Նախկին և ներկա պաշտոնյաներ, երգիչներ, դերասաններ կանչվում են ՔԿ՝ հարցաքննության

Բարձրաստիճան նախկին և ներկա մի շարք պաշտոնյաներ, հայտնի երգիչներ ու պետական ծառայողներ այս օրերին կանչվում են ՀՀ Քննչական կոմիտե (ՔԿ)՝ հարցաքննության՝ բնակարանների ապօրինի ձեռքբերման կասկածանքով:

ՔԿ ծանր հանցագործությունների վարչությունում քրեական գործ է հարուցվել նախկին իշխանությունների կառավարման տարիներին սոցիալական բնակարանային ծրագրով կառուցված բնակարանների և հողերի իրացման գործով:

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հարցաքննության կանչված անձանց մեջ է եղել նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը, ով այս ծրագրի գլխավոր կոորդինատորն է համարվում:

Հիշեցնենք, ՀՀԿ-ական նախկին փոխնախարարին էր վստահված իրականացնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրով նախատեսված «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» և «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային բնակարանաշինական ծրագրերը՝ «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» հ/կ միջոցով:

Հիշեցնենք նաև, որ սոցիալական բնակարանաշինական այս ծրագրի սկիզբը դրվել է դեռևս 2007թ. փետրվարի 1-ին՝ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» նախագծի մեկնարկով, երբ Արսեն Քարամյանը դեռևս ԵՊՀ պրոռեկտոր էր, հանդիսանում էր նաև «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» հ/կ ղեկավարը: Բնակարանաշինական ծրագրի իրականացման շրջանում և մինչ օրս ԵՊՀ «Շրջանավարտների միավորում» հ/կ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ իրավապահների դիտակետում միայն հիշատակված ծրագրերը չեն, հարուցված քրեական գործով հարցաքննության են կանչվում նաև հեղափոխությունից առաջ ձեռնարկված և ներկայիս իշխանության օրոք կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի հայտատուները, այս ծրագրում ևս հայտնաբերվել են կասկածելի մի շարք գործարքներ:

Նշված երեք ծրագրերում իրավապահները հայտնաբերել են ներգրավված մեծաթիվ անձանց, որոնք ոչ մի կապ չունեն պետական նպատակային ծրագրի չափանիշերի հետ, սակայն նախագիծն իրականացնող անձանց կողմից համարվել են շահառուներ:

«Յանս» ակումբի մի շարք աշխատակիցներ, նախկին պատգամավորներ և ՊԵԿ պաշտոնյաներ կանչվում են ՔԿ՝ բացատրություն տալու, թե ինչպե՞ս են հայտնվել Ծարավ Աղբյուր թաղամասում երիտասարդ մասնագետների համար կառուցված նորակառույցների սեփականատերերի ցանկում:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հաստատեց մեր ունեցած ողջ տեղեկությունը՝ նշելով, որ գործով մեղադրվող անձ դեռևս չկա, իսկ Արսեն Քարամյանը կանչվել է հարցաքննության՝ վկայի կարգավիճակով:

«2019թ. փետրվարի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, ՀՀ կառավարության 2017 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 1722-Ա որոշմամբ, ուղղակի վաճառքի ձևով օտարելու գործընթացում պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ առգրավվել են բնակարան ձեռք բերելու համար դիմած անձանց դիմումները, փաստաթղթեր, պայմանագրեր, որոնք, մեծածավալ լինելու պատճառով, դեռևս գտնվում են զննման փուլում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն»,- պարզաբանեց Նաիրա Հարությունյանը:

Սյուզի Բադոյան

Հ.Գ. Մեր տեղեկություններով՝ այս գործով մեղադրվող անձանց շարքում, հնարավոր է, հայտնվեն նաև ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակիցներ, որոնք եղել են հոգաբարձուների խորհրդի կազմում և անուղղակիորեն պատասխանատվություն են կրում ծրագրով՝ մի շարք խախտումներով կնքված գործարքների համար:

Հ.Հ.Գ. Հրապարակումը պատրաստելիս լրագրողը փորձել է կապ հաստատել Արսեն Քարամյանի հետ, սակայն հեռախոսազանգն անպատասխան է մնացել։ Մեր հրապարակումից հետո Արսեն Քարամյանը, դիմելով խմբագիր Սաթիկ Սեյրանյանին, որոշ պարզաբանումներ է ներկայացրել, որոնք ներկայացնում ենք ստորև։ Գրառման անձնավորված հատվածները թողնում ենք ֆեյսբուքյան տարածքում, իսկ բուն նյութին առնչվող պարզաբանումները ներկայացնում ենք։

«1. Մեր բնակարանաշինական ծրագրերը երբևէ պետական նպատակային ծրագրեր չեն եղել։

2. Դրանք մեր կազմակերպության հեղինակային ծրագրերն են, և որևէ մեկը նախկին փոխնախարարին՝ ի դեմս ինձ, այդ առումով որևէ բան չի վստահել։ Դեռ ավելին, ես եմ իմ փորձառությունը որոշակիորեն ի սպաս դրել դեռևս 2010 թ. հունվարի 29-ի կառավարության որոշմամբ ընդունված մեկ այլ, հատուկ կրկնում եմ, մեկ այլ ծրագրի՝ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի ընդունմանը՝ համահեղինակությամբ Վաչե Գաբրիելյանի, Վարդան Արամյանի և այլ անձանց։

3. «168 Ժամի» աղբյուրներին պետք չէր անհանգստացնել՝ իմանալու համար՝ ես հարցաքննվել եմ, թե ոչ։ Այդ մասին ինքս, առնվազն 5-6 շաբաթ առաջ առիթ եմ ունեցել հրապարակային հայտարարելու։

4. Պետծառայողներին ուղղված և ներկայումս հաջողությամբ ընթացող ծրագրի ապրոբացիան կատարվել է մեր միջոցով՝ երբ մենք մի ամբողջ մասնաշենք հատկացրեցինք ՊԵԿ-ի աշխատակիցներին։

5. Մեր բոլոր ծրագրերի մասն են կազմում ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նկարիչներ, քանդակագործներ, դերասաններ, գրողներ, երգիչ-երգչուհիներ, ռեժիսորներ, երգահաններ։ Նրանց մեջ, այո կան մարդիկ, ովքեր աշխատում են ամենատարբեր հաստատություններում ու ակումբներում։

6. Հողերի օտարման գործընթացի կազմակերպման շուրջ կատարվող հարցադրումների հասցեատերը մենք չենք։

7. Կենտրոնական բանկի որևէ ներկայացուցիչ կամ աշխատակից ներգրավված չէ մեր կազմակերպության որոշումների ընդունման գործընթացում։ Հետևաբար՝ Ձեր աղբյուրներն այդ մասով որևէ փաստարկված տեղեկատվությամբ Ձեզ օգտակար լինել չեն կարող։

Հ.Գ. Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմում մեզ, մեր ծրագրերին մասնակցելու խնդրանքով։ Ցավոք, այս պահին թափուր տեղեր չկան, ինչի պատճառով մերժում ենք մասնակցության հայտերի ընդունումը։ Այդ քաղաքացիների մեջ կան նաև լրագրողներ, որոնց տրվում է նույն պատասխանը։ Չեմ ուզում մտածել, որ մերժում ենք ապագայում համանման նյութերի հնարավոր հեղինակների։

Իսկ մերժման համար հայցում եմ բոլորի ներողամտությունը»։

Տեսանյութեր

Լրահոս