՄՆ-Իրան հակամարտության օղակը՝ Հայաստանի շուրջ
Գրեթե մեկ տարի առաջ ԱՄՆ-Իրան հարաբերություններում բարձրացած լարվածության նոր ալիքը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս 2015թ. ստորագրված Իրանի հետ միջուկային համաձայնագրից, լուրջ հետք է թողել նաև հայ-իրանական հարաբերությունների վրա։
Այն ակնհայտ է հատկապես ֆինանսաբանկային ոլորտում, որտեղ մեծ է ԱՄՆ-ի և ԱՄՀ-ի ճնշումը: Իրանի Կենտրոնական բանկը և ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ընդգրկված իրանական այլ իրավաբանական անձինք հանվել են տեղեկատվության փոխանցման և վճարումների իրականացման SWIFT միջազգային միջբանկային համակարգից:
Նախորդ տարվա նոյեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իրանական «Մելլաթ» բանկը ներառեց ամերիկյան պատժամիջոցների ցանկում։ Եվ արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանում Իրանի կազմակերպություններն ու քաղաքացիները, այդ թվում՝ նաև իրանահայերը, չեն կարողանում դրամական փոխանցումներ կատարել և գումար ստանալ հայկական բանկերի միջոցով: Օրինակ՝ HSBC-ն, «Ինեկոբանկը» և այլ, մերժում են որևէ գործարք «Մելլաթ» բանկի հետ, և միայն եզակի բանկեր, օրինակ՝ «Արմսվիսբանկը», փոխանցումներ իրականացնում է։
«168 Ժամը» ՀՀ Կենտրոնական բանկից (ԿԲ) հետաքրքրվեց՝ ներկայումս իրանական «Մելլաթ» բանկն ի՞նչ խնդիրներ ունի մեր երկրում, ԿԲ-ն ինչպե՞ս է մեկնաբանում տեղեկությունները, որ ՀՀ-ում «Մելլաթը» հայտնվել է բլոկադայի մեջ, և հայկական մյուս բանկերը չեն համագործակցում նրա հետ, Իրանը դժգոհություն հայտնե՞լ է բանկի ունեցած դժվարությունների կապակցությամբ։ Նաև հետաքրքրվեցինք, թե այս իրադրությունն արդյոք կապ ունի՞ անցած տարեվերջին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցի հետ։
Ի պատասխան մեր հարցման՝ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացրեցին, որ «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և ՀՀ տարածքում գործող բանկ, որն իրավունք ունի իրականացնել ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերին բնորոշ գործարքները։
«ՀՀ ԿԲ-ն իր որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի սահմանափակել «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի կողմից բանկային ծառայությունների մատուցումը: ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը միմյանց միջև համագործակցությունը պայմանավորում են՝ ըստ իրենց բիզնես նպատակահարմարության և ռազմավարական ծրագրով նախատեսված ուղղությունների»,- հայտնեցին ԿԲ-ից։
ՀՀ Կենտրոնական բանկն Իրանի բանկային ոլորտը կարգավորող մարմինների հետ ունի համագործակցության համաձայնագրեր։ ԿԲ-ի համաձայն՝ վերջիններիս հետ նման խնդիրների առկայություն չի արձանագրվել:
Մեր վերջին հարցի հետ կապված՝ Կենտրոնական բանկը նշել է, որ որևէ նման տեղեկատվություն առկա չէ։ Պաշտոնական այս հավաստիացումները, սակայն, գործարարների հոգսերը չեն թեթևացնում։
Արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության հիմնադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը «168 Ժամին» տեղեկացրեց, որ գործարարների համար բավականին բարդ իրավիճակ է.
«Իրանական այն կազմակերպությունները, որոնք առնչություն ունեն ՀՀ-ի հետ ու աշխատում են այստեղ, «Մելլաթում» հաշիվ են բացում, և մենք իրենց ծառայությունների դիմաց վճարում ենք դրամով։ Բայց ոչ բոլոր բանկերն են դրամով փոխանցումներ անում։ Լսում են «Մելլաթի» անունը և հրաժարվում են, թեև պաշտոնական արգելք, կարծես, չկա։ Ես չգիտեմ՝ ինչն է իրենց խանգարում։ Եթե ՀՀ-ում գրանցված կազմակերպություն են, ՀՀ հարկատու են, ՀՀ դրամով մեկ այլ կազմակերպության փող չվճարելը, անկախ նրանից, թե ովքեր են դրա սեփականատերերը, դա անթույլատրելի է»։
Ըստ նրա՝ լուրջ խնդիր է դարձել նավթարդյունաբերության հետ կապ ունեցող անգամ պարզագույն ապրանքների, օրինակ՝ պլաստիկ տարաների ձեռքբերումն Իրանից, հատկապես՝ կանխիկի շրջանառությունը մեր երկրում վաղուց սահմանափակվել է. «Դա լուրջ խոչընդոտ է տնտեսական զարգացման համար։ Տրանսպորտային առումով Իրանը մեզ համար պատուհան է դեպի աշխարհ։ Դրանից զրկվելու իրավունք մենք չունենք՝ անկախ նրանից, թե դա ինչքան է խանգարում այլ երկրների շահերին։ Մեր շահերը պահանջում են ունենալ բարիդրացիական հարաբերություններ կարևոր հարևանի հետ։
Հատկապես Հայաստանի համար մի քիչ աբսուրդ է։ Օրինակ՝ Չինաստանից իրանական Բենդեր Աբբաս նավահանգիստ և այնտեղից մինչև Երևան կոնտեյների փոխադրման համար մենք մի՞թե պետք է վճարելու հետ կապված բարդություն ստեղծենք իրանական ընկերությունների համար։ Դա տնտեսապես շահավե՞տ է։ Հազիվ մի դարպաս ունենք»։